Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համագումարով ԵԿՄ նախագահ ընտրելը ԵԿՄ-ն կբաժանի մասերի. ես դրան երբեք չեմ գնա»

Հոկտեմբեր 08,2018 14:30

Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը հանդիպել են

Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը օրերս զրույց են ունեցել ԵԿՄ նախագահի ղեկավարությունը ստանձնելու շուրջ: «ԱԺ-ում էլ ենք հանդիպում, մինչեւ այդ էլ ենք հանդիպել ու քննարկել բոլոր մոտեցումները, որոնք կան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը: Իրենց խոսակցությունից շատ մանրամասներ չի ասում: «ԵԿՄ-ն հարազատ կառույց է շատ ազատամարտիկների համար: Թե այն երկրապահները, ովքեր ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով լքեցին ԵԿՄ-ն եւ իրենց ուրույն կառույցները ձեւավորեցին, որոնց նպատակն էլի, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում ճակատ գնալն է, թե ԵԿՄ-ում մնացածների մեծ մասը եղբորս` Վազգենի ընկերներն են: Եվ այս առումով, դեռ 1990-ականներին, երբ ԵԿՄ-ն սաղմնավորման մեջ էր, որպես կառույց չէր ձեւավորվել, Վազգենի ամենալուրջ ֆենոմենը ոչ թե ՌԴ-ից զենք-զինամթերք բերելու կամ Գրաչովի ընկերության մեջ էր, այլ դա եկավ նրանից, որ ինքն ազդեցություն ուներ: Ինքը կարողացավ համախմբել հազարից ավելի ջոկատների` տարբեր կրթական մակարդակներով, տարբեր մոտեցումներով, երբ չկար իշխանություն, ու զենքով մարդն ինքն էր ամեն ինչ որոշում` Վազգենը կարողացավ բոլորին մի տեղ հավաքել, ստեղծել այդ կառույցը, որը դարձավ բանակի հենքը, եւ 1994-ին Ադրբեջանը ստիպված եղավ խաղաղության կամ հաշտության համաձայնագիր ստորագրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ եւ շուրջը ծավալված իրադարձություններից հետո խոսակցություններ գնացին ԵԿՄ-ն լուծարելու մասին: Դրա կողմնակիցներից էր նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Ավելի ուշ ԵԿՄ-ի ղեկավարումն առաջարկվեց Վազգեն Սարգսյանի եղբորը` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Առաջարկը, մեր տեղեկություններով, արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արամ Սարգսյանի հետ առանձնազրույցի ժամանակ, երբ վերջինս բացատրել է, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար ԵԿՄ-ն անհրաժեշտ կառույց է: Ավելի ուշ ազատամարտիկների մի խումբ` Վարդան Ավետիսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, Ռուստամ Գասպարյանի, Մանվել Եղիազարյանի եւ այլոց գլխավորությամբ, հավաք անցկացրեց եւ որոշեց ԵԿՄ-ի ղեկավարումը վստահել Սասուն Միքայելյանին: Ժամանակ տվեցին: Սասուն Միքայելյանը դեռ մտածում է, իր պատասխանը չի հրապարակել: Օրերս լրագրողներից մեկի հարցին` խոսե՞լ եք Արամ Սարգսյանի հետ, Սասուն Միքայելյանը խուսափողական պատասխան տվեց. «Խի մենք ե՞րբ էինք խռով»:

«Քանի որ եղբայրս կարողացել է իրենց համախմբել, վստահաբար ես չեմ այն մարդը, որը բաժանելու է այդ կառույցները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը` հավելելով, որ ինքը հակված է, որ գործընթացները տանեն ԵԿՄ-ի ընդլայնման, հակառակ դեպքում որեւէ խնդիր չկա վաղն էլ համագումար անցկացնել` ԵԿՄ-ի կանոնադրությամբ եւ նախագահի ընտրություն անել: Ի դեպ, ԵԿՄ-ի կանոնադրությամբ, այն մարդիկ, ովքեր միության անդամ չեն, ոչ կարող են նախագահի պաշտոնում առաջադրվել, ոչ էլ համագումարին մասնակցել: Արամ Սարգսյանի համար թե՛ ԵԿՄ-ից տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ ժամանակներում դուրս եկածները, թե՛ մնացածներն իր եղբոր ընկերներն են եւ ազնիվ մարդիկ են, մոտեցումներ ունեն երկրի ապագայի հետ կապված եւ իրենց գործն ու խնդիրն են համարում երկրի սահմանների պաշտպանությունը: Ինքը հակված է անել ամենը, որ այս իրավիճակից երկրապահներն ավելի համախմբված դուրս գան: «Համագումարով ԵԿՄ նախագահ ընտրելը ԵԿՄ-ն կբաժանի մասերի: Ես դրան երբեք չեմ գնա»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասել էր` ԵԿՄ-ում խնդիրներ կան, դրա համար են իրեն հորդորել, որ գնա եւ լուծի: Ի՞նչ խնդիրներ են, որ Դուք լուծել չեք կարող՝ հարցրինք Արամ Սարգսյանին: «ԵԿՄ-ի թե հաշվապահական հաշվառման, թե օրենքի հետ ունեցած բոլոր խնդիրները լուծված են` ամենաբարձր մակարդակով: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀ-ում գործող ՀԿ-ներից ամենաօրինականն այսօր կլինի ԵԿՄ-ն: Ես աուդիտորական ընկերություն եմ հրավիրել, որը թե՛ իրավական հարթությունում, թե՛ հաշվապահական հաշվառման հարթությունում ԵԿՄ-ի թղթերը բերել է զրոյական մակարդակի` շատ լավ աշխատելով թե քննչական մարմինների, թե ֆիննախի ստուգող կազմակերպության, թե ԱԱԾ-ի համապատասխան մարմինների հետ, որովհետեւ ԵԿՄ-ի գրասենյակների ունեցած գրեթե բոլոր միջոցները կնքված էին, այն էլ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ կնիքներով: Մանվել Գրիգորյանին դատապարտելուց հետո հանրային գործընթաց սկսվեց. ողջ հայ ժողովուրդը Մանվել Գրիգորյանի հետ դատապարտում էր եւ բանտ էր նստեցնում նաեւ ԵԿՄ-ին` այն ոչ պիտանի համարելով: Այդ ժամանակ էր, որ ես փորձեցի օգնել այդ կառույցին, բացատրել, որ այն լուրջ ներդրում ունի 1990-94 թվականների ազատամարտի գործընթացներում, դրանից հետո եկած գործընթացներում, նույն ապրիլյան դեպքերի ժամանակ, որ այդ կառույցը գերկարեւոր կառույց է, եւ պետք չէ այն անհատականացնել տարբեր մարդկանց վարքագծերի հետ: Այդ խնդիրը կարծես լուծվեց, եւ հանրային այդ հակազդեցությունը ԵԿՄ-ի հանդեպ այսօր չկա, եւ շատ լավ կլիներ, որ իմ ընկերներն էլ այդ ժամանակ միանային այդ գործընթացին, որովհետեւ դա ամենածանր գործընթացն էր: Եվ այդ ժամանակ էր, որ համացանցում, իմ էջին ամենաշատ մեղադրանքներն էին գալիս, նաեւ կշտամբանքը` այդ կառույցի թիկունքին կանգնելու, այն պաշտպանելու համար»:

Հարցին` քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է Սասուն Միքայելյանի թեկնածության առաջադրման մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե նայում ենք մարդկանց, ովքեր դահլիճում նստած առաջարկություններ էին անում, այդ շահագրգիռ մարդկանց բացառիկ ակտիվությունը… մինչեւ Սասուն Միքայելյանն ունեին թեկնածու, այդ ակտիվությունն իրենք էին անում, դրանից հետո անում են, զգում եմ, որ ինչ-որ տեղից, ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան բզբզում են: Բայց ԵԿՄ-ն զենքի ընկերություն է: Այդ մարդիկ եկող-գնացող են: Այդ մարդիկ ԵԿՄ-ում առանձնապես չեն էլ եղել երբեք, ոչ էլ այդ տղաներին առանձնապես իրենց հարազատ են համարել: Չեմ կարծում, որ իրենց ազդեցությունը լուրջ կլինի եւ այն հետեւանք կունենա»:

Թե իր կարծիքով ովքեր ու ինչի համար են «բզբզում»՝ Արամ Սարգսյանը չի բարձրաձայնում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

06.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031