Պարոն Փաշինյան, Ձեզ է գրում Արցախի՝ Մարտունիի զորամասերում մեկում օրեր առաջ սպանված Գեւորգ Հարոյանի հարազատներից Լուսինե Մկրտչյանը: Մեր կորստի, ցավի, դառնության ու տառապանքի պատճառը Դուք իմացած կլինեք, մամուլը գրեց այդ մասին: Դուք էլ զինվոր որդի ունեք, որին ուղարկել եք Արցախ ծառայելու:Աստված նրան էլ թող պահի ու պահպանի:
Բայց, վստահ եմ, որ Ձեր զինվոր որդին չի ծառայում այն պայմաններում ու այն զորամասում, որտեղ ոչ կանոնադրական հարաբերություննները վերածվել են ֆաշիստական մոդիֆիկացված կտտանքների, տանջանքների ու հալածանքների: Առաջարկում եմ՝ մի քանի օր թող Ձեր որդին՝ առանց թիկնապահների, առանց որեւէ մեկի ուղեկցությամբ, իր ծառայությունը շարունակի Մարտունիի այդ զորամասում, տեսնի, հասկանա, գա Ձեզ պատմի, թե ինչպես են վարվում ՀՀ հպարտ զինվորների, հող հայրենին պաշտպանող երիտասարդների հետ: Կարծում եմ՝ դա կլինի ամենաճիշտ, իրավացի «ինսպեկցիան»:
Պարոն Փաշինյան,մեզ՝ որդներ ծնած մայրերիս համար պարզ չէ, թե մեր երեխաները հայրենիքին ծառայելու ընթացքում պետք է թուրքերի՞ց, թե՞ թուրքանման հայերից, տեղական «սաֆարովներից», «պերմյակովներից» ու «ալիեւներից» պաշտպանվեն: Ինչո՞ւ հայկական եւ Արցախի բանակում հրամանատարներ են դառնում անկայուն վարքով, հոգեկան շեղում, ադեկվատության պակաս ունեցող, զինվորին տանջամահ անող, իշխանությունից ու փողից շլացած մարդիկ: Նրանք զինվորական գործից ու զինվորի հետ աշխատանքից գաղափար չունեն: Առաջարկում եմ ՝ մեր երեխաների օրինակով, թող բանակի ղեկավարությունն ու հրամանատարական կազմը եւս բուժզննում անցի ՝ հոգեկան շեղման հայտնաբերման, ալկոհոլային, թմրանյութերից կախվածության հիմքով: Հաջորդը՝ Պարոն Փաշինյան, ճշմարիտ է, որ երբ Դուք ստանձնեցիք ՀՀ վարչապետի պաշտոնը, հանձնարարեցիք մեր բանակայիններին ապահովել հագուստով ու հիգենայի պարագաներով։ Իրականում, Ձեր որոշումը կատարված է թերի, եթե չասենք՝ մի քանի օր: Բանակում սպանված Գեորգ Հարոյանի հագուստը գողացվել է մի քանի անգամ, ինչի մասին նա տեղեկացրել էր մեզ:
Նույնիսկ սպանությունից երկու օր առաջ նա եղել է հնամաշ հագուստով, այն դեպքում, երբ մայրը մի քանի օր առաջ էր նրան հագուստ ու կոշիկ տարել: Եթե Ձեզ զեկուցում են, որ այդ հարցը լուծված է բանակում, ապա , փաստորեն, Ձեզ ստում են: Չստացվի այնպես, որ Դուք բախվեք այն իրավիճակին, ինչի մեջ մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այն է՝ իրավիճակը չկառավարելու մեջ: Դուք սիրում եք ասել, որ իրավիճակ է փոխվել, հիմա ես Ձեզ հարցնու եմ՝ իրավիճա՞կ է փոխվել:
Արդեն վեց ամիս է, ինչ Դուք մեր վարչապետն եք, որին սատարել ենք մեծ հույսով ու հավատով, բայց, ցավոք, պետք է ասենք, շոշափելի փոփոխություններ բանակում տեղի չեն ունեցել՝ զորամասերից էլի զինվորական հագուստով անմեղ զինվորների դագաղներ են գալիս, էլի նույն ծեծը, ջարդը, առանձնակի դաժանությամբ խոշտանգումներն ու սպանությունները զորամասերում: Բանը հասել է նրան, որ մարդիկ զորամասերը գիտեն, ոչ թե նրանց գտնվելու վայրով, այլ «դեմբելների» կամ առանձնահատուկ դաժանությամբ զինվորներին ծեծող ու սպանող «մսագործ» հրամանատարների անուններով, օրինակ՝ «Լուկաշի չաստ»՚: Մեր երեխաներին պահում , մեծացնում ենք, որ դրանց զոհը դառնա՞ն: Բա էս հողը, ջուրը, արեւը, մայրամուտը, սարերը, լեռները, գարունները ու՞մ համար են: Կարո՞ղ է նրանց պահում ու բանակ ենք ուղարկում, որ Բակո Սահակյանի ղեկավարած հանրապետությունում դառնան անմեղսունակ հրամատարների կամայականությունների, հաբռգածության ու հարբածության զոհերը: Չեն կարող կարգ ու կանոն սահմանել, թող վարձու բանակ պահեն:
Պարոն Փաշինյան, հայտարարում եմ , որ իմ որդուն չեմ ուղարկելու ծառայության: Իմ ողջ մայրական ուժով, կամքով ու նույնիսկ կյանքով, չեմ թույլ տա, որ տանեն ու ՀՀ զինված ուժերի մսացուն դարձնեն: Քանի դեռ երաշխավորված չէ իմ եւ մնացած հայ տղաների ֆիզիկական անվտանգությունը՝ ներբանակային, ներզորամասային կտտանքներից կոչ կանեմ բոլոր մայրերին՝ վարվել ինձ նման: Այդ երիտասարդները մեր ազգի պոտենցիալ «սերմնացաներն են», ազգը բազմացնողները: Ի վերջո, պետությունը պարտավոր է երաշխավորել, այսպես կոչված, խաղաղ պայմաններում հայ զինովորների կյանքը, ֆիզիկական գոյությունը եւ մարդու ապրելու իրավունքը: Կարող եք հենց հիմա ինձ կալանավորման հրաման տալ: Չմտածեք, թե առիթ եմ փնտրում, ո՛չ: Մեր ընտանիքը արդեն կորցրել է մի զինվորի, երկրորդին ես գիտակցված մահվան չեմ ուղարկի: Հասկանալով, որ Դուք ժառանգել եք «սերժաքոչարյանական» թալանապետության ավերը նաեւ պաշտպանության ոլորտում, առաջարկում եմ Ձեզ՝ մի քանի ամսով հետաձգեք զորակոչը եւ այդ ընթացքում մաքրեք ՀՀ զինված ուժերը կաշառակեր, մարդասպան, հայահալած, զինվորասպան, զինվորի բաժին կյանքը խլող, հոգեկան շեղում ունեցող համատարական կազմը, վռնդեք, քշեք դրանց, այս դեպքում նաեւ՝ բանտերը լցրեք հայի կյանքն ու արյունը խմող հայերով, իսկ զորամասերի փոխարեն «մահվան ֆաբրիկաներ» հիմնած «քաջասիրտ» արյուն խմողներին, ուղարկեք թուրքի բերանը՝առաջին գիծ: Իրենց հմտությունները թող այնտեղ փորձարկեն եւ հաճույք ստանան:
Միայն այդ դեպքում իմ որդուն կուղարկեմ հայոց ազգային բանակում իր պարտքը կատարելու հայրենիքի նկատմամբ: Թուրքի գնդակից զոհվելը դեռ հասկանալի է, բայց Արցախի ու Հայաստանի զորամասերում տիրող թողտվությունից՝ անբացատրելի: Պետությունը մի քանի սրիկաներին չի՞ կարող պատժել, որոնք իրենց թալեաթական հայատյացությամբ, ուրախացնում են թշնամուն: Զինվորներին սպանելուց հետո էլ պետական պաշտոնական հաղորդագրություններում զինվորասպնությունը որակում է որպես ինքնասպանություն: Սա մի այլ տեսակի ու բնույթի վարկաբեկման, պատվազրկման, պիտակավորման հանցավոր գործունեություն է: Կանխեք այդ լկտիությունը: Այդպես եղավ նաեւ մեր Գեվորգի սպանությունից հետո, երբ հեռուստաընկերությունները հայտնեցին «ինքնասպանության» մասին:Միայն հաջորդ օրը մեր բարձրացրած աղմուկը փոխեց հաղորդագրությունների բովանդակությունը: Ուրեմն, համ որդի կորցնենք, համ է՞լ պայքարենք, որ մահվան ճիշտ պատճառները նշվե՞ն:
Հերիք է, բավական է բարոյապես ու ֆիզիկապես սպանեն հային սեփական հայրենիքում: Կարգավորեք պետությունը, ժամանակն է ելույթներից ու հրապարակային գործունեությունից անցնել իրական գործերի: Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ բարձրացրածս խնդիրների լուծում եւ գյումրեցի Գեւորգ Հարոյանի սպանության հանգամանքների արդար քննություն:
1) Հոկտեմբեր 1 – «զինուորի մահ՝ չպարզուած հանգամանքներում»
( https://www.aravot.am/2018/10/01/984468/ ): Մտածեցի թաքցնում են, քանի որ նման դէպքերում կա՛մ ծառայակիցներն են սպանած լինում, կա՛մ Ալիեւն է խախտել Դուշանբէի պայմանաւորուածութիւնը: Նոյն օրը տեղեկութիւն եղաւ, որ գիւմրեցի բժշկի որդի է
( https://www.aravot.am/2018/10/01/984488/ )
2) Հոկտեմբեր 2 – «Քննչական կոմիտէն յայտարարում է, որ ինքնասպանութիւն է»
( https://www.aravot.am/2018/10/02/984770/ ): Արդէն պարզ էր ինձ, որ Ալիեւը չէ, այլ ծառայակիցներն են սպանել: Հայաստանի նորագոյն պատմութեան նմանատիպ բոլոր դէպքերը ներկայացւում են որպէս ինքնասպանութիւն: Ակնյայտ է, որ կոմիտէն, հաւատարիմ իր գործելաոճին, փորձում է կեղծել է քննութիւնը: Ուստի քրէական պատասխանատուութեան պիտի ենթարկուեն փաստերը կեղծողները:
3) Հոկտեմբեր 3 – «ըստ մօր՝ Գեւորգի վրայ կապտուկներ կային. նրան ծեծելով են սպանել»
( https://www.aravot.am/2018/10/03/985101/ ): Աւելին, երեխան քանիցս բողոքել է ծառայութեան պայմաններից:
4) Հոկտեմբեր 4 – «լուր չկայ»: Քննչական կոմիտէն, հաւանաբար, մտավախութիւն ունի, որ յանցանքը ջրի երես է դուրս գալիս:
5) Հոկտեմբեր 5 – «ձերբակալւում է վաշտի հրամանատարը»
( https://www.aravot.am/2018/10/05/985561/ )
Ղարաբաղցի մանր ու խոշոր պաշտօնաւորներ, զինուորականներ,
Խելքներդ գլուխներդ հաւաքէք: Վայը տարել ա ձեզ, եթէ էս ժողովրդի համբերութեան բաժակը լցուի: Շարժուէք Մայր Հայաստանի խաղի կանոններով: Հակառակ դէպքում էնպիսի ցասման կ’արժանանաք, որ Բաքուի ռեժիմին երանի կը տաք: Սա ինձնից ձեզ մտերմիկ խորհուրդ,,