Համենայն դեպս, նման մտորումների տեղիք է տալիս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առանձնատուն տրամադրելու հարցի տեղապտույտը, որի վերաբերյալ նրա գրասենյակի ղեկավարը հանրությանը ներկայացրել է որոշակի տեղեկատվություն։ Այսպես: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը մասնավորապես հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում, երբեք պահանջներով հանդես չի եկել: Նա նաեւ շեշտել է, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը բազմամիլիոնանոց արժողության որեւէ առանձնատուն առավել եւս չի պահանջել:
Նաիրի Պետրոսյանը նշել է. «Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որեւէ պահանջ չի ներկայացրել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին»:
Փաստորեն կարելի է ասվածից ենթադրել, որ այս ամբողջ ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ կառավարության նիստերում մի երկու անգամ հարցն արծարծվել է, գործող իշխանության կողմից երրորդ նախագահին կամ նրա գրասենյակին առաջարկված լուծումները եղել են այդ տրամաբանությունից դուրս եւ, ըստ այդմ՝ անընդունելի:
Նաիրի Պետրոսյանի խոսքով՝ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի համարել ընդունել կառավարության առաջարկած կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:
Հարցը ամենեւին էլ այն չէ, թե որտեղ կբնակվի Սերժ Սարգսյանը, ավելի ճիշտ՝ բնակարան կամ առանձնատուն կունենա՞, կամ՝ կվարձակալի՞, կգնի՞:
Բուն հարցը գործող կառավարության, պետության ներկայիս ղեկավարի վերաբերմունքն է: Տվյալ դեպքում՝ գործնականում դրսեւորվող վերաբերմունքը, որը, մեղմ ասած, մանր ու ցածր մոտեցման մասին է վկայում:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում