Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ամեն անցնող ժամը Հայաստանը տանում է դեպի հեղափոխության պարտություն կամ քաղաքացիական պատերազմ
Ապրիլյան զարմանահրաշ՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այս պահին երկրորդ` էլ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել և եթե հասունացող պայթյունավտանգ իրադրությունը Ձեր կողմից իրականացվելիք քայլերի ոսկերչական հաշվարկով շատ արագ չդիմակայվի, ապա հայտնի ուժերի կողմից տեղադրված ռումբը հաստատ կպայթի և առանց չափազանցության Հայաստանը կհայտնվի այնպիսի անդունդում, որի մասին երազել անգամ չեն կարող Էրդողանն ու Ալիևը, և որից հետո հանգիստ կարելի է աշխարհի քարտեզից ջնջել հրաշամանուկ Հայաստանի անունը /թող չթվա, թե ասվածը չափազանցություն է/:
Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում հապաղելն ուղղակի մահ է և պետք է` թեկուզ դանդաղ շտապելով կատարել միմիայն խիստ հիմնավորված քայլեր: Իսկապես հեծանիվ հնարելու հարկ չկա և այն ինչ առաջարկում է ՀՀ վարչապետը, դա իրավիճակի հանգուցալուծման միակ ճշգրիտ շարունակությունն է և այն պետք է իրականացնել օր առաջ: Իրականում, ստեղծված իրավիճակը և չափազանց բարդ է, և չափազանց պարզունակ: Բարդ է, որովհետև բարիկադի մյուս կողմում ևս մեր ազգակիցներն են և նրանց հետ չի կարելի վարվել որպես թշնամիների: Պարզ է, քանի որ հակադրության առաջին կողմում համարյա ողջ հայ ժողովուրդն է, որն այս հարցում չափազանց միասնական է: Կրկնում եմ, իրավիճակը կրիտիկական է և ճիշտ պահն է ևս մեկ անգամ հիշել մեծն Չարենցի հանճարեղ ասույթը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական միասնության մեջ է»:
Ի ուրախություն ողջ հայ ժողովրդի, Չարենցյան այս հզոր պատգամն այսօր կարծես իրականություն դառնալու ճանապարհին է և մնում է միայն, որպեսզի շենքի վերջին քարերը հանկարծ ծուռ չդրվեն ու չաղավաղվի սկսված հանճարեղ ստեղծագործությունը, քանզի կարող է Տերը երկրորդ հնարավորությունը չնվիրաբերի մեր ժողովրդին: Փորձեմ հակիրճ ձևակերպել, թե իրականում ինչպես տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը:
Տերը հանճարեղորեն գծագրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը հանճարեղորեն իրականացրեց Հայաստանի փրկության ծրագրի առաջին մասը: Համոզված եմ, որ Տերը երկրորդ մասը նույնչափ գթառատորեն և նույնքան ճշգրտորեն նախագծել է, մնում է հայ ազգի Նելսոն Մանդելան`Նիկոլ Փաշինյանը նույն ճշգրտությամբ և համառությամբ իրագործի հաղթական ավարտը, որի հաջողության մեջ դույզն անգամ չեմ կասկածում: Ասվածի համոզվածության երկու հիմնական պատճառ կա. առաջին, որ նրան ընտրել և ուղղորդում է Տերը և երկրորդ, Տիրոջ կամեցողությամբ նրա մեջքին մեկ մարդու պես կանգնած է համարյա ողջ հայ ժողովուրդը: Այնպես որ, այս ճանապարհից շեղվելը կլինի դավաճանություն և Տիրոջ, և հայ ժողովրդի նկատմամբ:
Նկատենք, որ այս պահից սկսած, ժամանակն ի վնաս ժողովրդի, և մասնավորապես նաև Նիկոլ Փաշինյանի է աշխատում, այնպես որ, չնայած վարչապետի ծայրագույն զբաղվածությանը, Ֆրանսիայից վերադառնալուց անմիջապես հետո, թեկուզ գիշեր-ցերեկ չքնելու գնով նա պետք է անմիջապես ձեռնամուխ լինի հրավիրելու Ազգային Ժողովի արտահերթ նիստ` օրակարգային մեկ հարցով. «Ազգային Ժողովի կամովին ինքնալուծարումը», որի իրագործման ճանապարհը հետևյալն է. հարցին համակարծիք ողջ ժողովուրդը պետք է մեկ մարդու նման /այդ հարցում իհարկե խոչընդոտ չկա, քանզի դա ժողովրդի և միակ ցանկությունն է, և փորձն էլ կա/ հավաքվի Ազգային Ժողովի այգում և հղի իր կենդանի և անմիջական պատգամը իր ընտրյալներին: Եվ, քանի որ վերջիններս անընդհատ բարձրաձայնում են, որ իրենք օրինական ճանապարհով` ժողովրդի ցանկությամբ են ընտրվել, իրենք ժողովրդի ծառաներն են, հետևաբար պատրաստ են կյանքի կոչել ժողովրդի ցանկացած պատգամ, քանզի այդ պատճառով է նաև, որ իրենց կոչումը ոչ այլ ինչ է, քան պատգամավոր: Իսկ ծառայի միակ սուրբ պարտականությունը տիրոջը ենթարկվելն ու ծառայելն է:
Համոզված կարելի է պնդել, որ եթե այս սցենարը չաշխատի, ապա ակնհայտորեն չի աշխատի նաև Նիկոլ Փաշինյանի երկու անգամվա հրաժարականի սցենարը, քանի որ երկու դեպքում էլ այն կախված է միմիայն նույն պատգամավորների պահվածքից, որը ոչնչով չի տարբերվում առաջին սցենարի պարագայում ցուցաբերած ցանկությունից: Այսինքն, երկու պարագայում էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը պետք է լուծվի ժողովրդի ճնշմամբ և եթե նրանք որոշեն խաբել, ապա անպայման խաբելու են` մի տարբերությամբ միայն, որ առաջին դեպքում նրանք պարտադրված կլինեն քվեարկել ժողովրդի ցանկությանը համահունչ, այսինքն` ընդունել ինքնալուծարման որոշում, քանզի այլընտրանք չեն ունենա և նրանք այնքան ժամանակ գերի կմնան Ազգային Ժողովի շենքում, քանի դեռ չեն ընդունել այդ որոշումը: Իսկ երկրորդ պարագայում, հույսը կդնեն այն բանի վրա, որ եթե ժամանակ ձգեն, ապա ինչպես ասում են, կամ էշը կսատկի, կամ էշատերը, քանզի երկու շաբաթը ավելի քան երկար ժամանակ է բազմապիսի ինտրիգային խաղեր տալու համար:
Զորօրինակ, ասենք 7 օրյա այդ միջակայքերում նրանք հանգիստ կլքեն հանրապետությունը և հերթով՝ խմբերով պարբերաբար կբացակայեն, որպեսզի անընդհատ քվորում չլինի և հետևաբար, քվեարկություն չլինի: Կամ կընտրեն իրենց ուզած նոր վարչապետին /կոճակ է էլի, կսեղմեն այնպես, ինչպես իրենց հարմար է/ և աշխարհին կասեն պաշտպանեք, փրկեք մեզ, քանզի մենք սխալ բան չենք արել, այլ ընդամենն իրացրել ենք մեր պատգամավորական իրավունքը: Խմբերով պարբերաբար բացակայելու սցենարը նրանք հանգիստ կարող են խաղարկել շատ երկար ժամանակ, քանի որ այդ հնարավորությունը լի ու լի ունեն: Այս պարագայում, երեխային անգամ հասկանալի է, որ Ձեր ծրագիրը լիովին կփլուզվի:
Ավելին, այս սցենարը նրանք կարող են հանգիստ խաղարկել` ընդհուպ մինչև Ազգային Ժողովի լիազորությունների ավարտը: Համոզված եմ, որ կան Ձեր առաջարկած ծրագիրը տապալելու շատ այլ սցենարներ ևս, որոնց մասին կբարձրաձայնվի ավելի հարմար պահի /ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել/: Ասվածից գալիս ենք միակ եզրահանգման. հարցը ավելի դյուրին հնարավոր է լուծել միմիայն առաջին տարբերակի պարագայում, իսկ մնացած բոլոր ճանապարհները տանում են կամ իրավիճակի էլ ավելի բարդացման, կամ հարցի վերջնական վիժեցման և հակահեղափոխության հաղթանակի շանսերի աստիճանական ավելացման:
Եվ այսպես, հաջողության ճանապարհը միակն է. արտահերթ նիստի հրավիրում վերը նշված օրակարգային մեկ հարցով և հավաքված ժողովրդի պարտադրանքի միջոցով Ազգային Ժողովի ինքնալուծարման որոշման կորզում, որը նաև Ձեր առաջարկն է, միայն ոչ երկու անգամվա հրաժարականի սցենարով: Մնացած բոլոր դեպքերում թավշյա հեղափոխության պարտությունը երաշխավորված է և երբևէ չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող էկավ գնաց…
Անանիա Մաղաքյան
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ, քաղաքագետ, վերլուծաբան
Հաաա,տեսնում եմ սիրտդ ,,թամաշա է,,ուզում…