Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը: Հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ձևավորված սերտ համագործակցությունը արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման ոլորտում: Գործուղման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է.Ազիմովայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների արդարադատության և վիճակագրության հավաքագրման ոլորտի հարցեր: Ս.Քրմոյանը հանդիպել է նաև Ղազախստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ և քննարկել է էլեկտրոնային արդարադատության և էլեկտրոնային դատարանների հետ կապված հարցեր: Ղազախստան կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ղազախստանի Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն