Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, փորձագետ Մովսես Արիստակեսյանը (լուսանկարում՝ ձախից) եւ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ շահերի պաշտպան Սամսոն Գրիգորյանը քննարկում են` արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգումը խոչընդոտո՞ւմ է ներդրումներին:
Լուսինե Բուդաղյան.- Ներդրումները հոսում են այն երկիր, որտեղ տնտեսական բարենպաստ միջավայր է: Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո տնտեսական միջավայրը փոփոխելու քաղաքական կամքը կա. սահմանին չունենք այս կամ այն ապրանքի մուտքի խոչընդոտ, ով ուզում է` կարող է բանան ու շաքարավազ ներկրել, կառավարությունը ջանքեր է գործադրում տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, կոռուպցիայի դեմ պայքարն էլ կառավարության եւ իրավապահների ամենօրյա աշխատանքում է: Այդուհանդերձ, ներդրողները, նույնիսկ այս պայմաններում, «ոտքները կախ» են գցում եւ չեն շտապում մեր երկրում գումարներ ներդնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրա պատճառներից մեկը համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգումը:
Պարոն Արիստակեսյան, արդյոք ներդրողներն իրենց ծրագրերը պայմանավորո՞ւմ են նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով:
Մովսես Արիստակեսյան.- Ներդրողների, կապիտալի համար շատ կարեւոր է գրավիչ այնպիսի իրավիճակ, երբ տվյալ երկրում, երբ կատարվի ուղղակի ներդրում, լինի քաղաքականապես կայուն, տնտեսական գործունեության համար հեռանկարում մշտապես չփոփոխվող տեսանելի իրավիճակ, որպեսզի կարողանան ներդրումներ անել, գործարարությամբ ստեղծել արժեք, որի արդյունքում ստանան նաեւ շահույթ: Այդ տեսակետից թավշյա հեղափոխությունից հետո, եթե մենք հիշում ենք, ապրիլ-մայիս ամիսներին մենք մի փոքր անկում ունեցանք: Տնտեսությունը բնականորեն վատացավ, բայց հետո մենք տեսանք անմիջապես աճ: Իհարկե, դա միայն ներդրումների արդյունքում չէր, դա տնտեսության ազատականացման եւ տնտեսվարողների` ստրկատիրական համակարգից դուրս գալու այդ բարի զգացողությունն է, որը թույլ տվեց, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել ավելի լավ: Բայց հիմա՝ սեպտեմբեր ամսին, արդեն տեսնում ենք որոշակի անկում:
Ինչով է դա բացատրվում: Բացատրվում է քաղաքական իրավիճակի անկայունությամբ: Հակահեղափոխությունը պատրաստվում էր հարձակման եւ հարձակվեց: Դա ոչ պետականամետ քայլ է, որը նորից մեր տնտեսությանը հետ գցելու արդյունք կունենա: Ի՞նչ պետք է անել, որպեսզի ներդրողը հավատա եւ ներդրում անի մեր երկրում: Առաջին` մեր երկրի ներդրողն ինքը պետք է սկսի այդ քայլն անել: Մենք ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք ահռելի ռեսուրսների են տիրապետում, բայց դրանք չեն ծառայում ներդրումների համար` վախենալով իրավիճակից: Երկրորդ` օրենսդրական դաշտը պետք է կարգավորել այնպես, որ գրավիչ լինի եւ նպաստի: Մենք ունենք Հարկային օրենսգիրք, որը խայտառակ վիճակում է, որը ոչ թե նպաստում է տնտեսությանը եւ բիզնեսին, այլ պարզապես խոչընդոտում է: Նախորդ իշխանությունների կողմից մոգոնված եւ ստեղծված Հարկային օրենսգիրքը դարձել է տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման խոչընդոտ: Դրա շուրջ մեր բազմաթիվ առաջարկած փոփոխություններն այդպես էլ չընդունեցին, ավելին` Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ մենք կոչ էինք արել, որ դիմի նախագահին եւ կասեցնի Հարկային օրենսգրքի գործարկումը 2018-ին, որովհետեւ դա կբերի տնտեսության հետընթացին, բայց այդպես էլ չարեց: Մեր կազմակերպությունը եւս մի քանի օրինագծեր էր ներկայացրել, որոնցից մեկը եկամտահարկի, գույքահարկի մասով էր, որի մասին նաեւ վարչապետը խոսեց, ցավալիորեն ո՛չ քննարկման են մեզ հրավիրում ո՛չ հարկային խորհուրդն է մեզ հրավիրում, իսկ փաթեթը չներկայացվեց: Տեսեք, բյուջեն լրացվել է առանց հարկային փաթեթի:
Եվ երրորդ` շատ կարեւոր է կադրային ներուժը: Մենք տեսնում ենք տնտեսական բլոկում ներգրավված անձինք, մեղմ ասած, իրենց տեղում չեն եւ պետք է աշխատեն իրենց վրա:
Լ. Բ.- Պարոն Գրիգորյան, ներքին ներդրողնե՞րն էլ չեն հավատում նոր կառավարությանը, որ նրանք էլ հապաղում են նոր գործ սկսել: Մեր երկրում ապրող մարդկանց ներդրումների մղելու համար նո՞ւյնպես պետք են արտահերթ ընտրություններ:
Սամսոն Գրիգորյան.– Կարծում եմ՝ սխալ կլինի ասել, որ ներդրողները չեն հավատում նոր կառավարությանը, հակառակը՝ ներդրողները հավատում են նոր կառավարությանը, եւ նրանք սպասում են, երբ նոր կառավարությունը կունենա բավականին ուժ, որպեսզի իրենց ներդրումները հարյուր տոկոսանոց պաշտպանվածություն ապահովի: Այսօր այս երկրի ներքաղաքական վիճակը տեսնում ենք բոլորս, այնպիսին է, որ կառավարությունը բաժանված է մի քանի մասի: Այսինքն` կողմնակիցներ, հակառակորդներ եւ այլն: Խնդիրը այն է, որ երկրում յուրաքանչյուր վայրիվերում բերում է տնտեսության ռեալ անկման: Յուրաքանչյուր փոքրիկ խանութ ամեն մի ցույցի, ամեն մի քաղաքական որեւէ իրադարձության ժամանակ այդ օրվա առեւտրով զգում է այդ տարբերությունը: Հիմա ներդրողները սպասում են, որ նոր կառավարությունը, երբ լիարժեքորեն ընդունվում է ժողովրդի կողմից, գոնե կառավարման լծակները լիարժեք ունենա իր ձեռքում: Տեսեք` դատական համակարգի լծակները, Ազգային ժողովը, այսպես ասած, կառավարության ձեռքում չեն: Իրապես բարեփոխումներ անելու համար այսօր բավականին լծակներ դեռ չենք տվել նոր կառավարությանը: Եվ այդ առումով իսկապես մարդիկ պատրաստ չեն գումարն օդի մեջ ներդնելու: Բոլորը սպասում են հարյուր տոկոսանոց երաշխիքների, որպեսզի իմանան, որ իրենց գումարները ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ տնտեսապես պաշտպանված կլինեն եւ դատական համակարգի կողմից: Մենք այսօր տեսնում ենք, որ շղթան խաթարված է: Ներդրողը, բիզնեսմենը միշտ իր գումարները հաշվել գիտի, այդ պատճառով գոնե 90 տոկոսանոց արդյունք ակնկալելով՝ նոր միայն մեծ գումարներ կհանի այլ գործից եւ կդնի այլ գործի մեջ:
Լ. Բ.– Երկու-երեք օր առաջ Կենտրոնական բանկի պատասխանատուն հայտարարեց, որ 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով): Սրանից նո՞ւյնպես կարելի է հետեւություն անել, որ խնայողությունները ոչ թե բիզնեսի մեջ են դրվում, այլ ավանդների տեսքով՝ բանկերում, քանի որ այս փուլում ռիսկային են համարում գործ սկսելը:
Ս. Գ.- Այսօր մենք ունենք, կարելի է ասել, խաթարված տնտեսական համակարգ: Բազմիցս եմ ասել, որ այսօր տնտեսությունը իսկական տնազի է նմանվել, քան թե իրական տնտեսություն մենք ունենք: Այսինքն` մարդիկ գերադասում են ընդամենը 5-6 տոկոսով ներդնել բանկում, քան դնել աշխատող բիզնեսների մեջ, որովհետեւ չկա այն վստահությունը, որ գումարների վերադարձելիությունը կապահովվի, եւ եկամուտ կբերի: Այս դաշտում շատ-շատ անելիք կա: Ընդհանուր առմամբ` Հարկային օրենսգրքից սկսած, քաղաքական իրավիճակով վերջացրած, բավականին անելիք ունի նոր կառավարությունը: Եվ, իմ կարծիքով, առաջնային քայլերը, որոնք հիմա կատարվում են, որոնց թվում են նաեւ Ազգային ժողովի լուծարման եւ նոր ընտրություններ անցկացնելու հարցերը, որոնք նույնպես կարեւորագույն հարցերից են, կառավարությունն ունի խնդիր քաղաքական հարցերը երկրում կարգավորելու, դրանից հետո միայն անցնելու տնտեսական հարցերը կարգավորելու գործին: Շփումների ընթացքում անընդհատ տեսնում ենք` փորձում են ինչ-որ քայլ անել` Հարկային օրենսգիրք եւ այլն, բայց ժամանակն ու իրադրությունը թույլ չեն տալիս հասնելու դրան: Մթնոլորտը հանդարտվելուց հետո արդեն բոլորս կարող ենք լծվել տնտեսական բարեփոխումների, Հարկային օրենսգրքի, այսպես ասած, կոնսոլիդացված հասարակությունում միասին աշխատելու եւ ինչ-որ արդյունքների հասնելու: Տնտեսության առումով բավականին անելիք ունենք, որովհետեւ իսկապես այս 30 տարիների ընթացքում Հայաստանում ձեւավորվել է տնտեսության այլ տեսակ, որն ամբողջ աշխարհում գոյություն չունի` հատուկ մենաշնորհներ, հակամրցակցային իրավիճակ եւ այլն, որը տնտեսության սպանիչն է:
Մ. Ա.– Ավանդների աճով չպետք է ոգեւորվել: Դա այն է, որ տնտեսության մեջ չկարողանալ կիրառել այդ գումարները, որպեսզի ստեղծվի ավելացված արժեք, մարդիկ իրենց եկամուտները դնում են վաշխառուական կապիտալի մեջ` գոյատեւելու համար: Պետք է նայել` բոլոր առեւտրային բանկերի պորտֆելներն ինչպես են ձեւավորված, եթե մենք նայում ենք, ապա մեծամասնությունը կազմում են սոցիալական վարկերը, այսինքն` տեսնում ենք, որ բանկերը, որպեսզի այդ կուտակած գումարներն աշխատեցնեն, տալիս են տուն, կենցաղային իրեր գնելու համար, եւ տնտեսության զարգացմանն ուղղված վարկային միջոցները շատ քիչ են: Իսկ բանկերն ի սկզբանե, երբ որ ստեղծվել են, ստեղծվել են տնտեսությունը զարգացնելու համար: Ինքը լինելով բնույթով վաշխառուական, բայց նաեւ այդ նպատակն է ունեցել: Հիմա այդ բանկերը տնտեսության զարգացման որ ուղիներին պետք է տան, ինչպիսի ներդրումներին պետք է գնա, դա մնացել է անհայտ: Դրա համար, կարծում ենք, քաղաքական իրավիճակը պետք է հստակեցվի, որովհետեւ գործադիր իշխանությունը վստահություն չունենալով այլ քաղաքական ուժի մեծամասնություն ունեցող Ազգային ժողովում՝ չի կարող որեւէ ծրագիր անցկացնել, ինչպես եղավ գաղտագողի ընդունված հակապետական այդ որոշումը (նկատի ունի հոկտեմբերի 2-ի ՀՀԿ-ի խորհրդարան բերած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,-Լ. Բ.), որն ավելի ցնցեց տնտեսությունն ու հասարակությունը: Այդ պարագայում ինչպես են գնալու բյուջեի քննարկումները, որոնք պետք է լինեն մասնագիտական, պետականամետ եւ ոչ թե քաղաքական: Իհարկե, դա քաղաքական հարթակ է, բայց քննարկելուց այդ պատգամավորները առաջին հերթին պետք է մտածեն պետության մասին:
Առաջարկում եմ, որ պետությունը ունենա ռազմավարական զարգացման ծրագիր: Այն լոկոմոտիվներն ու ճյուղերը, որոնց ուղղությամբ պետք է ապահովեն ներդրումները` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Ընդ որում, արտաքին աշխարհին պետք է ասի` գիտեք ինչ, մենք զարգանալու ենք այս ուղղությամբ, կոնսոլիդացնում ենք ներքին ուժերը դրա զարգացման, դուք էլ օգնեք, ներդրումներ ապահովեք: Տեսեք, Եվրամիություն-Հայաստան համաձայնագիր ենք կնքել, տնտեսական բլոկ կա, հայտարարեցին, որ 25 տոկոս ավելի կտան փողերը, որպեսզի աջակցեն հեղափոխությանը, բայց առ այսօր քայլ չի արվել: Եվ չգիտեն, թե ինչ պետք է անեն, ուր պետք է մղեն: Այդ անորոշությունը պայմանավորված է քաղաքական անորոշությամբ:
Ս. Գ.- Մենք ոչ միայն ներքին քաղաքական դաշտում ունենք խնդիրներ, այլ նաեւ արտաքին քաղաքականության առումով ունենք լուրջ խնդիրներ: Խնդիր ունենք Հայաստան բեռների ներմուծման հետ կապված: Պարբերաբար խնդիրներ են ստեղծվում այս ոլորտում: Օրինակ` ԱՄՆ պատժամիջոցներով պայմանավորված՝ մեր բեռները, որոնք դուրս են գալիս Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Չինաստանից, մոտ մեկ ամիս է՝ Բանդեր Աբաս նավահանգստում կանգնած են եւ չեն բեռնվում մեքենաների վրա: Այս խնդիրը արտաքին քաղաքականության դաշտում է, որտեղ էլի մեծ աշխատանք ունի անելու նոր կառավարությունը: Այսինքն` հնի բացթողումները լրացնելու եւ ստանալու երաշխավորված պայմաններ, որպեսզի մենք իմանանք՝ լինելով շրջափակված երկու կողմից, գոնե մյուս երկու կողմից մեր բեռները 100 տոկոսանոց կհասնեն այստեղ: Նույն ցորենի ներկրման հետ կապված խնդիրները Վրաստանով: Տեսեք` Վրաստանի կողմից մի փոքր խնդիր, Իրանի կողմից մի մեծ խնդիր, երբ բեռնափոխադրումների հետ կապված խնդիր ենք ունենում, Փոթիում ավտոմատ գներ են բարձրացնում եւ այլն: Ամենամեծ խնդիրներից այսօր համարում եմ ճանապարհային խնդիրները, որը կանգնած է Հայաստանի տնտեսության կոկորդին:
Քննարկումն ամբողջությամբ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ