Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը: Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն նա ձայներով զիջեց Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ անգամ խորհրդարան չմտնելով:
«Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել են մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում իմ ընտրողների առջև թեկուզ 1 օր կամ 2 ամիս՝ մինչև դեկտեմբեր: Դա էական չէ, որքան ժամանակ է մնացել: Այս մանդատը ինձանից առաջ եղել է Ֆելիքս Ցոլակյանի մոտ՝ շատ տեղին ծառայեցվել է ժողովրդի համար: Չնայած, որ հանրապետականի ռեյտինգայինով մանդատ է, բայց առաջինն էր, որ ծառայեց ժողովրդին: Ֆելիքս Ցոլակյանից ինձ անցած մանդատը, անկասկած, կշարունակի ծառայել ժողովրդին: Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի ժողովուրդը ապրի մեր երազած հայրենիքում»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Մեր ճշտող հարցին՝ ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ Հանրապետական խմբակցության կազմում չեք մնալու, պարոն Գրիգորյանն ասաց. «Հիշեցնեմ, ես կուսակցական չեմ և միանշանակ մանդատը վերցնելուց հետո դիմում եմ գրելու և դուրս եմ գալու ԱԺ Հանրապետական խմբակցությունից»
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ