Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի ներմուծման գնի էժանացման հետ կապված ակնկալիքները չափազանց փոքր են. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 06,2018 11:22

Թեեւ սակագնային հերթական տարվա համար ներմուծվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ նոր պետք է մեկնարկեն, այնուհանդերձ ներմուծման էժանացման հետ կապված ակնկալիքները չափազանց փոքր են, եթե չասենք՝ գրեթե չկան։ Բազմիցս հայտարարվել է, որ այլ երկրների համեմատ ռուսական գազը Հայաստանին մատակարարվում է բավականաչափ ցածր գնով։ Ըստ էության, այն զիջում է միայն Բելառուսին, որի հետ Ռուսաստանն ունի գործընկերային շատ ավելի բարձր հարաբերություններ։ Պատահական չէ, որ Բելառուսին մատակարարվող ռուսական գազի գինը միշտ էլ ավելի ցածր է եղել։

Սա նշանակում է, որ սակագների վերանայման հնարավորությունը հարկավոր է փնտրել ներսում։ Բայց գազի սպառման ծավալների կրճատումը դրան խոչընդոտում է։ Առավել եւս, որ խոսքը զգալի անկման մասին է։

Ակնկալվող ավելացման փոխարեն այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 940 մլն խոր. մետր գազ։ Այն 148 միլիոնով պակաս է նախորդ տարվանից։ Ներմուծման ծավալները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 13,6 տոկոսով։ Իհարկե, այս ցուցանիշը դեռեւս լիարժեք չի բնութագրում սպառման ծավալներում տեղի ունեցած փոփոխությունները։ Անհրաժեշտ է դիտարկել նաեւ ներքին շուկայում արձանագրված դրսեւորումները։ Ցավոք, դրանք եւս հուսադրող չեն։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ ընթացիկ տարվա առաջին կեսին ներքին շուկայի սպառումը կրճատվել է գրեթե 6,8 տոկոսով։ Նախորդ տարի այն եղել է 1 մլրդ 57 մլն խոր. մետր։ Այնինչ այս տարի կազմել է 985 մլն խոր. մետր։ Մի դիտարկում. ներքին շուկայի սպառումը տարվա առաջին կեսին 45 մլն խոր. մետրով գերազանցել է Ռուսաստանից ներմուծված գազի ծավալը։ Առաջին հայացքից սա գուցե տարօրինակ է։ Սակայն այն կարող է պայմանավորված լինել հիմնականում երկու գործոնով։ Խոսքը մասնավորապես պահեստային գազամատակարարման, ինչպես նաեւ գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների շրջանակում Իրանից ստացված վառելիքի ժամանակավոր այլընտրանքային օգտագործման մասին է, որը հետագայում կարող է փոխհատուցվել։

Նշենք, որ ի տարբերություն ռուսականի, այս տարվա առաջին կեսին իրանական գազի հոսքը բավականաչափ ավելացել է։ Ստացվել է ավելի քան 222 մլն խոր. մետր կապույտ վառելիք, ինչը 37 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ծավալը։ Տարբերությունը հասնում է գրեթե 20 տոկոսի։ Իհարկե, իրանական գազը ներքին սակագների վրա որեւէ ազդեցություն չունի։ Դրանք ձեւավորվում են բացառապես ռուսական գազի տիրույթում։ Այնինչ այստեղ առնվազն սպառման ծավալների մասով տեղի ունեցող զարգացումները, անկախ նրանից, թե դրանք սպառողների որ խմբերի մոտ են եղել, սակագների նվազեցման օգտին չեն։ Այս պայմաններում, թե ի՞նչ է մտադիր անել կառավարությունը՝ հասարակությանը տրված խոստումը կատարելու եւ գազի, այսպես ասած, չհիմնավորված գները վերանայելու համար, հավանաբար շուտով ականատես կլինենք։ Մի բան անկասկած է, որ սպառողներն անհամբեր սպասում են սակագների նվազեցման, ինչը ոչ միայն սոցիալական, այլեւ տնտեսական կարեւոր գործոն է։ Այլ հարց է՝ կառավարության ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժը կկարողանա՞ իր խոսքի տերը լինել, թե՞ հերթական անգամ կպարզվի, որ տրված խոստումները գրոշի արժեք չունեն։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031