Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամանակավոր «համաձայնություններ»

Հոկտեմբեր 06,2018 10:00

Ազգային համաձայնության կառավարությունները, որպես կանոն, ստեղծվում են հեղափոխություններից կամ հասարակական-քաղաքական լուրջ իրադարձություններից հետո: Հայաստանում, ինչպես հայտնի է, արվել էր այդպիսի փորձ. 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ Արամ Սարգսյանը, ձգտելով պահպանել հասարակության միասնականությունը, կառավարություն էր հրավիրել տարբեր ուժերի ներկայացուցիչների, այդ թվում անգամ՝ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանին: Մի քանի ամիս անց  Ռոբերտ Քոչարյանը, իրեն դրսեւորելով իբրեւ պալատական խարդավանքների անզուգական վարպետ (մասնավորապես, գայթակղելով Մանվել Գրիգորյանին պաշտպանության փոխնախարարի պաշտոնով), կարողացավ պաշտոնանկ անել Արամ Սարգսյանին՝ ի վերջո ձեւավորելով իր հանդեպ չափազանց լոյալ ՀՀԿ-ական կառավարություն: Բայց անկախ այդ հանգամանքից, միեւնույն է՝ խայտաբղետ, մեկ՝ թեկուզ վատ, նպատակի շուրջ չձեւավորված կառավարությունը չէր կարող երկար գոյատեւել: Միջազգային փորձն էլ է դա վկայում:

1974 թվականի ապրիլին Պորտուգալիայում տեղի ունեցավ, այսպես կոչված, «մեխակների հեղափոխություն», որի վերջնարդյունքում աղքատ ագրարային երկիրը դարձավ զարգացած ժողովրդավարական պետություն: Ավտորիտար համակարգը վարանոտ, սահմանափակ քայլերով բարեփոխելու փորձեր անող վարչապետ Մարսելու Կայետանուի դեմ դուրս եկան «միջին անձնակազմի» զինվորականները եւ ստացան քաղաքացիների մեծամասնության աջակցությունը: Հեղափոխությունից հետո ձեւավորվեց ժամանակավոր կառավարություն, որի մեջ մտան տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ կոմունիստների առաջնորդ Ակվարու Կունյալը, որը ստանձնեց «առանց պորտֆելի նախարարի» պաշտոնը: 1975 թվականի ապրիլին (այո, ուղիղ մեկ տարի անց) տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք հիմք ստեղծեցին ժամանակակից Պորտուգալիայի համար:

Հայաստանում ազգային համաձայնության կառավարության վերջին կառավարությունը գոյատեւեց 5 ամսից պակաս: Դա բնական է՝ այդպես էլ պետք է լիներ՝ անկախ նրանից, թե ինչպիսի օրենքներին դեմ կամ կողմ են քվեարկել ԲՀԿ-ական եւ դաշնակցական պատգամավորները: Ամեն մեկը, այդ թվում՝ քաղաքական ուժերը պետք է ստանձնեն պատասխանատվության իրենց բաժինը, եւ բացարձակապես պարտադիր չէ, որ այդ պատասխանատվությունն արտահայտվի նախարարական պորտֆելների տեսքով: Հակառակը՝ այժմ այս, ըստ էության, նախընտրական վիճակում հիշյալ կուսակցություններն իրենց ավելի անկաշկանդ կզգան առանց պորտֆելների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք այնքան քչաքանակ ենք, որ ազգը ամեն հայի կարիք ունի՝ սկսած բանտում նստած հանցագործից վերջացրած հերոս սրբերով, մեր գյուղը սակավաքանակ է, իսկ մեզ բոլոր կողմերից շրջապատած գերանները՝ Հյուսիս, Հարավ, Արեւելք, Արեւմուտք, շատ հաստ են,մենք պետք է ողջ գյուղով կանգնենք էդ գերանների վրա որ կարողանանք ջարդենք, հակառակ դեպքում կհայտնվենք որեւէ գերանի տակ: Խնդրի լուծման բանալին, մեր բոլոր շրջանները՝ եւ սահմանամերձ, եւ ներքին, պետք է ռազմականացվեն ՝ տեղի քաղաքացիներին սովորեցնել զենքի արվեստը, երդում տան ու զենքը պահեն իրենց տանը, կարգի բերել քաղաքացիական պաշտպանությունը, կազմակերպել պահեստայինների զորավարժություններ, պարբերաբար ռազմական գործուղումներ՝ հատկապես քչաքանակ բայց կարեւոր շրջանները, այն շրջանները, որոնք դեռ մեր ձեռքում չեն՝ այդ շրջանների տեղաբնիկներին սովորեցնել ռազմական ու պետական կառավարման արվեստին՝ լինի հայ թե ոչ հայ, կարճ ասած՝ ով ապագայի հանդեպ իր ծրագրերն ունի ու պատրաստ է դրա համար գնալ մեծ անհարմարությունների՝ այսինքն ունի հստակ ռազմավարություն, նրան էլ ապագան է սիրում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031