Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս Շարլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Նա թաղվեց Փարիզից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա ծնողները և որդին:
Նույն օրը սգո օր է հայտարարված Հայաստանում եւ Արցախում: Սակայն, սուգը կարծես միայն Երեւանի վրա է «տարածվել», որովհետեւ օրինակ Արենիում գինու փառատոն է անցկացվում, մինչդեռ ժամանցային միջոցառումները պետք է չեղյալ հայտարարվեին:
Շանսոնյեի հուղարկավորության արարողությունը Ֆրանսիայի ժամանակով ժամը 13-ին էր, այսինքն՝ Երեւանի ժամանակով 15-ին: Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Ազնավուրի անունը կրող հրապարակում՝ ծաղիկներ խոնարհելու ու մոմեր վառելու նրա հիշատակին: Մարդիկ զայրացած էին, որովհետեւ հանվել էր նախորդ օրվա մեծ էկրանը, որով կարող էին դիտել «100 % -ով հայ, 100%-ով ֆրանսիացի» Ազնավուրի հուղարկավորությունից, կյանքից կադրեր, նրա երգերը: «Եթե պետք է էկրանը հանեին, տանից կսգայինք Ազնավուրի մահը»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ արտահայտելով մյուսների կարծիքը:
Մարդիկ նեղված էին, որ ոչինչ կազմակերպված չէր մեծանուն հայորդու աստղի մոտ, որտեղ հենց շարքային քաղաքացիներն են հավաքվում: Այդ մասին չէին հոգացել ոչ պատվիրակության կազմում Փարիզ մեկնած մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանը: «Առանց մշակույթի նախարարի էլ, միեւնույն է՝ Ֆրանսիան հոգացել էր, որ ամեն ինչ պատշաճ մակարդակով կազմակերպվի, իսկ նախարարը չէ՞ր կարող ինչ-որ բան մտածել գոնե Երեւանի համար, թե՞ միայն սելֆիի ժամ կարող է մտածել Անկախության տոնին»,- ասաց մեկ ուրիշը:
Ուղիղ ժամը 15-ին հավաքված քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ գոնե ծափահարեն Ազնավուրի հիշատակին ու այդպես նրան ճանապարհեն երկնային արքայություն: Քաղաքացիները ինքնակազմակերպվեցին, իրենք իրենցով մեծարեցին համեստագույն մեծ մարդուն, որ երբեք իրեն աստղ չի համարել, քանի որ ժպտալով ասում էր, որ աստղերը նրանք են, որոնք լուսանկարվում են շամպայնի բաժակով, լիմուզիններում, իսկ ինքը մեկն է, որն ուղղակի երգում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Խմբ. Ի դեպ, սգո օրը թերացել էին նաեւ դրոշները խոնարհելու առումով: Ասենք, այդ պատկերն էր Երեւանի քաղաքապետարանի մոտ:
Մի «սրտնեղում» էլ ես աւելացնեմ: Վարչապետ ջան, ելոյթդ չհաւանեցի (տեքստի մասին չեմ ասում, թէեւ դա էլ էր թոյլ): Հնարաւոր չէ՞ հանգիստ տոնով ելոյթ ունենալ՝ առանց գոռալու կամ բղաւելու: Հո Արտաշատի կամ Քյաւառի հանրահաւաք չի: «Լեզ Անվալիդում» բարձրաշխարհիկ մարդիկ էին հաւաքուած (ի դէպ՝ միայն հրաւիրատոմսերով): Ի վերջոյ՝ խօսքի, ելոյթի ազդեցիկութիւնը բնաւ կախուած չէ ձայնի բարձրութիւնից: Ելոյթի ժամանակ արտասանուող բառերը շա՜տ աւելի զօրաւոր են,,
Յուսով եմ՝ ֆրանսախօսների համաժողովին հիասթափութեան առիթ չենք ունենայ 🙂
Յ.Գ. Նաեւ յուսով եմ, որ ներքաղաքական խժդժութիւններ չեն լինի՝ մինչեւ համաժողովի աւարտը 🙂
Ներողութիւն, սակայն ես ալ այս կարծիքին հետ համաձայն չեմ, զորս բաւական լսւում է երկու օրէ ի վեր:
Հռետորական տաղանդի տեսակէտէն, շատ դժուար է մրցիլ ֆրանսացիներուն հետ, հետեւաբար շատ մը այլ պետութիւններու ներկայացուցիչներն ալ «տկար» պիտի հնչէին ու երեւնային այսպիսի առիթով մը, Մաքարոնիին բաղդատուելով:
Նաեւ, մարդը ի՞նչ կրնայ ընել, եթէ այդպէս են իր ձայնային լարերը, զիլ է ձայնը: Մնացեալն ալ յուզումի հետեւանքն էր:
Աւելի ի զօրու քննադատութիւն մը տարածուած է, ըստ էութեան մակարդակի վրայ,Փաշինյանի կարդացած դամբանականին բովանդակութեան վերաբերեալ: Կ’ըսուի թէ մի քիչ շատ քաղաքական բնոյթի արտայայտութիւններ կային այդտեղ: Այն հատուածները որ ես լսեցի, այդպէս չէին, սակայն լրիւ մտիկ չըրի, եւ շատ կը յուսամ որ այդ կարծիքն ալ առարկայականօրէն հիմնաւորուած չէ: ՄԱԿ-ի առջեւ արդէն այդպիսի ցաւալի սխալ մը ըրաւ, մի քիչ շատ ներազգային բնոյթի ճառ մը խօսելով:
Ֆրանսիացիների մրցելը գուցէ դժուար է, բայց անհնար չէ: Մենք ունեցել ենք (եւ ունենք) Լեւոն Տէր-Պետրոսեան: Անկախ նրա քաղաքական հայեացքներից, միանշանակ է, որ հայ քաղաքական գործիչների (եւ ոչ միայն) շարքում նա թերեւս լաւագոյն ճառասացն է: Նա առայժմ անգերազանցելի է: Հրամմեցէք՝ պատահական տեսանիւթեր նրա ելոյթներից՝ https://www.youtube.com/watch?v=Z5SD1GOy0RM
https://www.youtube.com/watch?v=K19AfQk0phQ&t=2s
էհ, այս մէկ դասընթացքին երեւի լաւ չէ հետեւած իր աշակերտը…
երեւի այժմու իշխանութիւնը մէկէն յիշեց որ Ազրանավուրը մտերիմ էր նախկին վարչակարգի ղեկավարներուն հետ, եւ Հայաստանի լիազօր ու մնայուն, պաշտօնական դեսպանն էր, Քոչարյանի օրերից ի վեր
քանզի այս է այժմու իշխանութեան մտքի մակարդակը…