Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆլեյտայի արքան» Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հնչեցրեց

Հոկտեմբեր 06,2018 12:30

Հաճախ ենք լսում նույն ստեղծագործությունը տարբեր գործիքներով: Դա հետեւանք է տվյալ երկի չափազանց հայտնի ու սիրված լինելու: Այս դեպքում խոսքը Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի մասին է: Կոմպոզիտորն այն գրել է 1940թ. եւ նվիրել մեծանուն ջութակահար Դավիթ Օյստրախին, որն էլ ստեղծագործության առաջին կատարողն էր: Այս գործի բազմաթիվ այլ փոխադրումներ կան: Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ Ջութակի կոնցերտի վիրտուոզ կատարումով հանդես եկավ արեւմտյան մամուլի որակմամբ՝ «ֆլեյտայի արքա» Էմանուել Պայուն:
Ծնունդով Ֆրանսիայից շվեյցարաբնակ երաժիշտը 22 տարեկանից Կլաուդիո Աբբադոյի ղեկավարած Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահարն է, սակայն որպես մենակատար եւ կամերային երաժիշտ, վարում է հագեցած համերգային գործունեություն: Օրինակ՝ համագործակցել է դիրիժորներ Բարենբոյմի, Ֆիշերի, Գերգիեւի, Մաազելի, Ռոստրոպովիչի եւ մյուս հայտնի անունների հետ: Հատուկ նրա համար ստեղծագործել են ժամանակակից այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Տոշիո Հոսոկավան, Էլիոթ Կարտերը, Լուկա Լոմբարդին եւ այլք: 1996թ.-ից Էմաունել Պայուի CD-ները թողարկում է աշխարհահռչակ EMI/Warner Classics ֆիրման:

«Առավոտի» հետ զրույցում երաժիշտը նշեց, որ հիշյալ ֆիրմայում է ձայնագրվել եւ թողարկել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը մեկ CD-ով: Հետո էլ հայտնեց, որ կոնցերտի ֆլեյտայի համար փոխադրումը իր հայրենակից Ժան-Պիեր Ռամպալի աշխատանքն է. «Նա մտերիմ է եղել Խաչատրյանի հետ, օրեր, ամիսներ, տարիներ շարունակ խնդրել է, որ մի ստեղծագործություն գրի հատուկ ֆլեյտայի համար, սակայն կոմպոզիտորը հավանաբար ժամանակի առումով չի կարողացել բավարարել ընկերոջ խնդրանքը: Եվ Ժան-Պիեր Ռամպալը, այս դեպքում՝ բարեբախտաբար, իրականացրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ֆլեյտայի համար փոխադրումը»:

Ֆլեյտահարի Խաչատրյանի կոնցերտի CD-ն:

Հաստատելով, որ 1990-ականներին իր ղեկավարած «Սերենադ» կամերային նվագախմբի եւ Էմանուել Պայուի հետ համերգ է ունեցել Գերմանիայում, Էդուարդ Թոփչյանն ասաց. «1995-ին էր… Վաղուց ցանկություն ունեի բարձրարվեստ այս երաժշտին ներկայացնել հայ հանդիսատեսին, բայց նրա գերխիտ հյուրախաղային գրաֆիկը թույլ չէր տալիս…»:
Ի դեպ, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը ֆլեյտահարի մատուցմամբ, եթե չենք սխալվում, Երեւանում կատարվել է 1996թ., Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ֆլեյտահար Մարիամ Գեդիկյանի մեկնաբանմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Էմանուել Պայուն եւ Էդուարդ Թոփչյանը:

«Առավոտ»

05.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031