Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել, մեզ կնոպկա սեղմող խորհրդարան պետք չի». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 08,2018 13:22

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ «Ընտրական օրենսգիրքը» մեղավոր չի՝ ընտրական բոլոր խնդիրների համար. «ԸՕ-ն ոչ մի մեղավորություն չուներ, որ ընտրական պրոցեսը ավելի շատ նմանվում էր ահաբեկչական գործողությունների շղթայի»:

Վարչապետը խոսեց դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Հարցին՝ եթե արագ վարչապետ ընտրեն եւ դուք զրկվեք ուժային կառույցների լծակից, հավաքները արագ ցրեն, ի՞նչ կլինի՝ Փաշինյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է, ժողովուրդը եւ մենք որեւէ մեկին նման հնարավորություն չենք տա»:

Հարցին՝ ե՞րբ եք հրաժարական տալու՝ Փաշինյանը պատասխանեց, որ եթե իր որոշումով լիներ՝ արդեն պիտի հրաժարական տված լիներ, բայց քանի որ հանրության մոտ շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի մասին եւս մեկ անգամ ավելի մանրամասն պիտի մտածեն:

Ըստ վարչապետի, պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին, եթե չի ներկայացնում, պիտի մտածի իր մանդատի մասին՝ ում է ինքը ներկայացնում. «Ասում են՝ ունեն կողմնակիցներ եւ պատրաստ են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն: Լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը»:

Հարցին՝ եթե ընտրությունները չեն ներկայացրել ժողովրդի կամքը, ինչո՞ւ չեք դիմում Սահմանադրական դատարան՝ Փաշինյանը պատասխանեց. «Ձեր ասածը նման է, որ ասեք՝ ինչո՞ւ չեք դիմում ՍԴ, ենթադրենք, միջնադարում տեղի ունեցած որեւէ իրադարձություն փոխելու կապակցությամբ, ի՞նչ իմաստ ունի: Ես չեմ պատրաստվում ՍԴ դիմել մի հարցով, որտեղ պիտի վիճարկվի իրականությունը: Իրականությունն այն է, որ այս ԱԺ-ն դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»: Ավելի ուշ վարչապետն ասաց՝ «Մեզ կնոպկա սեղմող խորհրդարան պետք չի»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը դժգոհում էր, որ իր գլխավորած ուժին հակահեղափոխական եք անվանել, ասում էր ես ջուր եմ ուղարկել հեղափոխությանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Այսօր մենք հանդիպելու ենք, կարծում եմ, խոսակցությունը կլինի կառուցողական: Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպել ենք, քննարկել ենք, արձանագրել ենք, որ կա ընդհանուր ըմբռնում եւ այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք»:

Լրագրողները փոխանցեցին արտահերթի հետ կապված դժգոհությունը, որ քաղաքական ուժերը ժամանակ չեն ունեցել նախապատրաստվել՝ Փաշինյանն արձագանքեց. «Մենք էլ ժամանակ չենք ունեցել, ի՞նչ կապ ունի, եթե որեւէ մեկը ժամանակ չի ունեցել պատրաստվել, մենք էլ չենք ունեցել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք մենա՞կ եք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ նկատի ունենալով դաշինք լինելո՞ւ է, թե՞ ոչ՝ վարչապետը ի պատասխան կատակեց՝ իր բառերով հայտնի երգը հիշեցնելով՝ «Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք»:

Մեր հարցին՝ այդ ո՞ր ուժերն են, որ հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոցը, անուններ չե՞ք ուզում տալ՝ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ, տարբերակներն այնքան շատ չեն, որ կռահումներ անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031