Իհարկե Փաշինյանը մեղավոր չէ, որ իր համար գժվում են, բայց նա մեղավոր է, քանի որ, կամ քանի դեռ հնարավորություն չի տալիս ընդդիմությանը վերադասավորվել, գուցե ձեւավորվել, մի խոսքով` ուշքի գալ: Պետությունն այն չէ, որտեղ ժողովուրդը պաշտում է իշխանությանը եւ գլխատում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն մի թթու խոսք ասել նրա հասցեին, այլ այն է, երբ ընդդիմություն կա, որի շնչից նույնիսկ ամենասուրբ իշխանությունը առնվազն դողում է ընտրությունների ժամանակ, դրանց նախապատրաստվելիս եւ դրանք հաղթահարելուց հետո:
Հիմա, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարվա դեկտեմբերին, բացի Քաղաքացիական պայմանագրից ու այդ կուսակցությանը մինչեւ հոգու խորքը սիրահարվածներից, ո՞վ է մասնակցելու, ի՞նչ հույսով: Եթե արդեն հիմա միայն Փաշինյան անունը բավական է, որպեսզի Հայաստանի չափահաս բնակչության 90 տոկոսից ավելին բարձր ծափահարի, ապա քանի՞ տոկոսի հույս ունենան մյուսները: Նկատի չունեմ` բոլորով միասին, այլ` առանձին-առանձին: Օրինակ ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն խորհրդարան կանցնե՞ն…
Բայց այստեղ մի նրբություն կա, ամենեւին պատահական չէ, որ կառավարության որոշմամբ Ազգային ժողովի դարպասները բացվեցին ու մարդիկ հնարավորություն ստացան նստել ԱԺ-ի դիմացի այգու նստարաններին եւ արեւածաղկի սերմ չրթել: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունները չհաղթահարած քաղաքական ուժերը, ըստ էության` բոլորը բացի ՔՊ-ից, հանգիստ եւ առանց պատգամավորական բեյջի կարող են մտնել ԱԺ տարածք, նստել այգու նստարաններին ու ժողովներ անել, հուշ-երեկոներ կազմակերպել, կարելի է նաեւ ասմունքի փառատոն կազմակերպել, բայց առաջարկում եմ ավելի կարեւոր գործով զբաղվել` նստել ու մտածել ընդդիմություն դառնալու մասին, որպեսզի այլեւս երբեք Հայաստանում չլինի մի ուժ, որի առաջնորդին անվերապահորեն վստահում է Հայաստանի չափահաս բնակչության 90 տոկոսը, ինչը պետության համար աղետ է:
Իրականում Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, քանի որ ընդդիմություն չկա: Տնտեսական էլ կա, քանի որ այն զարգացնողները վախենում են ասֆալտին պառկեցվելուց, իսկ ովքեր չեն վախենում` այդքան փող չունեն, որ տնտեսությունը զարգացնեն: Սոցիալական էլ կա, որովհետեւ մեր ժողովրդի մեծ մասը հեռուստացույցով հնդկական սերիալ է նայում, որը կոչվում է Մերժվածը: Դրա համար էլ մերժում ենք՝ առաջ իշխանությանը, այսօր՝ ընդդիմությանը: Առաջինն առաջացնում է ընդամենը հեղափոխություն, երկրորդը՝ բռնապետություն: Ի դեպ, Փհենյանից մինչեւ Կարակաս բոլոր բռնապետությունների հիմքում սերն է:
Հ. ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում