Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ո՞ր ճյուղում կարելի է համարձակ ներդրում անել

Հոկտեմբեր 06,2018 14:00

Ի՞նչ պետք է իմանա սկսնակ գյուղատնտեսը, ֆերմերը գյուղատնտեսության ոլորտում ներդրում կատարելու եւ գործունեություն ծավալելու համար: Արդյոք Հայաստանում ձեռնտո՞ւ է գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելը, ինչպիսի՞ ռիսկեր կան: Կարո՞ղ է փոքր ու միջին ձեռներեցը շահավետ բիզնես ծավալել գյուղատնտեսության ոլորտում, եւ ի՞նչ առաջարկներ ունի կառավարությունը:

«Առավոտի» հետ զրույցում մի շարք պարզաբանումներ եւ սկսնակ գործարարներին խորհուրդներ է տալիս գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

– Ի՞նչ պետք է իմանա եւ անի սկսնակ ֆերմերը:

– Գյուղատնտեսության ոլորտում ցանկացած գործունեություն ծավալելու համար խիստ անհրաժեշտ է տվյալ ուղղությամբ որակյալ մասնագետի հետ խորհրդատվությունը եւ համապատասխան խորհուրդ ստանալը: Գործունեության ընթացքում լավագույն տարբերակն է, երբ մասնագետները պարբերաբար հետեւում են այդ ընթացքին եւ ժամանակին անհրաժեշտ մասնագիտական խորհուրդ են տալիս: Առանց որակյալ մասնագետի խորհրդատվության լուրջ արդյունքների հասնել հնարավոր չէ:

– Կա՞ պետական որեւէ կառույց, որին աջակցության եւ խորհրդատվության համար կարող է դիմել այդ ոլորտում ներդրում ծրագրող գործարարը:

– Պետք է դիմի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային խորհրդատվական կենտրոններին. այստեղ կան տարբեր մասնագետներ՝ խորհրդատուներ, ֆինանսիստներ, ագրոնոմներ, բույսերի պաշտպաններ, անասնաբույծներ, որոնցից կարող է համապատասխան խորհրդատվություն ստանալ, եւ կօգնեն անհրաժեշտ ծախսերի հաշվարկը կատարել, թե ամբողջ տարվա ընթացքում միջին հաշվով որքան ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի կարողանան տվյալ գործունեությունը ծավավել:

– Սկզբնական փուլում ի՞նչ հաշվարկներ պետք է անի ներդրողը:

– Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու համար շատ կարեւոր է ճշտել առաջին հերթին, թե տվյալ ապրանքատեսակը, արտադրանքը որտե՞ղ է շուկայահանելու: Առաջին կարեւոր խնդիրը ապրանքի իրացման խնդիրը լուծելն է: Կայուն երաշխիքներ ունենա իր համար՝ տվյալ արտադրանքը վաճառելու:

Պետք է ունենա հստակ հաշվարկներ, հիմնավորում, ծախսերի հաշվարկ, ինքնարժեքի հաշվարկ, յուրաքանչյուր հեկտարի հաշվով ինչ ներդրումներ է պահանջվում, որքան են իր ունեցած ռեսուրսները, եւ եթե չեն բավարարում, ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ հնարավորություններով կարող է լրացնել իր ֆինանսական ռեսուրսների պահանջը:

– Ներդրողին գյուղատնտեսությունում նվազագույնը որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի:

– Շատ դժվար հարց է, նայած թե որ ճյուղում՝ մշակաբո՞ւյս, թե՞ այլ ոլորտ: Գումարը՝ սկսած 1 միլիոն դրամից մինչեւ 10 միլիոն:

– Գյուղատնտեսության ոլորտում որո՞նք են ամենանվազ ռիսկային եւ ամենաբարձր ռիսկային ոլորտները:

– Բուսաբուծության ոլորտն ամենաբարձր ռիսկայինն է, որովհետեւ դա արտադրություն է բաց երկնքի տակ: Անասնաբուծության ոլորտը անհամեմատ ավելի նվազ ռիսկային է: Խոզաբուծությունը, թռչնաբուծությունն ավելի ռիսկային են: Հատկապես խոզաբուծությունը, որովհետեւ հիվանդությունների, վնասատուների տարածման, զարգացման վտանգ կա: Եթե շատ բարձր մակարդակով այդ անասնաբուծական եւ սանիտարահիգիենիկ պայմանները չեն ապահովվում, ուրեմն կարող են խնդիրներ ծագել:

– Ոչխարաբուծությամբ զբաղվելու խորհուրդ էր տալիս նաեւ վարչապետը. սա անասնաբուծության ճյուղում ամենագրավի՞չն է:

– Այո, միանշանակ, ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին շուկայում շատ մեծ պահանջարկ կա: Բացի դրանից, հանրապետությունում ունենք բավականին հարուստ ռեսուրսներ, մեր արոտավայրերի, լավագույն դեպքում, ընդամենը 40%-ն է օգտագործվում: Մնացած ամբողջ տարածքները պարապության են մատնված: Ռեսուրսները բավականին մեծ են, եւ այդտեղ կարելի է համարձակ ներդրումներ կատարել:

– Մշակաբույսերի արտադրության ոլորտում ամենաձեռնտու եւ գրավիչը ո՞ր ճյուղն է կամ ո՞ր մշակաբույսերն են

– Ամենաձեռնտուն պտղաբուծությունն է՝ կորիզավոր պտուղների: Խաղողագործությունը շատ գրավիչ է, գինեմետ խաղողների արտադրությունը, խաղողի այնպիսի տեսակների, որոնք բարձրորակ գինիների արտադրության համար կարող են հումք լինել:

– Լոլիկի արտադրության պահանջարկ կա՞, այն մշտապես Թուրքիայից էր ներկրվում, արդյոք ձեռնտու կլինի՞ լոլիկի արտադրությամբ զբաղվելը:

– Հիմա չի ներկրվում, խնդիրներ կան, մենք համապատասխան միջոցառումներ ենք անում, որպեսզի եկող տարի նման խնդիրներ չունենանք: Բայց հիմա դժվար է դեղատոմս ասել: Այո, այս ոլորտում եւս պահանջարկ կա:

– Ջերմոցային տնտեսությամբ զբաղվել ցանկացողներին ի՞նչ խորհուրդներ կտաք, այն իսկապե՞ս գրավիչ է:

– Ջերմոցային տնտեսությունը բավականին լայն տարածում է ստանում, միանշանակ գրավիչ ոլորտ է, այն զարգանում է, եւ կառավարությունը որոշակի աջակցություն է ցուցաբերում այդ ոլորտին: Այստեղ կարեւորն այն է, որ փակ ծածկի տակ է, բնակլիմայական ռիսկերը բացակայում են, ավելի պաշտպանված են: Բայց անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հիմնել ջերմատունը: Ցանկալի է հիդրոպոնիկ եղանակով, ջերմակարգավորիչ համակարգով, կաթիլային ոռոգման համակարգով, օդափոխության համապատասխան համակարգով, այսինքն՝ ամբողջ պահանջները պետք է բավարարվեն, հակառակ դեպքում արդյունավետությունը ցածր կլինի:

– Ի վերջո՝ ե՞րբ Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական ապահովագրությունը, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու, գրավիչ եւ ապահով լինի:

– Դա ամենացավոտ հարցն է: Արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ հարցը բարձրացվում է, քննարկվում: Վերջնական կոնկրետ լուծումներ չկան, որովհետեւ այդ ոլորտը գրավիչ չէ ներդրողների համար, ռիսկայնությունը բավականին բարձր է: Նախարարությունը նախատեսում է միջազգային կառույցների հետ համագործակցմամբ եկող տարի փորձնական ծրագիր իրականացնել Շիրակի, Արարատի եւ Արմավիրի մարզերում: Հաջողության դեպքում, հույս ունենք, ծրագիրը կունենա համապատասխան շարունակություն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

05.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031