Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետեւանքներ կունենա ՀՀ տնտեսության վրա տնտեսական բլոկի նախարարներին փոխելը

Հոկտեմբեր 06,2018 13:30

Տնտեսագետները՝ վարչապետի եւ իր գլխավոր խորհրդականի հակասական գնահատականի մասին,
թե ներդրումները սպասում են արտահերթ ընտրություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա մեջ ստորագրեց ու աշխատանքից ազատեց տնտեսական բլոկի նախարարներին՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին: Երեկ ուշ երեկոյան նոր կադրերով համալրվեցին նախարարական պաշտոնները:

Թե ինչ ազդեցություն կթողնի այդ բլոկի նախարարներին աշխատանքից ազատելը տնտեսության վրա` «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Անկախ նրանից, որ Արծվիկ Մինասյանը շատ լավ մասնագետ է եւ իմ հրաշալի ընկերն է, ես կարծում եմ, որ խոշոր ազդեցություն չի թողնի: Իր հրաժեշտի խոսքում նա նշեց, որ այն ծրագրերը, որոնք սկսել էինք, խնդրում եմ նույն եռանդով շարունակեք: Կարծում եմ՝ հաջորդականությունը կպահպանվի եւ հարված չի լինի, զրոյից սկսելու անհրաժեշտություն չի լինի: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ հրաշալի մասնագետ է եւ իմ լավ ընկերը, բայց իր բացակայությունն էլ, կարծում եմ, մեծ ազդեցություն չի թողնի գյուղատնտեսության վրա, որովհետեւ գլոբալ ծրագրերը կշարունակվեն, մնացածն էլ` ամեն մի ֆերմեր, ամեն մի գյուղացի գիտի ինչ է անում, չեմ կարծում, որ դա հարված է լինելու: Առավել եւս՝ մեր պատմությունը նմանատիպ իրավիճակներ շատ է տեսել, դրական կամ բացասական ազդեցություն այդ ամենը չի ունեցել: Նախարարը քաղաքականություն է որոշում, իսկ նախարարության աշխատողները ամենօրյա հոգսն են հոգում, դրա համար կարծում եմ՝ խոշոր բացասական ազդեցություն չի լինի: Առավել եւս՝ եթե երկու ամիս հետո արտահերթ է լինելու, նույն մարդիկ կթողնեին պաշտոնը: Դա բնականաբար սպասվում էր երկու ամիս հետո: Հույս ունեմ, որ Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Խաչատրյանի կարողությունները կօգտագործվեն մեր պետության համար, որովհետեւ երկուսն էլ չկոռումպացված անձինք են եւ մարդկային լավ հատկանիշներ ունեցող անձինք»:

Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունները կապում էր տնտեսական խնդիրների հետ, ասում էր, որ ներդրումները սպասում են արտահերթ ընտրություններին, մինչդեռ երեկ իր գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ: Այս առնչությամբ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ «Ցանկացած լուրջ ներդրող հասկանում է, որ այս երկրում կայուն իշխանություն չէ, խորհրդարանական իշխանությունը եւ գործադիրը հակոտնյա ուժերի ներկայացուցիչներ են, յուրաքանչյուր խոշոր ներդրող գիտի, թե ինչ երկիր է գալիս, եթե հնի վերադարձ լինի՝ մեծ խնդիր կառաջանա: Նաեւ ներդրողները գիտեն, որ անձինք էական չեն, էականը կանոններ են, բայց մեզ մոտ դեռ կանոններն չեն փոխվել: Կանոնների փոփոխություն կարող էր սկսվել Սահմանադրության փոփոխությունից, բայց մենք դեռ դրան չենք հասել: Իհարկե, անձնական երաշխիքների մակարդակում կարող է որոշակի ազդեցություն ունենալ ներդրումներ բերելու համար, բայց երկարաժամկետ կտրվածքով ներդրումներ ու ներդրումային բարենպաստ միջավայր ապահովելու համար պետք է եւ սահմանադրական փոփոխություն լինի, որի արդյունքում իշխանության ճյուղերը կտարանջատվեն, եւ ներդրողները կիմանան, որ իրենք պաշտպանված են, նաեւ օրենքի մակարդակով պետք է փոփոխություններ արվեն, որ ներդրումային միջավայրը բարենպաստ լինի»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ դժվար իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ տարեվերջ է, ու նոր նախարարը ոլորտին պետք է այնքան ծանոթ լինի, որ կարողանա «տարին փակել». «Մյուս կողմից էլ ասեմ, որ շատ մեծ ռեֆորմային պրոցեսներ չկային, բոլոր նախարարություններում էլ պասիվության խնդիր կար, ակտիվանալու կարիք ունեին: Այդ առումով էական ազդեցություն չի լինի, որովհետեւ մեծ աշխատանքներ չէին անում նախարարություններում, կազմավորման գործընթացներ էին, ակտիվ շրջան չի եղել: Մի մասը նախարարների նոր էին, երեւի խնդիրները պետք է դրվեին, այնպես որ՝ մեծ կորուստներ, կարծում եմ, մենք չենք ունենա, կիսալճացած վիճակ էր, պարզ ասեմ»:
Թե արտահերթ ընտրությունների ձգձգումը ինչքանով է ազդում տնտեսական խնդիրների խորացման, ներդրումների իրականացման վրա, Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ «եթե կառավարությունն ուզում է ավելի համարձակ ռեֆորմներ տանել ԱԺ, իսկ ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, ինքը ունի որոշակի հակասություններ: Ցանկալի է, որ ԱԺ-ն նաեւ իր դերակատարությունը կատարի, ինքը ունի օրենքներ մշակելու գործառույթ: Նախկինում կառավարությունը օրենքները բերում էր, ԱԺ-ն դակում էր, որովհետեւ մի թիմի մարդիկ էին, թիմի բերածը հաստատում էին, ու իրենք օրենքներ էլ չէին գրում, դրա համար հատկապես ընդդիմությունն էր ակտիվ: Հիմա նաեւ պետք է, որ այդ օպոնենտային ինստիտուտը աշխատի, որովհետեւ եթե դա չկա, վատ է անդրադառնում կառավարության աշխատանքի վրա: Կառավարությունն իր զգոնությունը կկորցնի»:

Մեր դիտարկմանը՝ ներկայիս խորհրդարանի պատգամավորներն ասում են՝ ներդրումներին մենք ի՞նչ ենք խանգարում, եթե ներդրումներ ունեն, թող բերեն, ներդնեն, մե՞նք ենք խանգարում, Գագիկ Մակարյանն արձագանքեց. «Ներդրումների խնդիրները շատ տարբեր են, ներդրողները դեռ կսպասեն, որ համոզվեն՝ իրավիճակը Հայաստանում հարթվե՞լ է, թե՞ ոչ, երկակի իրավիճակներում չեն գա: Քաղաքական առումով էլ իրենց պետք է հասկանալ՝ ո՞ւմ իշխանությունն է կայունանում, ո՞վ է տանում կուրսը: Ներդրումները կգան Հայաստան այն դեպքում, երբ Հայաստանը որպես շուկա, որպես արտահանող երկիր հարմար լինի»:

ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ տնտեսական բլոկի նախարարներին պաշտոնից ազատելու ազդեցությունը մեր տնտեսության վրա կերեւա որոշ ժամանակ անց. «2019-ի բյուջեով նախատեսվում է, որ այս տարի պետք է ունենանք 6,5 տոկոս տնտեսական աճ, այսինքն՝ այս կանխատեսումն է դրված եւ այս նպատակին պետք է հասնել: Իսկ ծրագրերը, որոնք անում էին նախարարությունները, որ այս տնտեսական աճը պահեն, նախարարության աշխատակազմերը կամ փոխնախարարները, որոնք պիտի փոխարինեն, պիտի փորձեն այդ 6.5 տոկոսը պահել, եթե չպահեցին, ուրեմն մենք կոնկրետ փաստերից ելնելով՝ կարող ենք ասել, որ այդ արդյունքները չեն ապահովել: Հակառակ դեպքում այս պահին ճիշտ չէ կանխատեսումներ անել: Կոնկրետ ֆիքսենք, որ այս պահին 6,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում»:
Սուրեն Պարսյանն ասաց, որ նախարարությունները քաղաքականություն մշակող եւ իրականացնող են, Հայաստանի դեպքում նախարարի գիտակ լինելը, վստահելի լինելը առավել կարեւորվում է, որովհետեւ մեզ մոտ ինստիտուցիոնալ կառուցվածքները զարգացած չեն, եւ շատ դեպքերում անձնավորված են լինում հաջողությունները եւ անհաջողությունները. «Մենք կարող ենք փաստացի ցուցանիշներից ելնելով հասկանալ, թե այս կամ այն նախարարը որքանով է լավ կամ վատ աշխատել»:

Մեր հարցին՝ ԱԺ արտահերթ ընտրությունները եթե ուշ կայանան, դա տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կթողնի, ներդրողների վրա դա ազդո՞ւմ է՝ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ ներդրողների վրա ազդեցության գործոնները շատ տարբեր կարող են լինել, խոշոր նախագծեր կան, որոնք այս պահին չեն լինում՝ այլ խնդիրների պատճառով, այսինքն՝ բոլոր խնդիրները մի կաթսայի մեջ չենք կարող դնել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

05.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031