Ձորագլուխ գյուղում աղջիկներ չեն ծնվում,
եղածներն էլ նախընտրում են քաղաքներում ամուսնանալ
Հայրենի գյուղս՝ Ձորագլուխը, գտնվում է Ապարան քաղաքից 13 կմ հարավ-արեւելք։ Ապարան֊Մուլքի֊Վարդենիս֊Չքնաղ֊Թթուջուր֊Ձորագլուխ մարզային նշանակության ճանապարհի վերջին բնակավայրն է։
Բարձր լեռնային բնակավայր է, գտնվում է ծովի մակերեւույթից 2056 մ բարձրության վրա։ Ձմեռային շրջանը տեւում է 6-7 ամիս։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։
Տրանսպորտային կապ չկա՝ ոչ Ապարանի եւ ոչ էլ մայրաքաղաքի հետ։ Ճանապարհն ինչ-ինչ պատճառներով կառուցվել է մինչեւ Չքնաղ բնակավայր, իսկ Թթուջուր֊Ձորագլուխ հատվածը անբարեկարգ է եւ քարուքանդ, որով ոչ բոլոր մեքենաներն են կարողանում երթեւեկել։ Նույնն է նաեւ գազամուղի վիճակը։ Այն եւս մինչեւ Չքնաղ է հասել եւ չի շարունակվել։
12 ամիս անընդհատ ծխում են գյուղի վառարանները՝ ճաշ եփելու, կաթնամթերքը մշակելու, լողանալու ու լվացք անելու նպատակով։ Հիմնական վառելիքը ցան-աթարն է։ Անտառը գիշատչորեն հոշոտվել է 90֊ական թվականներին, ավելի շատ՝ դրսի մարդկանց եւ պաշտոնյաների միջոցով։ Փառք բնությանը, որ ներկայումս ինքնավերականգնվել է։ Բնակչությանը երբեմն-երբեմն թույլատրվում է չորացածը հավաքել։
Անմխիթար վիճակում է գյուղատնտեսությունը։ Հացահատիկային մշակաբույսեր քիչ են մշակվում՝ մի քանի տասնյակ հեկտար։ Անասունների գլխաքանակը հասցվել է նվազագույնի՝ միջինը 2-3 կով, միայն իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Ոչխար պահում են չնչին քանակությամբ, շատ ընտանիքներ ոչխար չունեն։ Հողերը համարյա չեն մշակվում, վերածվել են խոտհարքների։ Ոռոգվում են միայն տնամերձ հողամասերը, որտեղ մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր։ Վաճառքի համար քիչ բան կա՝ կաթնամթերք, որոշակի քանակությամբ անասուն եւ մսամթերք։ Շուկա չկա, տրանսպորտ չկա, ճանապարհ չկա, եւ ամեն ինչ ողբերգական է։ Կիրակի օրերը մի նախահեղափոխական ՊԱԶ ավտոբուս գյուղից մթերք վաճառողներին տանում է Երեւան եւ հետ բերում։ Չգիտես ինչու, դարձյալ միսը գնում են բակային մսամորթողները։ Իսկ Հարթավան գյուղի սպանդանոցի աշխատանքը անհասկանալի է։
Սեփականաշնորհելիս հողերի կարգը որոշվել է խորհրդային ժամանակի տվյալներով։ Ներկայումս, շուրջ 30 տարի չմշակվելով, չվարվելով, չոռոգվելով, չպարարտացվելով, ամբողջությամբ քայքայվել են, դարձել անպիտան։
Ոռոգման ջուրը անբավարար է, որովհետեւ առուները քայքայվել են, բնական լինելով՝ նրանք չեն ապահովում ջրի անկորուստ մատակարարումը։
Անմխիթար վիճակում են հանդամիջյան ճանապարհները՝ տեղ-տեղ անանցանելի։
Մոռացվել եւ անտեսվել է նաեւ ռազմավարական խիստ կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհը։
1941թ. աշնանը Հայրենական պատերազմի ամենաճակատագրական եւ դժվարին ժամանակաշրջանում կարճ ժամկետում կառուցվել է Հայաստանի արեւելքը արեւմուտքին կապող Հանքավան-Ձորագլուխ֊Թթուջուր լեռնային ճանապարհը, որն այժմ քայքայված վիճակում է։ Վերակառուցվել է 60-ական թվականներին։ Այս ճանապարհը հանրապետական նշանակության է, որի կրկնօրինակը գոյություն չունի։
Ինձ անչափ մտահոգում է բնակչության սոցիալ֊հոգեբանական վիճակը։ Մարդիկ ոչ մի դրական հույս չունեն վաղվա օրվա նկատմամբ, ամբողջությամբ կորցրել են հավատը։ Այս պահին մի ընտանիք եւս պատրաստվում է արտագաղթել ՌԴ։ Գնացածները շատ-շատ են։ Հեռանում են Երեւան, մերձակա բնակավայրեր, ՌԴ, Եվրոպա։
1988-ի երկրաշարժից հետո մեր գյուղը նույնպես ճանաչվեց աղետի գոտի։ Այդ ժամանակներից ոչ մի տուն չի կառուցվել։ Գյուղը վերածվել է ավերակների, իսկ փակ տների քանակը անհամեմատ շատ է։ Նախկին իշխանությունների անհոգության թե խտրականության պատճառով Ձորագլուխ եւ Թթուջուր համայնքներում ոչ մի ծրագիր չի իրականացվել։ Բա ո՞ւր մնաց կառավարության «Համայնքների համաչափ զարգացման ծրագիրը»։ Այդ ինչպես է, որ մի համայնքում 6-7 ծրագիր է իրականացվում, իսկ մյուսում՝ ոչ մի։ Այստեղ ի՞նչ սկզբունք է գործում։ Գոյություն ունի նաեւ բարձր լեռնային բնակավայրերի վերաբերյալ որոշում։ Ի՞նչ է, Ձորագլուխ գյուղը հանրապետությունից դո՞ւրս է, որ նրա նկատմամբ ոչ մի օրենք ու որոշում չի գործում։ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ սոցիալական, իրավական պետություն է։ Մեր գյուղի տարածքում ՀՀ Սահմանադրությունը չի գործում։ Բազմաթիվ կառավարիչներ են եկել, խոստումներ տվել, խաբել ու հեռացել, հատկապես ընտրությունների ժամանակ։ Բնակչությունն անընդհատ կրճատվում է։ Բնական աճ չկա։ Ամուսնություններ գրեթե չեն լինում։ Ներկայումս գյուղում մոտ 40 փեսացու կա, իսկ հարսնացու չկա։ Աղջիկներ չեն ծնվում, եղածներն էլ նախընտրում են քաղաքներում ամուսնանալ։ Դրսից աղջիկ չեն տալիս՝ նկատի ունենալով գյուղի վատթարագույն սոցիալ-տնտեսական վիճակը, ճանապարհը, կենցաղային ողբալի դրությունը, գյուղատնտեսական աշխատանքների ծանրությունը։
Այս տարի ծնվել է մեկ երեխա։ Վատ է առողջապահության վիճակը։ Մարդիկ մեռնում են իրենց տներում լուռումունջ։ Նյութական միջոցներ չունենալու պատճառով բժշկի չեն դիմում։ Բնակիչներից 90֊95%-ը վարկառուներ են, որոնք տարիներով չեն կարողանում վճարել մայր գումարը։
Այս ամենով հանդերձ՝ համայնքը հարկային պարտավորություններ չունի։ Դպրոցը միջնակարգ է։ Ընդամենը ունի 45 աշակերտ։ 10-12 դասարաններ հաճախում են նաեւ Թթուջուր գյուղի աշակերտները։ Այս բոլորը միասին 45 աշակերտ է։ Մի՞թե սա ողբերգություն չէ։
Եթե որեւէ մեկին մտահոգեր կամ որեւէ մեկին ցավ պատճառեր, ապա միջոցներ ձեռք կառնվեին, որեւէ քայլ կկատարվեր, սակայն ավա՜ղ…
Բացի համակարգչային դասասենյակից, ուրիշ ոչինչ չկա, ոչ լաբորատորիա, ոչ կաբինետ, սպորտ դահլիճ, սպորտային գույք, կարելի է ասել, որ ֆիզկուլտուրա առարկան չի դասավանդվում։
Շենքը ձմռանը տաքացվում է վառարաններով, որպես վառելիք օգտագործվում է նավթը, դասերն անցնում են գարշահոտության մեջ։
Համայնքը չունի մշակույթի որեւէ հաստատություն։ Վերջին երկու տարում «Վորլդ Վիժեն» կազմակերպության օգնությամբ վերանորոգվել է նախկին ակումբի դահլիճը, որը օգտագործվում է միայն սգո արարողությունների նպատակով։ Հարսանիքներ եւ այլ ուրախ ու տոնական միջոցառումներ չեն լինում։ Չկա մշակույթի պատասխանատու, իսպառ բացակայում են գեղարվեստական ու սպորտային խմբակները։ Իհարկե, այս խնդիրները միայն մեր գյուղում չէ, որ կան։ Բայց խնդիրների այդպիսի կուտակում ոչ մի տեղ չկա։ Մեր գյուղում ոչինչ չկա։ Առանձին բնակավայրերում էլի ինչ-որ բաներ արվել են, որոշ գյուղեր վերածվել են քաղաքատիպերի, իսկ Ձորագլուխ եւ Թթուջուր գյուղերը ավերակներով, թրիքներով շաղախված են։
Գյուղերը չունեն կոյուղի, չի կատարվում աղբահանություն։ Ողջ ապականությունը գետակներով հոսում է Ապարանի ջրամբար, իսկ այնտեղից էլ՝ ուղիղ մեր ստամոքսները:
Կարծեմ կարողացա ներկայացնել այն հիմնական խնդիրները, որոնք ծառացել են համայնքի առջեւ եւ ճզմում են նրան երկար ժամանակ լուծում չստանալու պատճառով։ Համայնքը երբեք միայնակ եւ առանց աջակցության իր խնդիրներին լուծում չի գտնի։
Օդ ու ջրի պես անհրաժեշտ է գոնե սկզբի համար ճանապարհների նորոգումը, գազամուղի անցկացումը եւ տրանսպորտային կապի վերականգնումը Երեւանի հետ։ Այս ծրագրերը իրականացնելու դեպքում որոշակի հույս կարթնանա մարդկանց հոգիներում, կլցվեն լավատեսությամբ եւ կմղվեն արարելու ու ստեղծելու։ Կվերականգնվի հավատը հայրենի իշխանության նկատմամբ։
6-7 ամիս տեւող ձնածածկույթը հրաշալի հնարավորություն է ընձեռում ձմեռային սպորտաձեւերի ու Լանգատի կազմակերպման համար։ Թեք լեռնալանջերը, խանդակները, առողջ կլիման, արեւային օրերի շատությունը դրախտային պայմաններ են վերը նշվածի համար։
Այստեղ կան նաեւ պատմության եւ բնության հրաշալի հուշարձաններ։ Երկու բերդերը, դամբարանադաշտերը, հնադարյան բնակատեղիները, անտառի բացատում կիսախոնարհ պահպանված Սբ. Կարմրավոր (Կարմիր վանք) եկեղեցին՝ կառուցված 1201թ., բազմաթիվ խաչքարերն ու նրանց կտորները՝ որդան կարմիրով ներկված, ապշեցնում են իրենց բովանդակությամբ եւ հրաշագործությամբ։ Ալպյան բուսականությամբ պատված սարագագաթներ, զովաշունչ ու անտառապատ կիրճեր, որոնց խորխորատներում խոխոջում են սառնորակ ու անմահական ջրերը։
Սովետական տարիներին առանձնացվել էր 70 հա տարածք, որպեսզի կառուցեին համամիութենական առողջարարական ճամբար իր ենթակառուցվածքներով հանդերձ։ Սակայն փլուզվեց Սովետական միությունը, եւ այն անկատար մնաց։ Ծրագրված էր նաեւ Մեղրաձոր-Ձորագլուխ երկաթուղային թունելի շինարարությունը, որի միջոցով երկաթուղին կհասներ Արթիկ, եւ այդպիսով կկապվեին երկրի արեւելքն ու արեւմուտքը։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
06.10.2018
Ցավալի է, բայց փաստ, որ այդ հրաշք գյուղը մնացել է իր պրոբլեմների հետ մենակ։ Այս տարի ականատես եղա այդ ամենին։Հույս ունեմ, որ նոր իշխանությունները կանդրադառնան այդ խնիրներին։