Հարգելի հայրենակիցներ
Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու համար:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը կամ քարոզչությունը:
Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար: Այդ իմաստով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող և նմանատիպ վատ երևույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի:
Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ևս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ և բարոյական դաստիարակության և այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական և բնականոն զարգացման պաշտպանության: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցերում:
Քանի որ փոփոխությունների փաթեթը բավականին լայն է և բազմաշերտ, կարծում եմ, որ կառաջարկվեն նաև այլ օրենսդրական փոփոխությունների, որոնց նպատակը պետք է լինի մեր երկրում ավանդական ընտանիքի, հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեական և ազգային արժեքների պաշտպանությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ՝ Էդուարդ Շարմազանով