Այսօր Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իրենց վարույթում գտնվող աղմկահարույց գործերի, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին: Նա ասաց, որ այդ գործով կատարվել եւ կատարվում են բազմածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, բայց գործի առանձնահատկություններից ելնելով՝ այս փուլում չի ուզում խոսել դրանց մասին. «Վստահեցնում եմ, որ արվում է ամենը՝ գործը բացահայտելու ուղղությամբ»:
Հարցին՝ որեւէ կարգավիճակ ունեցող մարդ կա, օրինակ, Փաշինյանին վկայի կարգավիճակ տվե՞լ եք՝ նա պատասխանեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներով ծանրաբեռնվածություն կա, ավելի ուշ կանդրադառնան այդ հարցին:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ միջազգային մասնագետներին դիմելու անհրաժեշտություն կա՞, որովհետեւ կարծիք կար, որ մեր իրավապահ համակարգը չունի համապատասխան փորձառություն գաղտնալսման հարցերով՝ Գրիգորյանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չկա. «Չեմ կարծում, որ մեր մասնագետները բավարար գիտելիքներ, ունակություններ չունեն, իհարկե, ունեն: Համապատասխան փորձաքննությունները նշանակվել են, արդյունքներով կկազմվեն համապատասխան որոշումներ»:
Նա ասաց, որ Քննիչ հանձնաժողովից առայժմ որեւէ հարցում այդ գործի շրջանակներում չեն ստացել:
Հարցին՝ Քննչական կոմիտեն ունի՞ նման պրակտիկա գաղտնալսման գործ քննելու ու բացահայտելու՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ անձամբ ինքը չունի ու պրակտիկայում չի հիշում նման գործ: Հարցին՝ հարցաքննվող անձանց շրջանակը կա՞՝ նա պատասխանեց, որ նախաքննության ընթացքում պլան է կազմվել, առանց դրա որեւէ քրգործի քննություն չի կարող տեղի ունենալ. «Բնականաբար, նախանշվում է հարցաքննվող անձանց շրջանակը, նշանակվող փորձաքննությունները, ուղղակի հիմա ճիշտ չի լինի, որ մենք ասենք, թե ով է հարցաքննվել, ինչ ցուցմունքներ են տվել: Առգրավումներ, խուզարկություններ են կատարվել, հարցումներ են կատարվել, փորձաքննություններ են նշանակվել»:
Հարցին՝ թելերն ո՞ւր են տանում, դա տեղի է ունեցել հայաստանյա՞ն ուժերի կողմից, թե՞ դրսի՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ գործի քննության, վարկածների, ձեռք բերված ապացույցների մասին չի ուզում հրապարակել, բայց վստահեցրեց, որ հետքի վրա են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ես նորութիւն ունեմ պն Հայկ Գրիգորյանի համար։
Պնք ՀՔԾ, ԱԱԾ պետերը, ՀՀ վարչապետը և այդ դատաւորը (ի՞նչ էր անունը, կարևոր չէ), հակաօրինական, հակապետական բնոյթի գործողութիւններ են կատարել (նորից լսեք գաղտնալսումը, եթէ այս պնդումը ձեզ վիճայարոյց է թւում)։ Քանի այդ անձիք իրենց զբաղեցրած պաշտօնների վրայ են, ձեր կատարած որևէ քննչական աշխատանք վարկաբեկւած է՝ այն չի կարող որևէ վստահութիւն ներշնչել։