«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դրանով արտահերթ ընտրություններ անցկացվեն»,- այսօր այս մասին ասաց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա՝ լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ նաեւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթ, որն այսօր կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նրա խոսքով, ներկայիս օրենսգիրքը շատ խնդրահարույց է, կան կարգավորումներ, որոնք արտահերթ ընտրությունների մասով Սահմանադրությանը հակասող են. «Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը պետք է քվեարկության օրվանից հիսուն օր առաջ ցուցակներ տա կենտրոնական ընտական հանձնաժողովին, այնինչ ընտրությունները նշանակվելու ժամանակը 30-45 օր առաջ է, այսինքն` պաշտպանության նախարարությունը ժամանակի մեքենայով պետք է հետ գնա ու ցուցակներ ներկայացնի հետին թվով»:
Նա նաեւ ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Հայաստան են գալու՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու. «Պետք է որ Վենետիկի հանձնաժողովը ողջունի ընտրական օրենսգրքում կատարված շատ փոփոխություններ, քանի որ շատ առաջարկներ են ներառված, որոնք նախկինում չեն եղել»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով, եթե Ազգային ժողովը չընդունի այս օրենսգիրքը, խնդրահարույց կլինի, քանի որ այդ դեպքում կունենանք ընտրություններ, որի խաղի կանոնները կլինեն ավելի վատ շատ կուսակցություններ չեն անցնի խորհրդարան.
«Ես կարծում եմ, որ խորհրդարանում չորս կուսակցություն ունենալը ավելի լավ է, քան երեքը…2017թ. ձեւավորված խորհրդարանը քիչ կապ ուներ հանրային տրամադրությունների հետ, ինչի համար էլ եղավ հեղափոխությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ