«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի, այդ հնարավորությունը միշտ կա մեր կողմից. մենք միշտ պատրաստ ենք բանակցել`եւ հեղափոխության ընթացքում ենք դա ցույց տվել, եւ վարչապետի ընտրությունից: Այդ հնարավորությունը նույնիսկ հոկտեմբերի 2-ի նախագծի քննարկումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո, ես անձամբ, սպառված չեմ համարում»,-խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա արձագանքում էր ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հայտարարությանը, որ քաղաքական կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն երբեք չի խոչընդոտի արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Լենա Նազարյանն ասաց`ուրախ է, որ դիրքորոշումները մեղմացել են, ծայրահեղ չեն: Նկատենք սակայն, որ հետհեղափոխական շրջանում բոլոր ուժերն էլ կողմ են արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ քաղաքական կոնսենսուսի պարագայում, ոչ թե ճնշումների եւ մեկ ուժի քմահաճույքի:
Լենա Նազարյանը ցանկանում է, որ հիմա քաղաքական ուժերն ավելի պարզ խոսեն եւ հստակ հայտարարեն`եթե վարչապետը հրաժարական տա, իրենք պատրաստվո՞ւմ են թեկնածու առաջադրել, թե`ոչ. «Պետք է ասեն՝ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, դրանք շատ անհրաժեշտ նախապայմաններ են բանակցությունների համար»:
Դիտակմանը`անկախ նրանից, որ վարչապետը քաղաքական այն ուժերին, որոնք նախագծին կողմ քվեարկեցին, հակահեղափոխական է որակել, իրենք պատրա՞ստ են նրանց հետ բանակցել եւ գնալ արտահերթ ընտրությունների, Լենա Նազարյանը արձագանքեց`երկխոսությունը երբեք չպետք է սպառված համարել:
Հստակեցմանը`հավաստիացում չե՞ն ստացել, որ վարչապետի հրաժարականից հետո այդ քաղաքական ուժերը վարչապետի իրենց թեկնածուին չեն առաջադրի, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ոչ: Եվ ես կարծում եմ, որ դա պետք է ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջակցություն հայտնել վարչապետին ու հեղափոխությանը»:
Լենա Նազարյանը համամիտ չէ ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, թե գնդակն այժմ վարչապետի եւ իշխանության դաշտում է: «Գնդակն իրենց դաշտում է, իրենցից ենք մենք սպասում հավաստիացումներ, հնարավորինս հստակ»,-ասաց Լենա Նազարյանը:
Հարցին`հակառակ դեպքում ի՞նչ է սպասվում այն քաղաքական ուժերին, որոնք կառաջադրեն վարչապետի թեկնածու, ինչո՞վ են իրենք սպառնում, Լենա Նազարյանը պատասխանեց, որ ոչ մի սպառնալիք չկա, ընդամենը կոչ են անում իրենց գործընկերներին`սթափ գնահատել իրավիճակը, զգալ սեփական պատասխանատվությունն այս պատմական պահին. «Յուրաքանչյուրը կարող է մասնակցություն ունենալ եւ հասկանալ, որ թեկնածու առաջադրելու դեպքում իրենք ճոճում են նավակը, որի մեջ իրենք են գտնվում: Նույնիսկ կոչ կանեի առանձին պատգամավորներ իրենց կուսակցության շահերի դեմ գնային, կուսակցության շահի դեմ անգամ, երբ իրենց կուսակցությունը թեկնածու առաջադրի: Մարդիկ դրսում արթուն են, հնարավոր չէ այլեւս ինչ-որ բան ասել եւ այլ կերպ գործել, դա շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ»:
Այս պարագայում ինչի՞ մասին կարող է լինել բանակցությունը կամ երկխոսությունը, Լենա Նազարյանը չի կարող ասել: Ասում է`քաղաքականության մեջ չեն կարող գնալ ճանապարհով եւ ասել, որ բանակցելու ոչինչ չունեն, դրա համար իրենց կողմից առաջարկ են ներկայացնում, իրենք էլ կարող են այլ բան առաջարկել ու խոսեն դրա շուրջ: Նաեւ նկատեց`վարչապետը հոկտեմբերի 2-ին, ԱԺ բակում հրապարակեց իր ծրագիրը եւ ամեն ինչ որոշված է: Ասում է`երկխոսելու հնարավորությունը կար հոկտեմբերի 2-ից առաջ:
Դիտարկմանը, որ խորհրդարանական մյուս ուժերի ներկայացուցիչները հայտարարում են`հոդաբաշխ բացատրություններ չեն լսել, թե ինչու պետք է ընտրությունները հենց դեկտեմբերին լինեն եւ հարցին`ինչո՞ւ հենց դեկտեմբերին եւ ոչ թե ասենք, հունվարին կամ փետրվարին, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես էլ իրենցից հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինչու պետք է լինի հունվարին, մայիսին եւ այլն»:
Լրագրողները բերեցին քաղաքական ուժերի պատճառաբանությունները: «Շատ լավ, ԸՕ-ն ԱԺ-ում պետք է քննարկվի, նախագիծը հրապարակված է արդեն»,- հակադարձեց Լենա Նազարյանը`հավելելով, որ ԱԺ-ն չի ներկայացնում հանրության տրամադրությունները, ինչի ապացույցը Երեւանի քաղաքապետի ընտրություններն են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ