Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական ու ռեկտորի ժ/պ-ի թեժ ընտրություն Շիրակի մայր բուհում

Հոկտեմբեր 06,2018 23:24

Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Ինչպես միշտ, այն ժամեր տևեց․ սկսվեց ժամը 12-ին՝ ավարտվելով ուշ երեկոյան։ Օրակարգի ամենաինտրիգային հարցը վերաբերում էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը։

ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո ՇՊՀ ռեկտորի պարտականությունները դրված էին պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի վրա, վերջինս, սակայն երկու անգամ՝ օգոստոսի 21-ին և  օգոստոսի 30-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Օգոստոսի 30-ին տեղի էր ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը, և Երվանդ Սերոբյանին խնդրել էին ռեկտորի պարտականությունները կատարել մինչև ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարվելը։

Տեղեկանալով, որ վերջինս հրաժարական է ներկայացրել, իսկ բուհում իրավիճակը խոցելի է, խնդիրների լուծումն էլ հրատապ, հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բուհի մի քանի աշխատակիցներ առաջարկել էին արտահերթ նիստ հրավիրել, բավարարել Երվանդ Սերոբյանի հրաժարականը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու էլ առաջադրել Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանին։ Ռեկտորի ժ/պ-ում ինքնառաջադրվել էր բուհի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Լիլիթ Ասոյանը, «Իմ համալսարանը» շարժումն էլ առաջադրել էր Արման Հովհաննիսյանի թեկնածությունը, որը դասախոս է, «D-link»-ի Գյումրու հետազոտական կենտրոնի ղեկավարն է։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Երվանդ Սերոբյանից մեկ անգամ ևս ճշտեց՝ նա հեռանո՞ւմ է, թե՞ մնում և համաձա՞յն է լինել ռեկտորի պաշտոնակատար, եթե խորհուրդը դեմ չլինի։

Որոշվեց հետևյալը՝ եթե այս երեք թեկնածուներից որևէ մեկը չստանա 13 և ավելի ձայներ, ռեկտորի ժ/պ նշանակել Երվանդ Սերոբյանին։

Թեկնածուներից յուրաքանչուրին հինգ րոպե ելույթ ունենալու հնարավորություն տրվեց,  հարցեր ուղղվեցին։ Մրցակցությունը կարելի է ասել բավական թեժ էր․ և քանի որ հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա էին 21-ը, իսկ քննարկվող հարցն անչափ կարևոր էր, առաջարկվեց հարգելի պատճառով ներկա չգտնվող հոգաբարձուների խորհրդի երեք անդամներին ևս չզրկել ձայնի իրավունքից։ Որոշվեց, որ ներկաները ընտրություն կկատարեն փակ քվեարկությամբ, իսկ բացականերին հնարավորություն կտան հեռախոսով կատարել իրենց քվեարկությունը։

Երկու անգամ քվեարկություն տեղի ունեցավ․ Լիլիթ Ասոյանը, որը ստացել էր մեկ ձայն, դուրս եկավ առաջին փուլից։ Երկրորդ փուլում մրցակցությունը տեղի ունեցավ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ 12 ձայն ստացած Թամարա Մելիքյանի և  5 ձայն ստացած Արման Հովհաննիսյանի միջև։ Երկրորդում փուլում ևս Թամարա Մելիքյանը ստացավ 12 ձայն, իսկ Արման Հովհաննիսյանը՝ 8 ձայն, մեկ հոգի չքվեարկեց, երեք հոգի՝ բոլորին դեմ էին։

Այսպիսով ռեկտորի ժ/պ նշանակվեց Երվանդ Սերոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031