«Բավականին ոչ ստանդարտ գործընթաց է, հետևաբար կրկնակի կամ եռակի անգամ կարևոր է, թե ինչու է անհրաժեշտ այս գործընթացը, ինչ խնդիրներ է լուծելու և ինչ գործիքակազմով»,-Կանադայի Զորյան ինստիտուտի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ անցկացվող անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիում ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Փոխվարչապետը մտահոգություն հայտնեց՝ վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ՀՀ-ում պարբերաբար եղել են մարդու տնտեսական, սոցիալական իրավունքների լայնածավալ խախտումներ ու չարաշահումներ. «Տարբեր դրսևորումներով տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, ապօրինի ազդեցություն է գործադրվել ընտրական գործընթացի վրա, կեղծվել են ընտրությունների արդյունքները, բռնություն է գործադրվել խաղաղ ցուցարարների վրա, ճնշվել է քաղաքական այլակարծությունը: Սեփականազրկվել են քաղաքացիները՝ հանրային շահի անվան ներքո»:
https://www.facebook.com/armgovernment/videos/339385170154952/?__xts__[0]=68.ARDWA7aOc63Lqz59tbyY_0qiGGgqfKFMgic-WX5y7XJfPLDcGXWwwi8vlk18wpoDv7I_9dGibNUeyjBLnivPj8umVKqhoUIHATyVkqHhHHUHDdjVnAs2QKp5cPQp_STXZ0LeHRy97KsUp9Yct0x_gucj2FW0ULmUDiItJDf2GxZXHGAHl3bZXw&__tn__=-UK-R
Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց՝ վերջապես հեղափոխությունից հետո իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և հնարավոր է կառուցել ժողովրդի ազատության, արդարության, լավ սկզբունքների վրա կառուցված կանոններով ապրող հասարակություն: Սակայն ցավով նշեց, որ գործող արդարադատության համակարգն ի զորու չէ և երևի թե կոչված էլ չէ լուծելու թվարկված խնդիրները: Ամփոփելով փոխվարչապետն ասաց. «Ուստի քվազի ժողովրդավարական ռեժիմից դեպի իսկական ժողովրդավարություն անցնելու այս շրջանում մեր երկիրը կարիք ունի անցումային փուլի կամ ինչպես ընդունված է ասել անցումային արդարադատության»:
Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարկիսյանը, հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու մասին առաջարկը, նշեց. «Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության առաջարկն ունի բազում պատճառներ: Ըստ նյույորքյան փորձագիտական կենտրոնի ուսումնասիրությունների՝ անցումային արդարադատությունն այն տարբերակն է, որն ընտրում են ռեպրեսիվ երկրներում մարդու իրավունքների պարբերական խախտումների դեպքում: Անցումային արդարադատությունը փորձված գործիք է խախտված իրավունքների վերականգնման համար»:
Միջազգային փորձագետ Վիլիամ Շաբասը տեղեկացրեց՝ անցումային արդարադատությունը մոտ 25 տարվա պատմություն ունի: Դառնալով Հայաստանում դրա կիրառությանն՝ ասաց. «Միշտ խոսվել է անցյալի մասին՝ Ցեղասպանության, ցեղասպանության արդարադատության մասին, բայց հիմա պետք է խոսել նաև ապագայի մասին: Հավանաբար, այստեղ է, որ անցումային արդարադատությունն առանձնանում է կամ կընդգծի իր յուրահատկությունը այս ֆանտաստիկ պատմական պահին ձեր երկրի պատմության մեջ:
Նիդերլանդների արդարադատության նախարարության իրավունքի գերակայության խորհրդատու Մարիկե Վիերդան շեշտեց՝ անցումային արդարադատությունը, ինչպես հաճախ թվում է, փափուկ արդարադատություն չէ. «Դա հնարավորության պատուհան է, որի դեպքում անցումը, փոփոխությունը դառնում է հնարավոր: Անցումային արդարադատության հիմնական նպատակը ապագային հայացք հառելն է, բայց դրա նպատակը չպետք է լինի վրեժխնդրությունը»:
Դառնալով միջազգային փորձին անցումային արդարադատության իրականացման մեխանիզմների հարցում՝ փորձագետը նշեց. «Կարևոր է, թե ինչպես ես անցումային արդարադատությունն աշխատեցնում քեզ համար, կարևորը դրական, խրախուսող միջոցներ նախաձեռնելն է: Օրինակ՝ որոշ երկրներ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու տարբերակն են կիրառել: Արևելյան Եվրոպայում, երբեմն, գնում են ոչ միայն հետաքննության մեխանիզմների ճանապարհով, այլ երբեմն նաև խրախուսանքի: Այստեղ կարևոր է նաև, որ այդ գործընթացը մշտապես լինի հանրության ուշադրության կենտրոնում, խիստ անհրաժեշտ են հանրային քննարկումները, համազգային երկխոսությունը, հանրային օժանդակությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ