Լոռու մարզի Օձուն գյուղում մեկնարկեց բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնը՝ մասնակցությամբ 5 երկրների արվեստագետների: Այս մասին փառատոնի բացման ժամանակ հայտարարեց հիմնական կազմակերպիչ՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Ելութ ունեցողները՝ նկարիչներ Կոստանդին Մոլոդիխը (Ռուսաստան), Վասիլի Պեշկունը (Բելառուս), Բոլատ Մուխամադիեւը (Ղազախստան), Նուգզար Մելաձեն (Վրաստան) եւ Վլադիմիր Սիմոնյանը ընդգծեցին, որ մեծ սիրով են մասնակցում «Թումանյանական աշխարհ» խորագիրը կրող փառատոնին, որը նվիրված է մեծն Թումանյանի 150-ամյակին: Այդ նպատակով նկարիչները կլինեն Լոռվա թումանյանական վայրերում՝ պատկերներ ստեղծելով Դդի ուսից, Ծովերից, Սիրուն խաչից եւ այլ վայրերից ինքնատիպ պատկերներ: Փառատոնը կտեւի 10 օր եւ իր վերջին ակորդը կունենա Օձունի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ ծավալուն ցուցադրությամբ: Փառատոնի բացումից առաջ նկարիչները արդեն հասցրել էին լինել Լոռվա բնաշխարհի գողտրիկ անկյուններում եւ առաջին տպավորությունները ունենալ: Նրանց կարծիքը մեկն է՝ այստեղ բնությունը ստեղծագործական ոգեշնչման անհատնում աղբյուր է:
«Որ կողմն էլ նայում ես, ինքնատիպ պատկեր է,- ասում է ղազախ նկարիչ Բոլատ Մուխամադիեւը,- ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, բայց թվում է, թե ամեն ինչ նոր եմ տեսնում, քանի որ Լոռվա աշխարհում ամեն մի պատկեր անկրկնելի է, եւ այն նկարչի համար ոգեշնչման մեծ աղբյուր է»: Իսկ նրանք, ովքեր առաջին անգամ են Հայաստանում, Լոռին հայտնություն է, պատկերաերանգային լուծումների լայն հնարավորություն:
«Այստեղի բնությունը ոգեւորում է ամեն մեկիս,- ասում է սանկտպետերբուրգցի նկարիչ Կոստանդին Մոլոդիխը,- այդ իսկ պատճառով աշխատում ենք ինքնամոռաց, մեծ սիրով ու ոգեւորությամբ: Բնության եւ ոչ մի անկյուն չի կրկնվում, եւ ձգտում ենք փոխադրել կտավի վրա»:
Փառատոնի աջակիցներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ ԱՊՀ երկրների միջպետական մարդասիրական հիմնադրամը: Փառատոնի ամենամեծ աջակիցը արվեստասերն է, ով մեծ սիրով հետեւում է ստեղծված աշխատանքներին, նաեւ հնարավորությունը՝ քննարկումներ ունենալ արվեստագետների հետ:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Երեւան-Օձուն
«Առավոտ»
06.10.2018