«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամն արդյունք էր երեք ուժերի կողմից վերջին պահին հայտնի օրենքի փոփոխություն կատարելու քայլի, որը, ըստ նրա, փակուղի մտցրեց նաեւ բանակցությունները խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրությունների կայացման մասով:
-Այո, որովհետեւ Նիկոլ Փաշինյա՞նն է այդպես հայտարարել, թե՞ ի սկզբանե Ձեր համոզմունքն էր դա։
-Տեսեք, կա երկու փաստարկ։ Փաստարկ մեկ, որ պետք է անցկացնել դեկտեմբեր ամսին, եւ այդ փաստարկի հիմնավորումները բերել է Նիկոլ Փաշինյանը, որը Ձեզ հայտնի է։ Եվ փաստարկ երկուս․ դա հակառակ կողմի փաստարկն է, որ պիտի հասցնենք պատրաստվել ընտրություններին։ Ես այս երկու փաստարկները երբ համեմատում եմ իրար հետ, գալիս եմ հետեւյալ եզրահանգման։ Կան հարցեր, որոնք գլխավոր են, եւ կան հարցեր, որոնք կարեւոր են։ Կարեւոր է հարցը, որ մենք պիտի հասցնենք պատրաստվել, սակայն ընտրությունների անցկացման ժամկետը գլխավոր հարցն է այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի։ Հետեւաբար, առաջնային սանդղակում մենք պիտի առաջնորդվենք գլխավորի տրամաբանությամբ եւ պիտի մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը՝ մարդկային, նյութական, գաղափարական, եւ կարողանանք արագ պատրաստվել ընտրություններին։ Իրավիճակի ամբողջ պատկերը հասկանալու եւ ընդունելու համար պիտի հասկանանք, որ մենք չենք ապրում եւ գործում ստանդարտ իրավիճակներում։ Մենք ապրում եւ գործում ենք ոչ ստանդարտ պայմաններում եւ պիտի ընդունենք ոչ ստանդարտ լուծումներ։
-Իսկ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է․ օրինակ, եթե տեսնեք, որ մարդիկ որեւէ պատգամավորի ուժով փորձում են նետել աղբամանը, Դուք ի՞նչ կանեք, կմիջամտեք եւ թույլ չե՞ք տա, թե՞ կօգնեք, որ ավելի հեշտ նետեն աղբամանը։
-Ես կարծում եմ՝ ամեն դեպքում ես ավելի դրական եմ տրամադրված եւ կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, եւ ՀՀԿ խմբակցության եւ մյուս խմբակցությունների քաղաքական ողջամտությունը կհաղթի։ Այսինքն՝ հանրության հետ լարվածությունն ու առճակատումը չի հասնի էն աստիճանի, որ մենք ականատես լինենք նման դեպքերի։ Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը նկատի է ունեցել գուցե ինչ-որ ծայրահեղ իրավիճակ, որ, այ թող բանը սրան չհասնի։ Եվ ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում