Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ-ներկայացում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ «Քեզ համար Ազնավուր» խորագրով: Այս մասին հոկտեմբերի 8-ին մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նա ասաց, որ համերգը նախապես էր ծրագրված, պետք է մասնակցեր նաեւ շանսոնյեն: Նախկինում մեկ օր նախատեսված համերգը երկու օր կկայանա, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան մասնակցելու:
Երգիչ ու դերասան Հայկ Պետրոսյանն ասաց, որ «Քեզ համար Ազնավուրը» յուրատեսակ հարգանքի տուրք կլինի վարպետի հիշատակին: Նա նշեց, որ ծրագրված էր ամեն տարի նման համերգ-ներկայացում կազմակերպել, եւ սա երկրորդն է: Այս անգամ կմասնակցի ոչ թե ֆիլհարմոնիկ նվագախումբը, այլ ավելի փոքր կազմ, կերգեն Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը եւ այլք:
Հայկն ասաց, որ իր համար կարեւոր է ներկայացնել Ազնավուրին՝ նաեւ որպես մարդ: Նա համերգի մասնակիցներին բնորոշեց որպես տաղանդավոր արտիստներ, ասաց, որ բավականին երկար աշխատանք են տարել, որպեսզի ազնավուրյան երգերը խորթ չհնչեն ունկնդրի ականջին:
Մանրամասները` տեսանյութում:
Հայկ Պետրոսյանը որոշ «փակագծեր բացեց». համերգին կմասնակցի մեկը, որին հայ ունկնդիրը սպասում է շուրջ 5 տարի, խոսքը իր հոր` Վարդան Պետրոսյանի մասին է:
«Հայրս էլ է մասնակցելու այս համերգին` որպես հատուկ հյուր: Ինքն ուրիշ պլաններ ուներ, բայց ասաց, որ կգա: Վստահ եմ` հանդիսատեսին շատ ջերմ, ուրախ եւ հուզական համերգ է սպասվում»,-հայտնեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
«Յունիթի» ընկերության ղեկավար Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ համերգի ամեն մանրուքի վրա մանրակրկիտ աշխատանք է տարվել, ջանալու են տոմսերի այնպիսի գներ սահմանել, որպեսզի դրանք մատչելի լինեն նաեւ ուսանողների համար:
Հայկ Պետրոսյանն այս առիթով հիշեց 60-ականներին կատարվածը, երբ կուսակցականները զբաղեցրել էին դահլիճը, իսկ ուսանողներն առանց տոմսերի մնացել էին դրսում եւ ցույց էին արել պաստառներով, որոնց վրա գրված էր. «Լավ տեղերը պարտիային, Ազնավուրը մեզ: Այնպես որ, այս դեպքում ուսանողները կարող են ցույց չանել, տոմսերը հանգիստ գնել ու մասնակցել համերգին»:
Մանրամասները` տեսանյութում:
Ազնավուրյան երգերի մի մասը կհնչի հայերեն, որոնց թարգմանությունը կատարել է Պերճ Թյուրաբյանը: «Վստահ ենք՝ չենք հիասթափեցնի»,- հույս հայտնեց Հայկ Պետրոսյանը: «Ազնավուրի երկրպագուների մեծ մասը չի հասկանում երգերի լեզուն, բայց պաշտում է դրանք, օրինակ՝ մայրս: Ազնավուրի մի քանի երգ դրա համար հայերեն կնչի…Պերճ Թյուրաբյանի թարգմանությունները երգեցիկ են, ինքը պահպանել է երգերի ոգին»,-հավելեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ