Կոռուպցիոն ռիսկ չէ՞, երբ հետազոտվողի
բուժփաստաթղթերը նրան չեն տրամադրվում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հուլիսին եւ օգոստոսին բացահայտեց «կայուն հանցավոր խմբեր», որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող եւ նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցներն իրականացրել էին զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներին նախընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղաժամկետ զորացրելու գործընթացներ:
Մասնավորապես, ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս. Բ.-ն 2018թ. առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել էր շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը, ըստ պաշտոնական տեղեկատվության, իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստազորի մայոր Մ. Գ.-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորակոչիկների տարկետումը կազմակերպելու համար: Պարզվել է նաեւ, որ Մ. Գ.-ն պաշտոնավարման ընթացքում որոշակի գումարի դիմաց կազմակերպել է 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործընթացը:
Մեկ այլ բացահայտում էլ կապված էր 2018 թ. ամառային զորակոչի հետ: ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու կասկածանքով, ԱԱԾ նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կ. Ք.-ն, «օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, որոշակի կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետեւ նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը»: Քրեական գործում կա մի դրվագ, երբ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի հետ քաղաքացին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ իբր զինհետազոտություն է անցնում՝ նրան որոշակի գումար «մուծվելով»: Սակայն ում «հաշվին» են արվում նման լավություններ, հիվանդ մարդուն ինչպես են ճանապարհում առողջի փոխարեն:
Վարչական դատարան դիմած Սյունիքի մարզի զինակոչիկ Ա. Մուսայելյանի հայցապահանջում նշված է, որ փորձաքննությունների արդյունքների հիման վրա ինքը պետք է ճանաչվեր զինվորական ծառայությանը ժամանակավոր ոչ պիտանի, եւ պետք է տրամադրվեր տարկետում երեք տարի ժամկետով:
2016 թ. ամառային զորակոչն անցկացնելու ժամանակ հայցվորը Կապանի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից անցել է բժշկական քննություն: Կապանի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի սրտաբանի եզրակացությունից հետո տեղական զորակոչային հանձնաժողովը հայցվորին ուղարկել է Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ փորձաքննության, այդ թվում՝ հոլտեր-մոնիտորինգ կատարելու: Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ՍԻՀ բաժանմունքի առողջական վիճակի հետազոտման ակտում նշվել է՝ «գանգատներ ընդունելիս՝ սրտխառնոց, հաճախասրտություն, օդի պակասի զգացում, օբյեկտիվ քննություն՝ շնչառական առիթմիա, PQ ինտերվալի կարճացում՝ 0.10-0.12 վրկ»: Նշվել են մտահոգիչ այլ արդյունքներ էլ: Հայցվորը ճանաչվել է սահմանափակումով պիտանի:
Հայցվոր Ա. Մուսայելյանը դիմել է դատարան: 2017թ. ապրիլի 12-ին վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, քննարկելով Ա. Մուսայելյանի հայցն ընդդեմ ՀՀ հանրապետական զորակոչային հանձնաժողովի եւ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2016թ. հուլիսի 19-ի Ա. Մուսայելյանին զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու վերաբերյալ եզրակացությունը եւ այդ եզրակացությունը հաստատելու վերաբերյալ ՀՀ զորակոչային հանձնաժողովի որոշումը՝ վերացնելու պահանջի մասին, քննեց վարչական գործով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ վարչական գործի վարույթը կասեցնելու հարցերը:
Դատարանի որոշմամբ հայցը մերժվել է, իսկ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի «Զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու վերաբերյալ եզրակացությունը եւ այդ եզրակացությունը հաստատելու վերաբերյալ ՀՀ զորակոչային հանձնաժողովի որոշումը վերացնելու պահանջի մասով» ընդունվել է վարույթ: Դատարանը բավարարել էր նաեւ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին եւ կասեցրել գործի վարույթը: Դատարանը դատաբժշկական փորձաքննության կատարումը հանձնարարել էր «Փորձաքննությունների ազգային բյուրոյին», իսկ փորձագետին առաջադրել էր հարց: Հարցին պատասխանելու անհնարինության դեպքում էլ դատարանը չէր բացառել կրկնակի փորձաքննություն անցկացնելը:
Փորձագետին տրամադրվել էին վարչական գործում առկա` փորձաքննությանն առաջադրված հարցերին վերաբերող փաստաթղթերը, եւ փորձագետը նախազգուշացվել էր ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին. ստորագրություն էր վերցվել նրանից:
ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ մտահոգիչ ախտորոշում կար, ինչը, սակայն, ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ՀՀ պաշտպանության նախարարի «Զինապարտների եւ զինծառայողերի առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու եւ ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 410-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի 26-րդ հոդվածի «դ» կետի հիման վրա՝ հայցվորին ճանաչել է «պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով»: Զինակոչիկը վկայակոչել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը, 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասը, ՊՆ հրամանով հաստատված հավելվածի 25-27-րդ կետերը, համարելով, որ իրեն պարտադիր զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելը եղել է ոչ իրավաչափ: Ըստ հայցադիմումի՝ երիտասարդի մոտ առկա էին ռիթմի եւ հաղորդակցության այլ խանգարումներ, կլինիկական ախտանիշներ, որոնք հանդիսանում են պարտադիր պայման հայցվորին զինվորական ծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու համար:
Նա դատարան էր ներկայացրել 2016 թվականին Կապանի բժշկական կենտրոնում կատարված էլեկտրասրտագրության արդյունքները՝ լազերային սկավառակում առկա լուսանկարի ձեւով: Հակափաստարկներից մեկն էլ այն էր, որ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ՍԻՀ բաժանմունքը առողջական վիճակի հետազոտման ակտում նշել է այլ տվյալ, իսկ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անտեսելով առողջական վիճակի հետազոտման ակտում նշված տվյալները, հայցվորի պիտանելիության վերաբերյալ որոշում կայացնելիս անհիմն կերպով հիմք է ընդունել Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետազոտման ակտում նշվածը, ինչը չի համապատասխանում ոչ էլեկտրասրտագրությունների, ոչ էլ հոլտեր-մոնիտորինգի տվյալներին։
«ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովը հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ թե Կապանի բժշկական կենտրոնի կողմից, թե Լ. Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի կողմից կատարված էլեկտրասրտագրությունների եւ հոլտեր-մոնիտորինգի արդյունքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայցվորի մոտ PQ ինտերվալի կարճացումն ուղեկցվում է PQ սեգմենտի բացակայությամբ։ Բացի այդ, հայցվորի մոտ առկա են ռիթմի, հաղորդականության խանգարումներ եւ կլինիկական ախտանիշներ՝ սինուսային առիթմիա, շնչառական առիթմիա, ռիթմավարի միգրացիայի էպիզոդներ, էքստրասիստոլաներ, սրտխփոց, հաճախասրտություն, օդի պակասի զգացում եւ այլն»,- նշված էր հայցապահանջում։ Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ այս ամենը հիմք են հանդիսանում ՀՀ հանրապետական զորակոչային հանձնաժողովի եւ ՀՀ կենտրոնակա եւ բժշկական հանձնաժողովի կողմից հայցվորին ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու համար՝ տրամադրելով երեք տարի ժամկետով տարկետում. «ՀՀ հանրապետական զորակոչային հանձնաժողովն անտեսել է հայցվորի առողջական վիճակը եւ չի իրականացրել առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին իր լիազորությունը»։
Դատարանին հայցվորը հայտնել էր, որ իրեն չեն տրամադրվել Կապանի բժշկական կենտրոնում, Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարված հետազոտությունների արդյունքում ստացված փաստաթղթերը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի, կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից կատարված բժշկական փորձաքննությունների արդյունքները, բժշկական եւ զորակոչային հանձնաժողովների՝ զինվորական ծառայությանը պիտանիության մասին եզրակացությունների եւ որոշումների պատճենները։ Ինչպես 2014 թվականին, այնպես էլ 2016 թվականին չեն տրամադրվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի վերջնական որոշումների պատճենները։ Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու տեղեկատվություն իր առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ իմանալու, թե իրեն վերաբերող ինչ որոշումներ են կայացվել։ Եվ հենց այստեղ է թաքնված կոռուպցիոն ռիսկը:
Վերաքննիչ բողոք բերած նորակոչիկի գնահատմամբ՝ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ընդունելով «սահմանափակումով պիտանի ճանաչելու վերաբերյալ եզրակացություն», սահմանափակել է Ա. Մուսայելյանի՝ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու եւ երեք տարի ժամկետով տարկետում ստանալու իրավունքը՝ վատթարացնելով հայցվորի իրավական եւ փաստացի դրությունը։ Ըստ էության, ոչ մի ակտ չի տրամադրվել հայցվորին, հայցվորը որոշ փաստաթղթեր ստացել է Կապանի զինկոմիսարիատից, իսկ հետազոտությունների արդյունքների մի մասը լուսանկարվել է հայցվորի կողմից: Ա. Մուսայելյանի պահանջը դատարանը մերժել է, իսկ վերաքննիչը առաջիկա օրերին կտա իրավական գնահատականը:
Ինչ վերաբերում է փորձագիտական եզրակացությանը, ապա ըստ հայցվոր կողմի՝ «անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել փորձագետները, եզրակացությունը չի պարունակում նշումներ կիրառված մեթոդների մասին, կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, առաջադրված հարցերին չեն տրվել հիմնավորված պատասխաններ»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
05.10.2018