Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի՝ հեղափոխության օրերին արված աջակցության գործընթացն էժանացնելու փորձերն անհաջողության են մատնվելու». Ի. Տոնոյան

Հոկտեմբեր 06,2018 14:56

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը

– Տիկին Տոնոյան, նախօրեին ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարություններին, որ նա հեղափոխության հենց սկզբնական շրջանից եղել է հեղափոխության կողքին, աջակցել է, մեքենաներով ջուր է ուղարկել ցուցարարներին, նշել է, թե չգիտի մեկին ով խմել է այդ ջրից: Ինչ պատասխան կտաք ՔՊ խոսնակի այդ հայտարարությունը:

– Նախ առաջին հերթին ուզում եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է հեղափոխությանը կայացման գործում ունեցած համակողմանի ու բազմակողմանի աջակցության մասին և խոսքն այստեղ չի վերաբերվել միայն մեքենաներով ցուցարարներին ջուր ուղարկելու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ, որոշ մարդկանց և քաղաքական ուժերի՝ կոնտեքստից կտրելով հարցազրույցի որոշ կետերին անդրադառնալու և դրանք ոչ այնքան շահեկան լույսի ներքո ներկայացնելու անհաղթահարելի ցանկությունը, սակայն պետք է հիասթափեցնեմ վերջիններիս: Նախ այն, որ ՔՊ խոսնակի անտեղյակությունը, որ իբր թե չգիտի այնպիսի մարդկանց, ովքեր խմել են այդ ջրից՝ նրան դեռևս իրավունք չի տալիս կասկածներ հայտնել տեղի ունեցած ակնհայտ փաստերի մասին: Օրեր շարունակ ջրով լի մեքենաները կանգնած են եղել և հրապարակում և տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսել ու օգտվել են դրանից: Այս դեպքում ավելի հասկանալի կլիներ արված լավության դիմաց շնորհակալ լինելու զգացողությունը, այլ ոչ թե ուրանալու և սեփական տեսադաշտից դուրս ուրիշ որևէ բան չնկատելու և չարժևորելու մոլուցքը:

Սրանից զատ՝ երբ մայրաքաղաքում սկսվեցին դեռևս սակավամարդ ցույցերը՝ դրանից անմիջապես հետո մեր հազարավոր թիմակիցներ ակտիվորեն մասնակցել են այդ բողոքի ակցիաներին: Այդ ամբողջ ընթացքում ակտիվ դերակատարում է ունեցել մեր թիմակից՝ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները մշտապես բարձրաձայնող «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իր մի քանի հազար թիմակիցների հետ անընդհատ եղել է հրապարակում, ելույթներ է ունեցել, բարձրաձայնել այդ օրերին բոլորին հուզող խնդիրները: Այդ օրերի իրադարձությունների մասին կարող եք խոսել հենց Արմեն Ներսիսյանի հետ, ով ամենայն մանրամասնությամբ կներկայացնի, թե որն է եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Եվ Արմեն Ներսիսյանը ընդամենը մեր բազմաթիվ թիմակիցներից մեկն է եղել, ով ընդվզման օրերին համակարգել է ԲՀԿ հազարավոր ներկայացուցիչների՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մարզերից Երևան հասնելու և հանրահավաքներին մասնակցելու գործընթացը: Ստիպված չէի լինի անդրադառնալ այս մանրամասներին, թե չնկատեի այս գործընթացում Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողքին կանգնած լինելու փաստերը էժանացնելու որոշ գործիչների անհաջող փորձերը:

– Ուրիշ ինչ կերպ է դրսևորվել հեղափոխությանը ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

– Եկեք վերհիշենք: Բացի իհարկե վերը նշածս գործողություններից՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալության հենց նույն օրը առաջինը հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երևույթը դատապարտող և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով հայտարարությամբ հանդես եկավ, իսկ այդ ժամանակ դեռևս Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք անգամ չկար և չէր էլ կարող լինել: Հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամբողջ կազմով խորհրդարանում առաջին անգամ առաջադրվելիս կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ երկրորդ անգամ նաև առաջադրման համար անհրաժեշտ ձայների ապահովմամբ լեգիտիմացրեց ժողովրդի կամքն ու ցանկությունը: Այնպես որ, քաղաքականության մեջ նոր-նոր քայլեր անող գործընկերներիս հորդորում եմ հայտարարություններ անելիս թարմացնել սեփական հիշողությունը և չփորձել մանիպուլյացիայի ենթարկել կամ այլ լույսի ներքո ներկայացնել ապացուցման կարիք չունեցող բացարձակ ճշմարտությունները:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծառուկեանի հարցազրոյցը ծայրից ծայր վերջն էր: Ամբողջ օրը ծիծաղում էի:
    20:00 րոպէն նայէք՝
    ՊՂ – Այսինքն՝ (Ա) Դուք հակայեղափոխութեանը չէք միացել:
    ԳԾ – Իիիիիիիիիիի՜ 🙂 🙂 (արտաբերած ձայնը գրել չի լինում)

  2. manvel says:

    Բարգավաճը այլևս պետք է քաղաքական դաշտից հեռանա .

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031