Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները հուզվում են, միացավ նաև Ֆրանսիայի դեսպանը. մոմերով երթ Երևանում ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 05,2018 22:33

Այս պահին Երևանում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում են մոմերով երթի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի:

Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից և շարունակվում է դեպի Շառլ Ազնավուրի կեցավայր-թանգարան։ Երթին միացավ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Մինչ այդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող երեկո. աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հիշատակին բացվեց սգո մատյան։ Լրագրողների հետ զրույցում դեսպանն ասաց՝ ՀՀ-ն կարող է հպարտանալ, որ Ֆրանսիային տվեց իր մեծագույն դեսպաններից մեկին.

«Նա մեծ հպարտություն էր Հայաստանի հայերի համար, մարդ, ով ամենադժվար պահերին կանգնել է  ՀՀ-ի կողքին: ՀՀ-ն կարող է հպարտանալ, որ Ֆրանսիային տվեց իր մեծագույն դեսպաններից մեկին: Ազնավուրի մահից հետո Ֆրանսիան և Հայաստանը համատեղ սգում են մեծ արտիստի կորուստը, ով իրենց համարում էր հարյուր տոկոսանոց հայ և հարյուր տոկոսանոց ֆրանսիացի:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե այնպիսի զգացում ունի՝ կարծես շատ հարազատ անձ է կորցրել ու նշեց, որ Շառլ Ազնավուրը մեծ դերակատարություն է ունեցել իր կյանքում. «Իմ կյանքում մեծ ներդրում է ունեցել Շառլ Ազնավուրը: Դեռ մանկուց հիշում եմ՝ երբ ծնողներս լսում էին Շառլ Ազնավուր, բառերը չէի հասկանում, բայց երգերը անգիր գիտեի: Ես երաժշտության մեջ շատ եմ եղել, բայց ինչպես բոլոր մարդկանց մոտ երաժշտական ժանրերը տարիքի հետ փոխվում են, ինձ մոտ էլ,  բայց Շառլ Ազնավուրն այն եզակիներից էր, որ անընդհատ եղել է իմ կյանքում»:

Երթի դուրս եկած քաղաքացիներից շատերը հուզվում են, իրենց հեռախոսներով միացրել են Ազնավուրի երգերը: Մոմերով երթը լուսաբանում են նաև միջազգային տարբեր լրատվամիջոցներ: Քաղաքացիները տպավորված են Փարիզում տեղի ունեցած՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունից: Մի կին ասաց. «Որքան փայլուն էր Շառլ Ազնավուրը, այդքան փայլուն էր նրա հրաժեշտի արարողությունը: Շառլ Ազնավուրը կապրի հայ ժողովրդի սրտում, որքան այս աշխարհում կգոյատևի հայ ազգը: Շառլ Ազնավուրը դարձավ համամարդկային»:

Մեկ այլ քաղաքացի, որը հիշեց, թե ինչպես էր երիտասարդ տարիներին հերթ կանգնում Շառլ Ազնավուրի համերգի տոմսեր գնելու համար, ասաց, որ տպավորված է նաև Փարիզում Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որտեղ նա խոստանում է. «Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր, Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձեւակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը:

Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի: Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031