Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ուժերի հետ նոր դիմակայությունը կարող է Հայաստանը գցել մեկ այլ քաղաքական ճգնաժամի մեջ. Stratfor

Հոկտեմբեր 06,2018 23:11

Ամերիկյան Stratfor հետազոտական ինստիտուտը վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար:

Ինչ է տեղի ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ չի ընդունում նախորդ իշխող Հանրապետական կուսակցության պահանջներն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019թ. մայիսին կամ հունիսին, և նշեց, որ դրանք կլինեն շատ ավելի շուտ՝ այս տարվա դեկտեմբերին: Փաշինյանն ասաց, որ երկիրը «քաղաքական ճգնաժամի» մեջ է, և ավելացրեց, որ «մենք կլուծենք այդ ճգնաժամը»: Մինչդեռ Հանրապետական կուսակցությունը պնդում է, որ կառավարությունն իրենց պետք է «ողջամիտ ժամանակ» տա ընտրություններին նախապատրաստվելու համար:

Նախապատմություն

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը նախաձեռնվել էր Հանրապետական կուսակցության կողմից  և ստացավ «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների աջակցությունը, և որով բարդանում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Փաշինյանը դա անվանեց «հակահեղափոխական» քայլ, և հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, ինչը կհանգեցնի արտահերթ ընտրությունների:

Խորհրդարանի քվեարկությունից անմիջապես հետո Փաշինյանը հեռացրեց կառավարության 6 անդամների, որոնց կուսակցություններն աջակցել էին օրինագծին: Այդ ընթացքում Փաշինյանի հազարավոր աջակիցներ հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց՝ իրենց բողոքը հայտնելով օրինագծի դեմ: Իսկ հետո Փաշինյանը սկսեց բանակցություններ վարել Հանրապետական, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ արտահերթ ընտրությունների շուրջ: Մինչ այժմ այդ բանակցություններն արդյունք չեն տվել:

Ինչու՞ է կատարվում այս ամենը

Հայաստանում քաղաքական դիմակայությունը կարելի է դիտարկել որպես այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շարունակություն, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ լայնածավալ ցույցերը և հեղափոխական մյուս գործողությունները կարող են վերադառնալ: Չնայած ընդդիմության առաջնորդ Փաշինյանը կարողացավ դառնալ վարչապետ և հեռացնել Հանրապետակաների առաջնորդին, Հանրապետականները դեռ շարունակում են գերակշռող ներկայություն ունենալ Հայաստանի խորհրդարանում. նրանց կոալիցիան ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ խորհրդարանի 105 տեղերից զբաղեցնում է 88-ը, իսկ Փաշինյանի «Ելք» դաշինքն ունի ընդամենը 9 մանդատ:

Հենց որ «Ելք» դաշինքը առավելություն ստացավ սեպտեմբերի վերջին կայացած Երևանի ավագանու ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 80 տոկոսը, Փաշինյանն առաջ քաշեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը՝ փորձելով կոնսոլիդացնել իր քաղաքական դիրքերը: Մյուս խորհրդարանական խմբակցությունները դեմ են դրան, և այդ դիմակայությունը կարող է Հայաստանը գցել մեկ այլ քաղաքական ճգնաժամի մեջ:

Ի՞նչ սպասել

Այժմ շատ կարևոր է հետևել՝ արդյոք Փաշինյանի և Հանրապետական կուսակցության միջև բանակցությունները կհանգեցնեն համաձայնության, և երբ տեղի կունենան ընտրությունները:

Եթե նրանք համաձայնության չհասնեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում, Փաշինյանի համախոհների լայնածավալ ցույցերը կարող են վերադառնալ:

Նախկին ցույցերը հիմնականում խաղաղ էին,  բայց կարևոր կլինի հետևել՝ արդյոք բախումներ կլինեն ուժայինների և ցուցարարների միջև՝ հաշվի առնելով, որ այս անգամ քաղաքական բարձր պահանջներ են դրված: Ուժայինների դիրքորոշումը ցույցերին մեծապես կորոշի քաղաքական ճգնաժամի ընթացքը:

Հետաքրքիր կլինի հետևել Հայաստանի անվտանգության երաշխավորի և ամենաազդեցիկ արտաքին ուժի՝ Ռուսաստանի դիրքորոշմանը: Ռուսաստանը պաշտպանեց Փաշինյանին, բայց հետո լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ ձերբակալվեցին Հայաստանի նախկին քաղաքական և ուժային պաշտոնյաներ, այդ թվում ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը: Հնարավոր է, որ այս անգամ Ռուսաստանի աջակցության նժարը փոխվի Փաշինյանի ընդդիմադիրների կողմը, չնայած քանի դեռ Հայաստանը մնում է Ռուսաստանի քաղաքական շահերի շրջանակում, Մոսկվայի համար մեկ առաջնահերթությունը կլինի կանխել քաղաքական անկայունությունն այդ երկրում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031