Այն բանից հետո, երբ դերասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սևերի և սպիտակների, սևերի ու սպիտակների թեման դարձավ շատերի խոսակցության թեման: Պարզ է, որ դերասանը սպիտակ ասելով նկատի ուներ հեղափոխականներին, և սև ասելով՝ հակահեղափոխականներին: Ընկերս, որ գեղանկարիչ է, այս առթիվ արտահայտվեց ու ասաց, որ նկարչի համար երբեմն սևն ավելի կարևոր ու դրական է, քան սպիտակը: Սա, իհարկե, հումորով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենևին կարիք չկար հեղափոխականներ ու հակահեղափոխականներ և սևեր ու սպիտակներ փնտրել քաղաքապետի ընտրության ֆոնին և ընդհանրապես սևությունն ու սպիտակությունը քաղաքական ու կուսակցական հատկանիշ համարել, և եթե սևությունը` բացասական, իսկ սպիտակությունը դրական հատկանիշ համարենք, պիտի նկատենք ու ընդունենք, որ սևեր ու սպիտակներ կարող են լինել միևնույն կուսակցության ներսում, և եթե հեղափոխական ես, ցանկության դեպքում սևեր կարող ես գտնել նաև հեղափոխականների մեջ:
Քաղաքապետի ու ավագանու ընտրություններն ավարտվեցին, բայց սևերի ու սպիտակների թեման, կարծում եմ, կշարունակվի: Ցավոք սրտի: Ասում եմ՝ ցավոք սրտի, որովհետև շատերը հեղափոխությանն անդամագրվեցին ու նվիրաբերվեցին այն պատճառով, որ հեղափոխության առաջնորդն իր իսկ ղեկավարած ու առաջնորդած հեղափոխությունն անվանեց սիրո ու համերաշխության հեղափոխություն: Սևերի ու սպիտակների մասին ընդհանրապես խոսք չկար: Հեղափոխության իսկական նվիրյալների մտքով չէր էլ անցնում, որ իրենք սպիտակ են:
Եվ ընդհանրապես՝ որևէ նորմալ մարդու մտքով չի կարող անցնել, որ ինքը սպիտակ է, իսկ ուրիշները՝ սև, կամ՝ իր համախոհները սպիտակ են, իսկ ոչ համախոհները՝ սև, և ենթադրում ենք, որ դերասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սևերի ու սպիտակների մասին իր միանգամայն ավելորդ ու անտեղի նկատառումներն արել է քաղաքապետի ընտրության միանգամայն ավելորդ լարվածության պատճառով, և, կարծում եմ, սևերի ու սպիտակների թեման միանգամայն անցողիկ ու ժամանակավոր էր, ու երևի էդ թեմային իմ էս անդրադարձն էլ է ժամանակավրեպ ու անտեղի, բայց, բոլոր դեպքերում, պիտի էս թեմային անդրադառնալով՝ էս թեման վերջնականապես փակենք, որովհետև եթե էս թեմայով շարունակենք խոսել, խոսքը խոսք կբերի, ու վերջ չի լինի, որովհետև Ֆեյսբուքում ու զանազան այլ վայրերում նկատվում է, որ սևերի ու սպիտակների, ինչպես նաև հեղափոխականների ու հակահեղափոխականների թեման շատերի սրտով ու ճաշակով է, և շատերը կցանկանային, որ այդ թեման երբևէ չփակվի, որովհետև խոսելու այլ թեմա չունեն, մինչդեռ մարդիկ համաձայն էին, որ Նիկոլ Փաշինյանով սկսված և գրեթե բոլորով շարունակված հեղափոխությունն անվանվի սիրո ու թավշյա հեղափոխություն, և շատերը հենց հանուն սիրո էին հեղափոխական դարձել, և իրականում հենց նրանք են իրական սպիտակը, բայց նրանք, ի տարբերություն իրենք իրենց սպիտակ հորջորջողների, երբևէ իրենք իրենց սպիտակ և ուրիշներին սև չեն անվանում, որովհետև հատկապես այսօր մեզ հակացուցված են ներքին պառակտվածությունն ու ներքին թշնամանքը, և նույնիսկ մշտապես անհաշտ Զարուհի Փոստանջյանն է դա գիտակցում ու ազգային միասնության և ազգային համերաշխության կոչեր հնչեցնում՝ քննադատելով միմյանց վարկաբեկող ու անձնական վիրավորանքներ հասցնող քաղաքապետի պաշտոնի հավակնորդներին:
Կյանքը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդների ընտրվելու շանսերն իրարից էնքան տարբեր էին, որ քաղաքապետի ընտրությունն իրար պախարակելու ու վարկաբեկելու պատճառ չպիտի հանդիսանար, բայց որ հանդիսացավ, դրա պատճառը հիմնականում հավակնորդների ու շատերի քաղաքական թերիմացությունն էր, որովհետև ոչ միայն քաղաքապետի պաշտոնի հավակնորդները, այլև անկախ դիտորդներիցս շատերն էլ չէին պատկերացնում, որ դերասան Հայկ Մարությանն իր մրցակիցներին կհաղթի այդ աստիճան բացարձակ ու բացահայտ տարբերությամբ ու առավելությամբ, էլ չեմ ասում, որ կային նաև մարդիկ, ովքեր կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված էյֆորիայից հասարակությունը դուրս է եկել, և հնարավոր է նույնիսկ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Հայկ Մարությանը չհաղթի, բայց կյանքն ու քաղաքապետի ընտրությունը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխությունը ոչ միայն չեն խամրել, այլև միանգամայն նոր փայլ են ձեռք բերել, և եթե ոմանք կարծում էին, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Փաշինյանն ու իր կուսակցությունը կարող են և չհաղթել, հիմա արդեն միանգամայն հակառակ կարծիքի են. հիմա արդեն վստահաբար կարծում են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն կազմակերպելու համար Փաշինյանին ու նրա կուսակցությանը սրանից ավելի լավ ու հարմար պահ հնարավոր չի պատկերացնել, բայց հնարավոր է և պատկերացնում ենք անհամեմատ հաշտ ու խաղաղ ընտրապայքար՝ առանց ավելորդ աղմուկ-աղաղակի և առանց միմյանց վարկաբեկելու ու նվաստացնելու,
մանավանդ որ՝ պարզ դարձավ, որ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվեն մոտ ապագայում, վերստին կհաղթի վարչապետի կուսակցությունը, ընդ որում՝ վերստին մեծ առավելությամբ և առանց ընտրախախտումների: Հարկ է, որ սա գիտակցեն նաև հեղափոխականները, և եթե գիտակցեն, այլևս չեն շարունակի մեզ բաժանել սպիտակների ու սևերի:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ