Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին եւ ասաց, որ պատրաստվում է այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել ու քննարկել սցենարները, արտահերթը լինելու է դեկտեմբերին:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխվեց այս ընթացքում, ինչո՞ւ արագացրեցիք գործընթացը դեպի արտահերթ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ձեր աչքի առաջ տեղի ունեցավ ամեն ինչը, քաղաքական գործընթացներ եղան, ընտրություններ եղան, որտեղ ժողովրդի առաջ հարց դրվեց ու ժողովրդի պատասխանը ստացվեց: Հիմա եթե նրանք, ովքեր ասում են՝ վայ, Երեւանի քաղաքապետի ընտրությունը այդ հարցի պատասխանը չէ, այսինքն ի՞նչ, իրենք առաջարկում են մենք ժողովրդին նո՞ր խնդրանքով դիմենք ու ժողովուրդը արձագանքի՞ դրան»:
Հարցին՝ ձեր ռեյտինգը մտածում եք կընկնի՞, եթե ուշ անեք՝ Փաշինյանը ի պատասխան հորդորեց բացել եւ կարդալ մայիսին վերլուծաբանների կանխատեսումները, որ եթե անհապաղ չանեն արտահերթը, 5 ամսից կընկնի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, կգահավիժի. «5 օր առաջ տեղի է ունեցել հարցում եւ պարզվել է, որ ժողովրդի վստահությունը երկրի ղեկավարի նկատմամբ աննախադեպ բարձր է»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողները դժգոհ են, որ արագացնում եք արտահերթի գործընթացը՝ վարչապետը պատասխանեց. «Ես ինչքան շփվում եմ միջազգային մեր գործընկերների հետ, ես որեւէ դժգոհություն առայժմ չեմ լսել: Երբ որ կլսեմ, կարծում եմ, բավարար փաստարկներ մենք կունենանք այդ ամեն ինչին հակադարձելու: Մեր ԱԺ-ն, եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, իրենք նույնպես պետք է նայեն իրենց եւ դադարեն ստեր տարածել Հայաստանի մասին: ՀՀԿ մեր պատգամավորներին ասեմ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք փորձում են ՀՀ-ում իրադարձությունները այլ լույսի ներքո ներկայացնել, եւ սա եւս մեկ փաստարկ է, որ պետք է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, նրանց ասածներին ընդհանրապես լուրջ վերաբերվել պետք չի: Համենայնդեպս, երբ համազեկուցողները կժամանեն ՀՀ, մենք իրենց շատ բան ասելու անհրաժեշտություն չենք ունենա, կասենք՝ դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց հետ, լրագրողների հետ, ՀԿ-ների հետ: Մենք չենք պատրաստվում որեւէ հակափաստարկ բերել, իրենք մոնիտորինգ պիտի անեն, թող գան մոնիտորինգ անեն ամեն ինչ ՀՀ-ում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ