Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը նշեց, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ` ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը խոսեց ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշեց, որ հաճախ քաղաքացիները դժգոհում են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքից` մասնավորապես, որ հերթեր են գոյանում, որոնց վերացման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:
Վալերիյ Օսիպյանը կրկին շեշտեց, որ ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն, և իր համար անհասկանալի են դեպքերը, երբ մայրաքաղաքում վարորդական իրավունք ստանալու համար վատ քննություն հանձնած քաղաքացին հանկարծ դրական է գնահատվում մարզում: Ոստիկանության պետը խստագույնս զգուշացրեց, որ կաշառակերության որևէ փաստի արձանագրման դեպքում ներում չի լինելու, և պատժվելու է ոչ միայն տվյալ ծառայողը, այլև նրա վերադասը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքներին վերաբերող այլ հարցեր ևս:
ՀՀ ոստիկանություն