Երեւանում ընթանում է «ԴիջիԹեք 2018» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ 100-ից ավելի ընկերություններ իրենց նորարարական գաղափարներն են ներկայացնում:
Այս ցուցահանդեսում «Արմաթ» լաբորատորիանների սաները ներկայացնում էին իրենց թվային արտադրանքը: Օրինակ՝ Գորիսի «Արմաթ» լաբորատորիայի սաները համակարգչային ծրագիր էին գրել, որի միջոցով էլեկտրոնային սարքը մեծ արագությամբ գծագրում է, որեւէ պատկեր նկարում: Երեխաներն ասացին՝ «Հետագայում կստեղծենք, որ նաեւ ձեռագիր գրի, օրինակ ձեր ձեռագիրը սքան կանենք ու կգցենք համակարգչի մեջ ու ձեր ձեռագրով կգրի»:
«Արմաթ» լաբորատորիաների մեծ մասի հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: «Յուքոմը» նաեւ «ԴիջիԹեք 2018»-ի պլատինիում հովանավորն է: «Յուքոմը» նաեւ «Դիջիթեք 2018»-ի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի ժյուրիի անդամ է:
Ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Էդգար Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի կիսաեզրափակիչ փուլն էր այսօր. սթարթափների, նոր գաղափարների մրցույթում հաղթող թիմերը կմասնակցեն Մոսկվայում եզրափակիչ փուլին: Իսկ Մոսկվայում հաղթող թիմը կընդգրկվի Եվրասիական տնտեսական կոմիտեի կողմից նախատեսվող սթարթափների զարգացման ծրագրերում եւ ֆինանսական եւ գաղափարների զարգացման աջակցություն կստանան:
Կարապետյանն ասաց, որ մրցույթում թվային հետաքրքիր «պրոդուկտներ» են ներկայացվել. «Անվանակարգերից մեկը ՝ խաղային հարթակներ են, որոնք կարող են որոշակի դեր ունենալ Եվրասիական տնտեսական միության զարգացմանը»: Էդգար Կարապետյանը պատմեց, որ ներկայացված խաղերը նպաստում են երեխաների զարգացմանը, միջմշակութային կարեւորություն ունեն՝ ծանոթանում են տարբեր երկրների հեքիաթներին՝ վիրտուալ իրականության միջոցով:
«Արմաթ» լաբորատորիաների մասին էլ Էդգար Կարապետյանն ասաց, որ այն եւս ներկայցված է եղել մրցույթին. «Այս լաբորատորիաները գաղափարապես ստեղծվել, ներդրվել եւ զարգացել է Հայաստանում, եւ այսպիսով կարող է արդյունքները տարածել մյուս երկրների վրա, ու այն հնարավորություն է տալիս երիտասարդների մոտ ավել լավ տեխնիկական գիտելիքներ զարգացնել: Սա մեծ արժեք կարող բերել ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում»:
«Մենք շատ ենք կարեւորում նմանատիպ միջոցառումներում սթարթափ կամ կայացած ընկերությունների մասնակցությունը, որոնք կարող են ներկայացնել իրենց արտադրանքները եւ համագործակցության եզրեր գտնել այլ ընկերությունների հետ, որոնք նույնպես մասնակցում են այս միջոցառմանը»,-«Դիջիթեք 2018»-ի մասին ասաց Էդգար Կարապետյանը:
Նա նաեւ նշեց, որ «Յուքոմ» ընկերությունը հայկական շուկայում աշխատում է որպես մի ընկերություն, որը պատրաստ է աջակցել սթարթափ էկոսիստեմայի կայացմանը. «Մենք պատրաստ ենք աջակցել սթարթափներին, որոնք ունեն որոշակի գաղափարներ կամ «պրոդուկտներ» եւ նրանց, որոնց «արտադրությունը» համընկնում է մեր ընկերության հետաքրքրության հետ»: Պատրաստ ենք վերցնել դրանք «ինկուբացիակի» եւ «աքստերացիայի», եւ եթե բիզնես- իդեան հաջողակ լինի, պատրաստ ենք որոշակի ներդրում կատարել նմանատիպ ընկերությունում»:
«Դիջիթեք 2018» ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ 60-ական թվականների սովետական արտադրության զրահատեխնիկա, այն «վերակենդանացրել» եւ արդիականացրել էին, հիմա այն կառավարվում է համակարգչի միջոցով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ