Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ուժեղագույն երիտասարդ գեղասահորդները հավաքվում են Երեւանում

Հոկտեմբեր 08,2018 12:00

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում հոկտեմբերի 10-13-ը կայանալիք գեղասահքի «Գրան Պրիի» յոթերորդ՝ եզրափակիչ փուլին ընդառաջ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ Չմշկասահքի միջազգային միության ներկայացուցիչ Սարգիս Թեւանյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Սարգիս Թեւանյանը նշել է, որ երբ Հայաստանն անցած տարի ISU-ի երիտասարդական «Գրան Պրիի» փուլը հյուրընկալելու ցանկություն էր հայտնել, մարզաձեւի միջազգային միությունը մեծ խանդավառությամբ էր ընդունել այդ գաղափարը: «Այսպիսի մակարդակի մրցաշարը Երեւանում անցկացնելը հիանալի խթան է մարզաձեւը Հայաստանում զարգացնելու համար: Չմշկասահքի միջազգային միությունը ավելի շատ նոր երկրներ ընդգրկելու նպատակներ ունի: Այս առումով Հայաստանը նրա համար միանգամայն նոր է: Երիտասարդական սերիան բաղկացած է յոթ փուլերից, որոնցում միավորներ վաստակելով՝ գեղասահորդները պայքարում են եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Միայն երեւանյան փուլի ավարտից հետո հայտնի կդառնան այն մարզիկների անունները, որոնք դեկտեմբեր ամսին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին»,- ասաց Սարգիս Թեւանյանը:
Մելանյա Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ «Գրան Պրիի» հայաստանյան փուլին մասնակցելու համար Երեւան են ժամանելու աշխարհի 31 երկրների 87 երիտասարդ գեղասահորդներ: «Հայաստանը ներկայանալու է հինգ մարզիկով՝ Էդվարդ Տեր-Ղազարյան, Մարինա Ասոյան, Էլեն Հակոբյան, ինչպես նաեւ Վիկտորյա Ազրոյանն ու իր ուկրաինացի զուգընկերը: Էդվարդը մարզվում է Մոսկվայում, Մարինան եւ Էլենը՝ Երեւանում: Սակայն, ցավոք, աղջիկները սահադաշտի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով շուրջ երկու ամիս պարապուրդի են մատնված եղել եւ մարզումները վերսկսել են բոլորովին վերջերս:

Մեր երիտասարդ գեղասահորդները պետք է պայքարեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքի համար: Այդ նպատակով նրանցից պահանջվելու է կարճ եւ կամավոր ծրագրերում համապատասխան միավորների պաշար հավաքել»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Նա նաեւ խոսեց Հայաստանի ազգային հավաքականի անդամների մասին: «Անաստասիա Գալուստյանը վերջնականապես ապաքինվել է մեջքի վնասվածքից եւ մարզիչ Ալեքսանդր Ումանովի ղեկավարությամբ մարզվում է Մոսկվայում: Սլավիկ Հայրապետյանը Սոչիում է: Անաստասիան ու Սլավիկը հոկտեմբերի 13-14-ին Բելառուսի մայրաքաղաքում հանդես կգան «Minsk Open Cup» մրցաշարում: Առանց զուգընկերոջ մնացած Թինա Կարապետյանը անհատական մարզումները շարունակում է Կանադայում՝ իր մարզչի ղեկավարությամբ: Ներկայումս նրա համար զուգընկեր ենք փնտրում, եւ արդեն երկու հոգու թեկնածություն է դիտարկվում: Մեկը ԱՄՆ-ից է, մյուսը՝ Ճապոնիայից: Տեղեկացնեմ, որ մեր բոլոր գեղասահորդներն էլ եկող տարվա մարտի 18-24-ը Ճապոնիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն»,- եզրափակեց Մելանյա Ստեփանյանը:

Երիտասարդների «Գրան Պրիի» յոթերորդ փուլի տոմսերն արժեն 4000 եւ 6000 դրամ, իսկ Իրինա Ռոդնինայի մարզադպրոցի տրիբունաները կարող են տեղավորել 400 հանդիսականի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

06.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031