Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ Արցախում են

Հոկտեմբեր 07,2018 10:32

Երեւան, հոկտեմբերի 7, 2018 թ.։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն օգտագործել են հնարավորությունը՝ ոլորտային հանդիպումներ ունենալու պատասխանատու անձանց եւ հնարավոր շահառուների հետ։

Գրող, «Ռուսկի բուկեր» և «Մեծ գիրք» մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան երեկ Երևանի «Զանգակ» գրատանը հանդիպել է հայաստանցի ընթերցասերների հետ: Հանդիպմանը ռուսաստանցի անվանի գրողը հատվածներ է ընթերցել է իր հայտնի ստեղծագործություններից, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Տիկին Ուլիցկայան հանդիպման ընթացքում խոսել է նաև հակամարտության կողմերի միջև խաղաղության հաստատման գործում կանանց դերի և առաքելության մասին:

Երեւանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ է այցելել «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի եւ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանի ուղեկցությամբ։ Այցը կազմակերպվել էր տիկին Ալշանսկայայի ցանկությամբ՝ մանկատանն ընդհանուր ծանոթության նպատակով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Հակոբյանի եւ մանկատան աշխատակիցների մասնակցությամբ քննարկմանը անդրադարձ է եղել երեխաների՝ մանկատանը հայտնվելու պատճառներին եւ դրանց հաղթահարման միջոցների ձեռնարկմանը։

Աուտիզմ, Դաունի համախտանիշ, տեսողության, լսողության եւ այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնման եւ սոցիալիզացման ծրագրերով զբաղվող «Երազանքի դահուկներ» ՀԿ-ի ղեկավար Աննա Շիլովան հանդիպել է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հայրապետյանի, Ծաղկաձորի ճոպանուղու ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանի, Ծաղկաձորի հյուրանոցների միության տնօրեն, լեռնադահուկային մարզիչ Էդգար Սողոմոնյանի հետ։ Տիկին Շիլովան իր գլխավորած կազմակերպության աջակցությունն է առաջարկել լեռնադահուկային մարզիչների վերապատրաստման գործում՝ որպեսզի նրանք պատրաստ լինեն մարզելու նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների գնահատում անելու վերաբերյալ։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելուց հետո մարզիչների խումբը կվերապատրաստվի կամ  Ռուսաստանում, կամ ռուսաստանցի մասնագետների կողմից՝ հենց տեղում, ինչը նրանց հնարավորություն կտա տիրապետելու հաշմանդամություն ունեցող անձանց մարզելու որոշակի գործնական հմտությունների։

Այսօր ռուսաստանցի կին գործիչների խումբը Արցախում է, որտեղ նրանք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ մեկնելու են առաջնագիծ՝ խաղաղության իրենց ուղերձը հղելու հակամարտության կողմերին։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031