Եթե ընտրությունները կայանան դեկտեմբեր ամսին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի երաշխավորում, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի: Ինքն այդ մասին ասել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հոկտեմբերի 2-ին կայացած իրենց հանդիպման ժամանակ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց`վարչապետի թեկնածու չառաջադրելու իր երաշխավորությունը վերաբերում է նրան, եթե ընտրությունները կայանան մայիսին:
Հստակեցնող հարցին`եթե ընտրությունները կայանա դեկտեմբերին, չի՞ բացառում, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի կամ որեւէ այլ ուժ թեկնածու առաջադրի, որին ՀՀԿ-ն սատարի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց` նման քննարկումներ չեն ունեցել: Բայց համաձայնեց`չի էլ կարող բացառել այդ հնարավորությունը. «Մենք հակված ենք բանակցային գործընթացը շարունակելու: Եթե-ներով առաջ չենք շարժվում: Դեռ քննարկումներ չենք ունեցել: Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշումներ կայացնեմ»:
Վահրամ Բաղդասարյանը տարակուսած է` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամ է, պետք է հրատապ արտահերթ ընտրություններ լինեն, նրա խորհրդականը հայտարարել է` ճգնաժամ չկա, կայուն քաղաքական դաշտ է. «Խորհրդականը թող խորհուրդ տա: Մի իրավիճակի մեջ ենք` ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»: Նա հորդորում է ավելի լուրջ վերաբերվել գործընթացներին, քանի այսօր որոշվում է պետության ապագան:
Վահրամ Բաղդասարյանը շարունակում է պնդել` ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունը, որը մեծ աղմուկ բարձրացրեց, հետին միտում չի ունեցել, այլ խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովելու է միտված եղել, որպեսզի պատգամավորներին հնարավոր չլինի որոշումներ պարտադրել:
Այսօր վարչապետը հայտարարել է, որ հանդիպելու է Գագիկ Ծառուկյանին, քննարկելու են արտահերթ ընտրությունների հարցը: Սպարտակ Սեյրանյանն էլ հայտարարեց, որ ՀՅԴ-ն խոչընդոտներ չի ստեղծի`քաղաքական կոնսենսուսի պարագայում: Ինչպե՞ս կվարվի ՀՀԿ-ն`հարց ուղղվեց Վահրամ Բաղդասարյանին: Վերջինս հիշեց արտահերթ ընտրությունների շուրջ իր եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որտեղ խոսք է գնացել մայիսին ընտրություններ կազմակերպելու մասին: Դրանից առաջ էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմուկ հանած նախագիծը: Քննարկմանը մասնակցել է նաեւ «Ելք»-ի ներկայացուցիչը: Հաջորդ օրն առավոտյան, Վահրամ Բաղդասարյանին զանգահարել է Նիկոլ Փաշինյանը եւ ասել, որ այդ օրենքի հետ կապված իրավիճակ է փոխվել, պետք է հանդիպեն: Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է`հանդիպել, քննարկումները շարունակել նաեւ մյուս ուժերի հետ եւ համատեղ հայտարարություն տարածել, որ այդ նախագիծը կապ չունի արտահերթ ընտրությունների հետ: Վահրամ Բաղդասարյանը տարակուսում է. «Ինքը եկել էր Արարատ Միրզոյանի հետ միասին եւ ասաց` ձեր նկատմամբ հարգանքից ելնելով հեռախոսով չէի կարող ասել, եկել եմ ասեմ, որ ես միանձնյա որոշել եմ, արտահերթ ընտրությունների պետք է գնանք դեկտեմբերին»:
Ու հետո եղավ այն`ինչ եղավ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանի մատուցմամբ, արդեն Արա Բաբլոյանի մոտ կայացման հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի եկել բանակցելու, այլ եկել է իրազեկելու, որ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերին: Նիկոլ Փաշինյանի այս քայլն, ըստ Վահրամ Բաղդասարյանի, վտանգավոր է եւ առաջիկա խորհրդարանը միահեծան կդարձնի: ՀՀԿ-ն մնում է իր համոզման`հնարավորություն տալ վարչապետին աշխատել եւ հընթացս նախապատրաստվել արտահերթ ընտրությունների: ՀՀԿ-ում բանակցությունների հնարավորությունը սպառված չեն համարում: Վահրամ Բաղդասարյանն էլ ուրախ է, որ այսօր կայանալու է Ծառուկյան-Փաշինյան հանդիպում. սա, իր գնահատմամբ, նշանակում է, որ բանակցությունները շարունակվելու են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ