Այսօր Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իրենց վարույթում գտնվող աղմկահարույց գործերի մասին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութի) գործի հետ կապված ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել, ինքնասպանության նախնական վարկածը հաստատվե՞լ է, որովհետեւ հրապարակված նկարներում հրազենը ձեռքի մեջ է, ինքնասպանության դեպքում այդպես լինո՞ւմ է, թե՞ ոչ: Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Դրան որեւէ օրինաչափություն չկա, ամեն ինչ էլ լինում է, բայց այս պահին հանրությանը հայտնի տեղեկությունից բացի, չեմ կարծում, որ մենք այլ տեղեկություններ, լրացուցիչ բաներ ունենք: Այն, ինչ ունենք, հանրությանը հայտնի է: Յուրաքանչյուր մահվան ելքով գործով միշտ առաջ է քաշվում եւ միաժամանակ ստուգվում 6 վարկած, դա վարկածներից մեկն է»:
Քննչական կոմիտեի նախագահը հարցին՝, թե գույքային վեճից բացի, այլ շարժառիթ եղե՞լ է վեճի՝ պատասխանեց. «Նախնական վարկածը քննության գույքային հարցերի հետ կապված վիճաբանությունն է: Գույքային վիճաբանություն է եղել, բնական է, որ անհամաձայնություն է եղել: Կրակելու շարժառիթը մեզ պետք է հայտներ կրակողը՝ մեղադրյալը, բայց հայտնի է, որ մենք չենք հասցրել նրան հարցաքննել»:
Հարցին՝ ականատես չի՞ եղել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Ականատես եղել է, հարցաքննվել է, հայտնել է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախաքննության մարմնին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ պարգեւատրված զենքերով շատ են դեպքերը՝ կամ ինքնասպան են լինում, կա՛մ սպանություն անում, չե՞ք պատրաստվում գործուն քայլեր անել եւ վերցնել այդ զենքերը՝ ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Որեւէ անձ հենց այնպես չի պարգեւատրվում, ինչ-որ մի ձեռքբերումների համար է պարգեւատրվում: Բայց խնդիրը նրանում է, որ եթե կա հանցավոր մտադրություն, սպանության դիտավորություն, մտադրություն, յուրաքանչյուր զենքով էլ, առարկայով էլ, քարով էլ կարող է այդ մտադրությունն իրագործել: Եթե մի անձ ունի մտադրություն մյուսին սպանելու, կարա քարով էլ սպանի, կենցաղային դանակով էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ