Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ այսօր ՀՀ որոշ ուժեր շատ հաստատուն քայլերով քայլում են դեպի պատմության աղբանոցը, ով ինչ անի՝ իրե՛ն կանի». Փաշինյան

Հոկտեմբեր 07,2018 18:07

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածին քաղաքի  2703 ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում հայտարարեց. «Այսօր Հայաստանում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները շատ բողոքում են, ասում են՝ հեղափոխություն մեր քաղաք չի հասել: Կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի եւ տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլ նաեւ հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ աչքիդ վերևը ունք կա, որովհետեւ էջմիածինցին ազատ է, հպարտ է, հաղթական է, հզոր է: Ես կարծում եմ, ով-ով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը եւ ուզում եմ ՀՀ պատմության ողջ ընթացքում, որպես լրագրող, քաղբանտարկյալ, պատգամավոր, ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց ի վերջո մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում էինք դեպի ազատություն եւ դեպի օրինականություն: Ես ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր իսկ սեփական ձեռքերով, ձեր նվաճած ազատության համար»:

Ըստ Փաշինյանի, ոմանք ազատությունը, ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, բայց ժողովրդավարությունը ամենեւին էլ ամենաթողությունը չէ, ընդհակառակը, ամենախիստ կարգուկանոնը հաստատվում է ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն համարում է օրինականության շահառուն ու տերը:

Նա ասաց, որ հույս ունի, որ տեր կկանգնեն Էջմիածնում իրենց  ազատությանը եւ այլեւս թույլ չեն, որ ՀՀ-ում իշխանության գան «բդեշխները», որոնք պետք է որոշեն, թե որտեղով պետք է քայլեն, ինչ պետք է անեն, ում պետք է ընտրեն. «Այսուհետ դուք եք որոշելու, որեւէ մեկը չի կարող ոտնձգություններ անել ձեր ազատության, ձեր հպարտության նկատմամբ: Այսօր ՀՀ-ում հաստատված է օրինականություն եւ ազատություն, այսօր ՀՀ քաղաքացին իրեն զգում է հաղթանակած: Ցավոք, այսօր Հայաստանում դեռ կան ուժեր, քաղաքական կուսակցություններ, ովքեր իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, ովքեր դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, ում մտքով նույնիսկ անցնում է, թե կարելի է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից: Ես չեմ ուզում նույնիսկ ասել, որ այդ մարդկանց ուղղակի հուսահատություն է սպասվում, նրանք չեն ուզում պատկերացնում, որ հին կոռուպցիոն համակարգը ՀՀ-ում որեւէ շանս չունի, հաստատե՛ք դա: Ես այդ քաղաքական ուժերին ուզում եմ ասել, որ պետք չի վատ զգալ սեփական հայրենիքում, երբ ժողովուրդը լավ է զգում: Մեր ժողովուրդը հաղթել է եւ մի՛ փորձեք որեւէ ձեւով անմտությամբ փչացնել այդ հաղթանակը, չի ստացվի դա ձեզ մոտ: Սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեր մոտ չի ստացվելու, որովհետեւ ՀՀ-ում հաղթել է ազգային սերը, միասնությունը, որեւէ մեկը չի կարող խաթարել այս ժողովրդական միասնությունը»:

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում թշնամիներ չկան, որեւէ հայ մյուսին թշնամի լինել չի կարող. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, արհամարհել իրավունքը, արհամարհել ժողովրդի պահանջը, նրանք կհայտնվեն պատմության աղբանոցում: Եվ ես ցավում եմ, որ այսօր ՀՀ որոշ ուժեր շատ հաստատուն քայլերով քայլում են դեպի պատմության աղբանոցը: Հե՛տ կանգնեք այդ ճանապարհից: Հին հայկական ասացվածք կա՝ ով ինչ անի, իրեն կանի»:

Նա ասաց, որ եթե ժողովրդին հարգեն, իրենց են անելու, եթե կարհամարհեն ժողովրդի պահանջը, ՀՀ պետական ու ազգային շահը իրենց են արժանացնում այդ արհամարհանքին, որովհետեւ ուրիշ շանս չկա, ժողովուրդը հաղթել է ու հաղթելու է ամեն ժամ, ամեն տարի:

Նա ասաց, որ այն մարդիկ, ովքեր շաբաթը մեկ անգամ վազում են բրյուսելներ ու բողոքում, թե գիտեք, ՀՀ-ում բռնապետություն է, որեւէ մեկը ՀՀ-ում չի կարող բռնապետություն հաստատել, ով ուզում է լինի. «Եթե որեւէ մեկի մտքով անցնի Հայաստանում բռնապետություն հաստատի, նա կհայտնվի ոչ թե պատմության, այլեւ «Սանիթեքի» աղբանոցներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031