«Արդարացում Շանթ Հարությունյանին»
քաղաքացիական նախաձեռնության
հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ. անսալով Ցեղակրոն կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի այսօր բանտից մեզ ուղղված հերթական ասպետական հորդորին, այն է` ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակն առավել չսրելու համար ձեռնպահ մնալ իր ազատության համար որևէ հանրային բողոքի միջոցառում իրականացնելուց, և հաշվի առնելով մեր երկրորդ պահանջի` համապարփակ համաներում հայտարարելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլը (կառավարությունը մշակել և Ազգային ժողով է ներկայացրել համաներման վերաբերյալ օրինագիծ), մենք ժամանակավորապես կասեցնում ենք մեր բողոքի գործողությունները, ակնկալելով, որ իշխանությունները ճգնաժամը հանգուցալուծելուն պես, վերջապես քաղաքական կամք կդրսևորեն և կիրականացնեն օր առաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իրենց ցավալիորեն արժեզրկվող խոստումը:
Մենք հետևողական ենք լինելու մեր պայքարում և ցանկացած պահի պատրաստ ենք վերսկսելու մեր գործողությունները, որոնց մասին անպայման տեղյակ կպահենք հանրությանը:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին և նրանց կուսակիցներին այսօր մեզ սատարելու և մեր միջոցառմանը մասնակցելու համար:
Մեր պայքարն արդար է, մենք` խաղաղ, բայց վճռական:
Նախաձեռնության համակարգող` Արամ Ավետիսյան
07.10.2018