Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցիալ-տնտեսական գործընթացները էվոլյուցիոն են, ռևոլյուցիոն չեն. Հրանտ Բագրատյան

Հոկտեմբեր 07,2018 11:00
hrant bagratyan

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսական իրավիճակն ավելի վատթարանա:

«Առավոտի» հարցին՝ կցանկանա՞ իր ներուժն ու փորձը ներդնել նոր կառավարությունում, եթե նման առաջարկ լինի, մանավանդ բազմաթիվ անձինք որպես տնտեսական զարգացման նախարար իր թեկնածությունն են առաջ քաշում, Հրանտ Բագրատյանն ի պատասխան ասաց՝ միշտ խուսափում է պատասխանել եթե-ներով հարցերին, քանի որ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման հարցերն անձին կարող են գցել անհարմար իրավիճակի մեջ:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենց ծրագրում ներկայացված են այն բոլոր խնդիրները, որոնք բարձրացվում են և դրանք մայիսի 12-ին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հրանտ Բագրատյանը պատմեց. «Մեր լաբորատորիայի աշխատանքը որպես նվեր փոխանցել եմ Նիկոլ Փաշինյանին: Անմիջապես ասել ենք, որ հանկարծ մտքով չանցնի՝ մենք ոչ մի պաշտոն չենք ուզում. պարզապես սա նվեր է»:

Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը բա՞ց է եղել առաջարկներն ընդունել, համագործակցել, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես դա վարչապետի համար չեմ արել, այլ իմ պարտքն եմ կատարել պետության համար: Ես չգիտեմ՝ ինչ հետևանք կունենա դա»:

Մեր այն հիշեցմանը՝ անընդհատ քննադատում են, որ կառավարությունն անփորձ է, չի ներկայացրել տնտեսության զարգացման տեսլականի մասին որևէ փաստաթուղթ, Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Այն, որ անփորձ են, արված քայլերի՝ առայժմ զգալի մասի հետ ես համաձայն չեմ, որոնք վատացնում են վիճակը, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ մենք մակրոտնտեսական ցուցանիշներով ունենք սոցիալ տնտեսական վիճակի լուրջ վատացում վերջին երկու ամիսներին»:

Փաստեցինք՝ Նիկոլ Փաշինյանը դա պատճառաբանում է նրանով, որ քաղաքական անկայուն վիճակ է, ուստի մինչև չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ խնդիրները չեն լուծվի: Հրանտ Բագրատյանն այս հարցում համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ. «Ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ այսօր նա ունի աշխարհում երբևէ ամենալսող խորհրդարանը: Կան կոնկրետ սխալներ, որոնք կառավարությունն արել և անում է, որ արդյունքի չի բերում: Կան քայլեր, որ ճիշտ են, բայց դրանք քիչ են։ Սոցիալ-տնտեսական ոլորտում վերջին երկու ամսում մենք նկատում ենք լուրջ անկում: Սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ տեսե՞լ էիք հեղափոխություն, որից հետո տնտեսությունն աճեր, չէ՞ որ տնտեսությունն աճում է: Հետո փոխեց տոնայնությունը: Երբ մամուլով զգուշացրի, թե զգույշ եղիր, որ այդ աճի մեծ մասը վիվառոներն են, ինքն արդեն խոստովանեց դա: Նույնիսկ այդ վիճվարչությունն է դա փաստում, որը կեղծել է Ռոբերտ Քոչարյանի օրոք և կեղծում է նաև Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց ինքն էր չէ՞, որ նշանակեց»:

Շարունակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման՝ Հրանտ Բագրատյանը զգուշացրեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է վիճակն էլ ավելի վատանա: Ըստ ՀՀ նախկին վարչապետի՝ միևնույն է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են: Այս առիթով Հրանտ Բագրատյանը մանրամասնեց. «Մենք հիմա խոսում ենք արտահերթի արտահերթի մասին: Չէ՞ որ խոսք էր տրված՝արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն ապրիլ-մայիսին: Այդ երեք-չորս ամիս առաջ ընկնելու մասին եմ ես խոսում»:

Մեր հստակեցմանը՝ իրատեսական չի՞ համարում այն, որ դեկտեմբերին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Դա իրենց գործն է: Մենք ոչ տեսնում ենք դեկտեմբերը, ոչ չենք տեսնում: Դեկտեմբեր կամ ապրիլ, մեծ տարբերություն չկա: Սա այն խորհրդարանն է, որը ոչ մի օրենքի չէ չի ասել, ընդունել են: Իսկ իրենք օրենք ունե՞ն տանելու, սա խնդիր է: Հիմա Նիկոլ Փաշինյանի մի բանն է լավ. սկսել է ընկալել, որ սոցիալ-տնտեսական բաղադրիչները էվոլյուցիոն, ոչ թե ռեվոլյուցիոն բաղադրիչներ են: Իսկ այդ էվոլյուցիայի համար ի վիճակի՞ են կառուցվածքներ ստեղծել»:

Մեր այն դիտարկմանը՝ ժամանակ է պետք նոր կառավարությանը, Հրանտ Բագրատյանն այսպես արձագանքեց. «Հինգ ամսվում 50 հատ սխալ են արել, կարելի էր գոնե այդ սխալները չանել: Ամենամեծ սխալը կուտակայինն է. օրինակ՝ հիսուն միլիարդ փող տարավ բյուջեից: Ինչ-որ մի հիմարների փող ենք տանում տալիս, անհասկանալի է: Այսինքն՝ մենք դա կրկնապատկեցինք, ինչքան Սերժ Սարգսյանի ժամանակ էր: 25 միլիարդը դարձրինք հիսուն, փոխանակ 25-ը վերացնեինք։ 2018-ի առաջին 8 ամիսներին պետական սեկտորի աշխատավարձն աճել է 1.8%-ով, իսկ գները 3.3%։ Պաշտոնական թվեր են»։

Հրանտ Բագրատյանը մտահոգված է՝ տնտեսությունը փող չի ստանում, մարդիկ աշխատավարձ չեն ստանում, գնողունակությունն իջնում է և առաջ է բերում տնտեսության անկում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031