Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը միայն օրենքի հետադարձ ուժ չունենալով չի սահմանափակվում

Հոկտեմբեր 08,2018 13:30

Քրեական օրենսգրքում 2009թ.-ին կատարված փոփոխություններով՝ 300 հոդվածի (պետական իշխանությունը յուրացնելը) դիսպոզիցիայից տարանջատեցին հետեւյալ ամրագրումները.
ա) ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը,
բ) ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելը,
գ) պետական իշխանությունը բռնությամբ պահելը:

Այնուհետեւ սահմանեցին հետեւյալ նոր օրենքները.

1. Սահմանադրական կարգը տապալելը, քրեական օրենսգրքի 300 1 հոդված,
2. տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները, քրեական օրենսգրքի 300 2 հոդված:
Իսկ 300 հոդվածը սահմանվեց նոր խմբագրմամբ:
Իրականում հիշյալ փոփոխությունները ոչ թե փոխկապակցված էին օրենքը լրացնելու հետ, այլ մտացածին աճպարարություն կամ մանիպուլյացիա էին եւ նպատակ էին հետապնդում 2008թ. հայտնի դեպքերով հանցանք կատարած անձանց պատժելը փակուղային իրավիճակ տանելուն կամ անհնարին դարձնելուն: Բանաձեւը հետեւյալն է՝ խմբագրված 300 հոդվածը, իշխանությունը յուրացնելը եւ սահմանադրական կարգը տապալելը, նոր օրենքը՝ 300.1 հոդված, սահմանվել եւ ուժի մեջ են մտել 2009թ. մարտի 9-ին, հետեւաբար քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2-րդ մասի հիմքով այդ օրենքները հետադարձ ուժ չունեն (մինչեւ այդ օրենքը ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա չի տարածվում):

Քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար սա լուրջ խոչընդոտ է, եւ պատահական չէր, որ երբ առաջ քաշվեց «Մարտի 1-ի գործով» լիազորությունների կատարումը դադարած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցը, օրենքում փոփոխությունների հեղինակը՝ Դավիթ Հարությունյանը, եւ այլ ՀՀԿ-ականներ «օրենքը հետադարձ ուժ չունի» ալիբին արտաբերեցին:

Բայց խնդիրը միայն օրենքը հետադարձ ուժ չունենալով չի սահմանափակվում: Տրոհելով 300 հոդվածը՝ մսխեցին իշխանությունը բռնությամբ պահելը ամրագրումը, այսինքն՝ այն գործողությունը, որի կատարմամբ կամ միջոցով զավթել էին իշխանությունը:

Հաջորդը՝ սահմանադրական կարգը տապալելը ամրագրումը դուրս հանելով իշխանությունը յուրացնելու հանցագործության դիսպոզիցիայից՝ դրանով էլ աղավաղվեց արարքի քրեաիրավական բուն էությունը:

Այսպես. ըստ քրեական իրավունքի տեսության՝ սահմանադրական կարգը տապալելը կամ փոփոխելը հանցագործության կազմի օբյեկտիվ կողմի գործողությունները ուղղված են եւ նպատակ են հետապնդում տապալելու պետության քաղաքական համակարգը, հասարակական կարգը, պետական կառուցվածքը, ինչպես նաեւ Սահմանադրությունը:
Ի տարբերություն՝ նոր օրենքով Սահմանադրության կարգը տապալելը՝ 300.1 հոդված, նշանակում է՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը:

Սահմանադրության հիշյալ նորմերը վերաբերում են ՀՀ ինքնիշխանությանը, ազատ ընտրությունների իրականացմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների անձեռնմխելիության, պետական իշխանության բաշխման հավասարակշռմանը, իրավական նորմերի աստիճանակարգմանը, օրինականության սկզբունքին եւ այլն: Տվյալ օբյեկտները պաշտպանված են քրեական օրենսգրքի տարբեր գլուխների հոդվածներով կամ օրենքներով: Իսկ այդ հանցագործությունների կազմերի օբյեկտիվ կողմի գործողությունները միանգամայն այլ նպատակներ են հետապնդում: Այս պարագայում սահմանադրական կարգը տապալելը արարքի որակումը օրենսդիրը բարդացրել է, եւ առաջացել է կազուսային իրավիճակ:
Բացի դրանից, Սահմանադրության 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածները եւ 6-րդ հոդվածի 1-ին մասը նոր Սահմանադրությամբ փոփոխվել են, ուստի տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է այժմ հանգուցալուծվելու կամ կիրարկվելու օրենսգրքի 300.1 հոդվածը:

Ինչպես գիտենք, լիազորությունների կիրառումը դադարած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անհիմն է համարում իրեն առաջադրված սահմանադրական կարգը տապալելը մեղադրանքը:

Իմ պատկերացմամբ՝ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլերում այդօրվա իշխանությունների կատարած գործողությունները համապատասխանում են քրեական օրենսգրքի 300 հոդվածի հանցագործության կազմին (իշխանությունը յուրացնելը), հետեւյալ հիմնավորումներով՝

ա) կատարված հանցավոր գործողությունները՝ նախագահական ընտրությունները կեղծելը, իշխանությունը հաղթած քաղաքական ուժին չզիջելը, քաղաքական բողոքի մասնակիցների նկատմամբ բազմաբնույթ բռնություններ գործադրելը, նրանց առողջությանը վնաս պատճառելը, իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, քրեական տեռորը, ծայրահեղ միջոց զենք գործադրելը ու ցուցարարներին գնդակահարելը, Սահմանադրության խախտմամբ քաղաքական ակցիան ճնշելուն բանակը ներգրավելը եւ այլն, ինքնին իշխանությունը յուրացնելու հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը բնորոշող գործողություններ են:

բ) Հիշյալ հանցավոր գործողությունները ուղղորդված են եղել պետության քաղաքական համակարգի հիմքերին, հասարակական կարգին, իշխանության լեգիտիմությանը, պետական իշխանության եւ նրա մարմինների բնականոն գործունեության սահմանադրական կարգին: Սրանք ինքնին իշխանությունը զավթելը հանցագործության անմիջական օբյեկտն են:
Հանցավոր գործողությամբ նաեւ վնաս է պատճառվել բռնության ենթարկվածների առողջությանը, պատվի եւ արժանապատվության անձեռնմխելիությանը: Այս շահը կամ բարիքը նույնպես պաշտպանվում է իշխանությունը յուրացնելը հանցագործության կամ օրենքի ուժով եւ համարվում է նրա լրացուցիչ օբյեկտը:

գ) Հանցավորների դիտավորությունների նպատակը եղել է պետական իշխանությունը բռնությամբ զավթելը կամ բռնությամբ պահելը: Այս միասնությունը իշխանությունը յուրացնելը հանցագործության սուբյեկտիվ կողմի տարրերն են:

Հիշյալ հանգամանքներում նկատելի է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործողությունները նպատակ են հետապնդել Սահմանադրության խախտմամբ բռնությամբ զավթել կամ բռնությամբ պահել պետական իշխանությունը (300 հոդվածի կազմ), այլ ոչ թե տապալել կամ փոփոխել պետության քաղաքական համակարգը, հասարակական կարգը, պետության կառուցվածքը ու Սահմանադրությունը (300.1 հոդվածի կազմ): Օրինակ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, երբ պետական իշխանությունը պահելու նպատակով 2016թ. սահմանադրական փոփոխությունների մոդելով քանդեց պետության քաղաքական համակարգը, հասարակական կարգը, պետության կառուցվածքը, ինչպես նաեւ փոխեց Սահմանադրությունը, ապա այդ գործողությունները լիովին առաջացնում են սահմանադրական կարգը տապալելը հանցագործության կազմ: Իմիջիայլոց, զարմանալին այն է, որ թավշյալ հեղափոխությունից հետո երկրում ողջ պետական համակարգը ղեկավարվում է սարգսյանական կեղծված ու խրթին Սահմանադրության դրույթներով եւ դրանից բխող ընտրական օրենսդրությամբ:

Հեղափոխությունը համակարգի փոփոխություն է նշանակում, մինչդեռ այժմ ունենք թշնամաբար տրամադրված հակադիր քաղաքական ուժերի երկիշխանություն, ինչը խիստ վտանգավոր է երկրի կայունության համար:

Ըստ իս՝ հանրաքվեի միջոցով անհրաժեշտ է անհապաղ չեղարկել կեղծված ավտորիտար Սահմանադրությունը եւ նախկին Սահմանադրության հենքով առանց առճակատումների ձեռնամուխ լինել ներկայացուցչական մարմինների ընտրություններին: Նկատենք, որ մարտի 1-ի գործի բացահայտումը նախկին իշխանությունները կոծկել են, իսկ հանցավորներին՝ պարտակել: Այժմ ՀՔԾ-ն, ոստիկանությունը եւ այլ ուժայինները ուշագրավ եւ հիմնավոր բացահայտումներ են կատարում, ուստի բոլորս պարտավոր ենք աջակցել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա

«Առավոտ»

06.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031