Լրահոս
Օրվա լրահոսը

Լորը` քաղցրաթթու թանձրուկով

Հոկտեմբեր 07,2018 22:48

Այս թանձրուկով կարելի է պատրաստել ոչ միայն լոր, ինչը միշտ չի, որ կարող եք գտնել, այլեւ` հավի ճուտ, ինչպես նաեւ` ամբողջական հավ կամ առանձին հավի թեւիկները կամ բդիկները:

Անհրաժեշտ մթերքները

Լոր-5-6 հատ

Սխտոր-1-2 պճեղ

Եղեգնաշաքար (շագանակագույն շաքար)- 1 ճաշի գդալ

Կիտրոնի հյութ- 0,5 կիտրոնի

Չիլի պղպեղ թարմ կամ չորացրած կամ աղացած- ըստ ճաշակի

Աղ- 0,5 թեյի գդալ

Չորացրած ուրց կամ հազրեվարդ կամ օրեգանո- 0.5 թեյի գդալ

Չորացրած բարբարիս – 1 թեյի գդալ(պարտադիր չէ)

Սոյայի սոուս-1 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Լորիկներին լավ մաքրել եւ լվանալ: Ապա շատ լավ չորացնել թղթե անձեռոցիկով եւ վրաները սուր դանակով մի քանի անցք անել` հատկապես ոսկորների մոտ:

Եթե պատրաստելու եք ոչ թե լոր, այլ հավ կամ ճուտ, նույնպես մի քանի տեղից անցքեր արեք, որպեսզի թանձրուկի համն ավելի լավ վերցնի: Նույն ձեւով պետք է նախապատրաստել նաեւ հավի բդիկները կամ թեւիկները:

Առանձին տարայի մեջ պատրաստեք թանձրուկը: Սխտորը մաքրեք, լվացեք, մանր կտրատեք, լցրեք տարայի մեջ: Լավ լվացած կիտրոնի կեղեւը քերեք, ավելացրեք սխտորին:

Ավելացրեք չիլին` եթե թարմ է, մանր կտրատեք մոտ 1 թեյի գդալի չափ, եթե աղացած է, ավելացրեք ըստ ճաշակի: Ավելացրեք նաեւ բարբարիսը, կիտրոնի հյութը, եղեգնաշաքարը, սոյայի թանձրուկը, չորացրած կանաչին, ձիթապտղի յուղը եւ լավ խառնեք: Հիշեք, որ սոյայի թանձրուկն ինքն իրենով շատ աղի է, եւ աղի քանակը թանձրուկի մեջ շատ քիչ արեք:

Պատրաստի թանձրուկը լցրեք լորիկների վրա, լավ տրորեք, որ ամբողջովին թանձրուկապատվեն բոլոր կտորները:

Տարան ծածկեք փայլաթիթեղով եւ դրեք սառնարան առնվազն մեկ գիշերով: Կարող եք սառնարանում թողնել մինչեւ 2 գիշեր: Պատրաստելուց առաջ նախապես տաքացրեք ջեռոցը 200-220  աստիճան: Լորիկները դրեք ջեռոց մոտ 20 րոպեով, ընթացքում առաջացած հյութից պարբերաբար լցրեք լորերի վրա: 20 րոպեն լրանալուց հետո ջերմաստիճանը դարձրեք 150 եւ թողեք եւս 15 րոպե:

Հանեք լորերը, դրեք մատուցարանի մեջ, առաջացած թանձրուկի վրա դրեք մի կտոր կարագ, նորից դրեք ջեռոցը երեք-չորս րոպեով:

Հանեք թանձրուկը եւ լցրեք լորիկների վրա ու մատուցեք: Կարող եք քամել, նոր լցնել, եթե չեք ուզում ատամների տակ սխտոր, կիտրոնի կեղեւ կամ բարբարիս ընկնի:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031