Մի քանի օր առաջ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանին տեղափոխող օդաչուի մարմնում հայտնաբերվել է երկու փամփուշտ, գրում է The Daily Mail-ը:
Թերթը հիշեցնում է, որ Կարապետյանի անունը կապվում է ԱՄՆ նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից Դոնալդ Թրամփի վրա «կեղտ շպրտելու» գործի հետ:
Մահից առաջ Կարապետյանը պատասխանատու էր Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման քրեական գործի համար:
Նա նաև քննել է ռուս ընդդիմադիր Բորիս Բերեզովսկիի և այլախոհ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործերը (երկուսն էլ մահացել են Բրիտանիայում):
Կա նաև հակասական մի տեսակետ, ըստ որի՝ հենց Կարապետյանն է եղել Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հատուկ ծառայությունների համար արտահոսքի աղբյուրը:
Օդաչուին սպանելու վարկածն առաջ է քաշել ռուս լրագրող Սերգեյ Դարենկոն: Մասնավորապես, նա նշել է, որ օդաչուն բավականին փորձառու էր և չէր կարող բախվել ծառերին, ինչպես որ նշվում է ուղղաթիռի կործանման պաշտոնական վարկածում:
Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոն հերքել է այդ վարկածը: «Աղետի հետևանքով զոհվածներից ոչ մեկի վրա հրազենային վնասվածք չկա»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ