Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա՝ պետական շահի տեսանկյունից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանությամբ գործող կառույց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կավե թաց առարկայի պես ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մեջ նետել, ինչը մեծ շռայլություն կլինի մեր պես հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:
Հեշտ է հասարակությունը բաժանել սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների եւ նշանակել վիճակի մեղավորներ, դավաճաններ, անմեղներ ու հերոսներ, բայց սա պարզունակ ամբոխավարություն է նշանակում, որ կենսունակ կարող է լինել թերեւս մի որոշակի ժամանակահատված:
Ելնելով այն ճշմարտությունից, որ բոլորը կամ առնվազն մեծամասնությունը ձգտում է երկրի արմատական բարեփոխումների, կարելի է անդրադառնալ, թե մոտեցումների տարբերությամբ պայմանավորված նախաձեռնություններն ու դրանցից բխող իրադարձությունները որքանով են հաշվարկված եւ ինչպիսի արդյունքների ու հետեւանքների կարող են հանգեցնել:
Հայաստանը մեծ փոփոխությունների ընթացքի մեջ է եւ գայթակղություն կա ավելի արագ ու կտրուկ դարձնել այդ փոփոխությունները: Ընդ որում, որպես լոկոմոտիվ, օգտագործելով զանգվածային էյֆորիայի այն վիճակը, երբ բանականության փոխարեն առաջնորդում են հույզերն ու զգացմունքները, երբ որպես դատողությունների հիմք է ընդունվում ոչ թե կոնկրետ իրականությունը, այլ հրամցվող տեսակետները:
Սրա մեկ վառ օրինակն էլ մայրաքաղաքի ավագանու ընտրություններն էին, որոնց ժամանակ 81% հավաքեց պետական-քաղաքական եւ վարչական մեկ օրվա փորձ չունեցող թեկնածուն:
Այս իրադարձությունից առավել ոգեւորված վարչապետը հասարակությանը ներարկում է այն թեզը, թե երկրի տեղում դոփելու եւ առաջընթացը խոչընդոտող պատճառը գործող խորհրդարանն է: Տեսածին ու ոչ հրամցվածին հավատացող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ նոր իշխանությունների հաղթանակի օրերից սկսած, խորհրդարանական ուժերը ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել վարչապետի ու իր թիմի առջեւ՝ իրականացնելու իրենց ծրագրերը: Ավելին, հստակ խոստում է տրված, որ երբ օրենսդրական ցանկալի հիմքերի ձեւավորմամբ երկիրը պատրաստ կլինի ընտրություններին, վերջիններս, համապատասխան ընթացակարգով, ճանապարհ կբացեն գործող խորհրդարանի լուծարման եւ նորի ձեւավորման համար:
Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Դրօշակ» –ի այս համարում