Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր որոշումը՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Հարցին՝ նախագահի հետ ստեղծված իրավիճակը քննարկե՞լ եք Փարիզում՝ Փաշինյանը պատասխանեց. «Այո, նա կարծեմ ամսի 9-ին է վերադառնում, երբ վերադառնա, անպայման կքննարկենք»: Նա ասաց, որ «ԱԺ կանոնակարգ օրենքը» ստորագրել-չստորագրելու մասին ինքը հայտարարություն կանի, բայց ընդգծեց, որ իր՝ Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման հաշվի կառնեն, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ վերջինս պաշտպանել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Նա ասաց, որ պատրաստվում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել ու քննարկել սցենարները: ՀՅԴ-ի հետ նույնպես չբացառեց հանդիպումը, ասաց, որ Փարիզում հանդիպել է ՀՅԴ սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետն ասաց, որ հիմա մեծ հանրային դժգոհություն կա իր հրաժարականի կապակցությամբ. «Ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում էր հրաժարական տալ, նրանք համառորեն չէին տալիս, հիմա պահանջում է հանրությունը հրաժարական չտալ եւ իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս: Պիտի այնպես անենք, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի՝ իր բոլոր նրբություններով»: Նա ասաց, որ որեւէ քայլ չի անի՝ ժողովրդի իշխանությունը տեսականորեն հարցականի տակ դնելու համար:
Դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը սպառնում է, որ քաղաքական ուժերը կհայտնվեն աղբանոցում՝ Փաշինյանն արձագանքեց, որ իրենք պատմության աղբանոցի մասին են խոսում, որն ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքի» աղբանոցը. «Եթե «Սանիթեքի» աղբանոցից կարելի է դուրս գալ, պատմության աղբանոցից ելք չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ