Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ երգ էր երգում Ազնավուրի հիշատակի օրը ֆրանսիացի զինվորը. Ֆրանսիական Bratsch խմբի ու Ազնավուրի կապի մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2018 21:33

Հոկտեմբերի 5-ին Փարիզի «Հաշմանդամների պալատում» մեծն Ազնավուրին մատուցված բարձրակարգ Հիշատակի տուրքի ժամանակ հնչած հայերեն երգը` ֆրանսիացի զինվորականի կատարմամբ շատերիս հուզեց: Երգը կատարում էր Ֆրանսիական բանակի նվագախումբը` Ավրոր Տիյակի ղեկավարությամբ, դաշնամուրի մոտ էր Ժան Քրիստիան լե Կոզը, ջութակահարը` Գիյոմ Պլեյզը, իսկ երգում էր Ժերեմի Դելվերը (French Army Choir, direction Aurore Tillac,  Piano: Jean-Christian le Coz, Solo Violin: Guillaume Plays, Solo Voice: Jérémie Delvert):

Սակայն հետաքրքիր էր, թե ի՞նչ երգ է դա, ո՞վ է երգի հեղինակը:

Երեկ արդեն սոցիալական ցանցերը տարածել էին երգի օրիգինալը` ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ: Երգը կոչվում է «Հայկական վալս» (Armenian waltz):

Համացանցից պարզեցինք, որ այդ խմբի կազմում մեկ հայազգի երաժիշտ կա` Դան Ղարիբյանը (գլխավոր լուսանկարում` ձախից չորորդը): Նա խմբի կիթառահարն է եւ երգիչը, ինչպես նաեւ «Հայկական վալսի» հեղինակը, եւ նրա ձայնն է հնչում երգի օրիգինալում: Բացի նրանից խմբի անդամներն են նաեւ Նանո Պեյլետը` կլառնետահար եւ երգիչ, Բրունո Ժիրարը` ջութակահար եւ երգիչ, Ֆրանսու Կաստիելյոն` ակորդեոն եւ երգիչ, Պիեռ Ժաքեթն ու Թեո Ժիրարը` կոնտրաբասահարներ (Dan Gharibian – chant, guitare, Nano Peylet – clarinette, chant,  Bruno Girard – violon, chant, François Castiello – accordéon, chant, Pierre Jacquet puis Théo Girard – contrebasse):

Ձախից` աջ` Թեո Ժերար, Դան Ղարիբյան, Ֆրանսուա Կաստիելյո, Նանո Պեյետ եւ Բրունո Ժերար

Համացանցային փնտրտուքների արդյունքում գտանք նաեւ Ազնավուրի եւ Bratsch-ի կապը:  Dailymotion-ի 12 տարվա վաղեմության այս տեսանյութը  , որում պատմվում էր 82-ամյա Շարլ Ազնավուրի եւ Bratsch խմբի համագործակցության մասին: Ավելի ճիշտ` խմբի 2007 թվականին լույս տեսած «Լիքը աշխարհ» ալբոմում Ազնավուրի կատարած «Մի կաթիլ ջուր» երգի մասին:

Տեսանյութում խմբի անդամներն ասում են, որ Ազնավուրն իրենց համար հոր պես է: Իսկ Ազնավուրը պատմում է, որ սիրում է երաժշտությունների «միքս» անել, խումբն իրեն առաջարկել է  հայկական-ֆրանսիական երգ երգել, ու չնայած իր համար դժվար էր հայերեն երգելը, քանի որ իր լեզուն ֆրանսերենն է, բայց առաջարկը շատ գրավիչ էր եւ նա համաձայնել է:

Ահա այդ երգը.

Իսկ ի՞նչ խումբ է դա, ովքե՞ր են այդ խմբում:

Այս բոլոր հարցերի պատասխանները պարզեցինք խմբի ակորդեոնահար, խմբի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Ֆրանսուա Կաստիելյոյի (գլխավոր լուսանկարում` ձախից առաջինը) հետ զրուցում: Պարզվում է, խումբը հիմնադրվել է 80-ականներին` Բրունո Ժիրարի եւ Դան Ղարիբյանի կողմից, եւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտել է իր գործունեությունը` տալով վերջին համերգը` 30 տարուց ավելի բեմահարթակներում լինելուց եւ 16 ալբոմ ձայնագրելուց հետո: Ընդ որում, խումբը բազմիցս հանդես է եկել Հայաստանում` 2006 թվականին Երեւանում, Իջեւանում եւ Վանաձորում` երկուական համերգներով, իսկ 2011-ին Երեւանում` մեկ համերգով: Բացի ազգությամբ իտալացի Ֆրանսուա Կաստիելյոյից եւ հայ Դան Ղարիբյանից, մնացածը խմբում ֆրանսիացիներ են:

Ֆրանսուա Կաստիելյոն ասաց, որ Ազնավուրին իրենք հանդիպել են, երբ ստեղծում էին իրենց «Լիքը աշխարհ»ալբոմը, որով նշում էին խմբի 25-ամյա հոբելյանը: Նրանք խնդրել են Ազնավուրին իրենց հետ միասին երգ ձայնագրել եւ Ազնավուրը համաձայնվել էր: Սակայն նրանք դեռ չեն պարզել, թե ինչու է իրենց երգը հնչել Ազնավուրի հիշատակի արարողությանը:

Այժմ, խմբի լուծարումից հետո, խմբի անդամներից յուրաքանչյուրն այլ խմբի հետ է հանդես գալիս, այլ ծրագրով: Դան Ղարիբյանն այժմ «Տրիո Ղարիբյան» խումբն է ստեղծել:

Ի դեպ, համացանցում Bratsch-ի կատարմամբ կան մի քանի այլ հայերեն երգեր եւս` «Նուբար», «Նա մի նազ ունի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.- Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում խմբի անունը, Ֆրանսուա Կաստիելյոն պատասխանեց, որ դա գերմաներեն ալտն է, մեկ տառի փոփոխությամբ` bratsche:

Լուսանկարները` Bratsch խմբի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031