ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջին սպարտակիադայի մասնակից, Հայաստանի բասկետբոլի հավաքականի նախկին խաղացող, 80-ամյա Ռոմիկ Գրիգորյանի համար տարին հոբելյանական էր. նախ՝ իր ծննդյան տարեդարձի առումով, ապա՝ 1958-1968-ին նա եղել է մեր պետության «հրաշալի մարզիկներից»՝ իր գրքում գրել էր մեկ այլ լեգենդար բասկետբոլիստ Եղիշե Դավթյանը: Սակայն «Առավոտը» նրա հետ հանդիպեց ճիշտ այն ժամանակ, երբ տարեց մարզիկը իր բնակարանում պատահածի պատճառով հայտնվել էր իրավապահ մարմինների «ուշադրության» կենտրոնում:
«Ցնցվեցի, երբ գնացի բնակարանս ու տեսա, որ այնտեղ մարդ է ապրում»,-պատմում է Ռ. Գրիգորյանը: Մալաթիա համայնքի Բաբաջանյան փողոցի 26/6 շենքի 28 բնակարանը Երեւանի քաղաքապետի որոշմամբ տրամադրվել է անվանի մարզիկին: Բնակարանը ստանալուց հետո նա հասցրել էր դուռ դնել, լոգարանն ու զուգարանը վերանորոգել, իսկ ապա, երբ երկրորդ կարգի հաշմանդամ կնոջ խնամքի հետ կապված հարցեր են ծագում, նրանք բնակվում են դուստրերի հետ այլ տարածքում: Դուստրերը հայրիկի տունը չեն վաճառում, որեւէ անգամ որեւէ մեկին չեն խնդրում իրենց անունից հանդես գալ այլ ատյաններում: Մեծ է լինում նրանց զայրույթը, երբ հերթական այցի ժամանակ տեսնում են դուռը կոտրած, փականը փոխված, եւ երբ կանչում են իրենց համատիրության պատասխանատուին, պարզվում է հետեւյալը. «Նախշուն Պետրոսյանը դողալով եկավ, բացեց դուռը, ասաց՝ որեւէ տեղ չբողոքեք, ասաց, որ իր աղջիկն է բնակվում, որ աղջկա հետ վիճել է»: Ի դեպ, աղջիկը կարողացել էր «Երեւան ջուր» ՓԲԸ-ին դիմել, ջրաչափն իր անունով անել, ապա անձնագրայինի միջոցով գրանցվել մի բնակարանում, որտեղ որեւէ մեկին չի ճանաչում, չունի տանտերերի համաձայնությունը, որեւէ ազգակցական կապ:
Այս ժամանակահատվածում տարեց մարզիկի մի աչքի տեսողությունը վատանում է, նրան շտապ պետք էր վիրահատել, սակայն քանի որ քրեական գործ է հարուցվում, նա զբաղվում է միայն դրանով:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Արսենյանը որոշում է ընդունել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Միքայելյանի օգոստոսի 16-ի որոշման դեմ բերված Ռ. Գրիգորյանի բողոքը մերժելու մասին: Նելլի Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այս տարվա մարտի 6-ին: Ըստ նախաքննության մարմնի որոշման. «Նելլի Հայրապետյանը խոստովանել է, որ չի ճանաչել տանտերերին եւ այդ բնակարանում վարձակալական հիմունքներով չի բնակվել»:
Ուշագրավ է, որ քննիչը, լսելով Նելլի Հայրապետյանի՝ Ռ. Գրիգորյանի սեփականության դեմ ոտնձգություն կատարածի բացատրությունը, արձանագրել էր. «Նելլի Հայրապետյանն անօթեւան չմնալու, իր մանկահասակ երեխայի հետ դրսում չբնակվելու պատճառով որոշել է ապօրինի մուտք գործել վերը նշված հասցեի բնակարան, եւ Ռոմիկ Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Հռիփսիմե Հովնանյանի կամքին հակառակ կոտրել է բնակարանի դռան փականը, բնակություն հաստատել այդտեղ»: Բնակարանում նա ապրել է տասնչորս ամիս, մինչդեռ քննիչը արձանագրել է՝ ութ ամիս: Բնակվելու ժամանակ նա լույս էր քաշել շենքի լիազորի բնակարանից:
Բնակարանի տիրոջ վրա թողել է երեսուն հազար դրամ ջրի վարձ, վնասել էլեկտրական հաղորդիչները: Նա պարտավորվել էր, որ իր գույքը բնակարանից դուրս բերելուց հետո կվճարի ութ հարյուր հազար դրամ, առաջարկել է գումարը տալ մաս-մաս, ինչին վիրավորված ընտանիքը բնականաբար չի համաձայնել:
Քրեական հետապնդումը դադարեցվել էր նաեւ ուրիշի տուն մտցնողի՝ մոր նկատմամբ: Քննիչը նշել էր, թե որոշ ժամանակ Նելլին բնակվել է նույն շենքի մեկ այլ բնակարանում, երբ Ռոմիկ Գրիգորյանի դուստրը գնացել է քննիչի մատնանշած բնակարան, տանտերերը զարմացել են այդ հայտարարությունից եւ տեղեկացրել, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք մշտապես բնակվել են այդ տանը, եւ որեւէ մեկը չէր կարող բնակվել նրանց հետ: Սակայն այս մի սուտ «կուտն» էլ անցկացվել է եւ իրավական գնահատականի չի արժանացել քննիչի կողմից:
Ըստ քննիչի՝ ուրիշի տուն` դուռը կոտրելով մտնելը եւ այնտեղ բնակություն հաստատելը «ոչ մեծ ծանրության» հանցանք է, եւ Նելլի Հայրապետյանը գնացել է այդ քայլին, քանի որ փողոցում չի ցանկացել բնակվել: Ի դեպ, փողոցում չմնալու համար իրավախախտը կարող էր քննիչի տանն էլ ապաստան գտնել:
Քննիչը իրավական գնահատական չի տվել, առհասարակ չի հարցրել՝ լավ, փողոցում չմնացիր, հասկացանք, մտար ոչ թե մորդ տունը, այլ օտար մարդու, անպաշտպան կենսաթոշակառուների տուն, այդ դեպքում ինչպե՞ս գրանցվեցիր նրանց հասցեում: Տանտերերի բողոքներից հետո նրան գրանցումից դուրս են հանել, տունն այս պահին դատարկ է:
Իսկ ո՞վ է հատուցելու թոշակառու ամուսինների ապրումների համար, անվանի մարզիկի՝ ապրումներից տեսողությունը կորցնելու համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
06.10.2018