Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլորս հավատացած ենք եղել, որ պայքար ենք մղում՝ ի բարօրություն հայ ժողովրդի. Նորք Մարաշում հայտնաբերված զինված խմբի անդամների բաց նամակը վարչապետին

Հոկտեմբեր 05,2018 17:57

Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Հարություն Սարիբեկյանը, Անտոն Թոթոնջյանը, Էդվարդ Ներսեսյանը, Վահագն Սալնազարյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, Արկադի Մարդոյանը, Գևորգ Ջնդոյանը ,Տիդրան Բոյաջյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը և Արման Հայրապետյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեծարգ՛ո պարոն Փաշինյան,

Մենք՝ թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով ներքոստորագրյալ անձինք, հանիրավի շարունակում ենք ամբաստանվել ՀՀ քր. օր-ի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ և 35-300-րդ հոդվածի 1-ին մասերով (իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալ):

Ակնհայտ է, որ մենք շարունակում ենք մեղադրվել քաղաքական հոդվածներով, այսինքն` մեզ մեղադրում են նախկին հանցավոր ռեժիմից իշխանությունը զավթելը նախապատրաստելու մեջ, որպիսի մեղադրանքը ներկայումս էլ շարունակում են պաշտպանել մեղադրող դատախազները:
Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում:

Վերը նշված քրեական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Ա. Բեկթաշյանի վարույթում:

Մենք ձերբակալվել ենք 2015 թ.-ի նոյեմբերի 25-ին և դրանից որոշ ժամանակ անց, և մեզանից շատերը մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 30-ը՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից 5 ամիս անց էլ, դեռ շարունակում էինք գտնվել անազատության մեջ:

Մենք բոլորս հետապնդվել ենք նախկին իշխանությունների կողմից, քանի որ դուրս էինք եկել պայքարի իշխանությունը բռնազավթած ռեժիմի դեմ և որի համար շուրջ երեք տարի գտնվել ենք կալանքի տակ: Մեր պայքարը եղել է հանուն մեր ժողովրդի և ժողովրդավար հանրապետության ստեղծման: Բոլորս հավատացած ենք եղել, որ պայքար ենք մղում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պաշտպանություն Արցախի սահմանների: Բոլորիս նպատակը եղել է դադարեցնել երկրում իշխանական թալանի և ռեժիմի կողմից կատարվող բոլոր տեսակի հանցավոր գործողությունները, որոնց արդյունքում մեր սիրելի ժողովուրդը հայտնվել էր ծայրահեղ ճնշված և աղքատ վիճակում:

Թեև տարիների ընթացքում նախորդ հանցավոր ռեժիմի դեմ մեր և տարբեր այլ խմբերի կողմից պարբերաբար նախաձեռնված և իրականացվող պայքարը շինծու մեղադրանքներով ու ազատազրկումներով վիժեցվում էր, սակայն դա չէր կարող իր արդյունքը չտալ, ուստի մեծ ուրախության ու հպարտության զգացողություն ունեցանք, երբ Ձեր կողմից և Ձեր առաջնորդությամբ սկսված «Քայլ արա» շարժումը բերեց թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ու Հայաստանում ժողովրդաիշխանության հաստատման:

Ձեր առաջնորդությամբ մեր ժողովրդի հաղթանակին մենք հավատացել ենք ամբողջ հոգով և սրտով և բանտերից միացել ենք մեր ժողովրդին՝ ի պայքար և ի գործ: Ովքեր գտնվել են ազատության մեջ, առաջին իսկ պահից գտնվել են ժողովրդի կողքին և բոլորիս ընտանիքները աջակցել են մեր միասնական գործին:

Սատարելով և կրկին անգամ հայտնելով մեր աջակցությունը մեր ներկայիս կառավարությանը՝ ցանկանում ենք նաև հայտնել, որ մեզանից շատերն ազատամարտիկներ են, որոնք մեծ ավանդ ունեն Արցախի ինքնապաշտպանական մարտական գործողություններին:

Մենք, լինելով նախկին ռեժիմի կողմից հետապնդվող քաղբանտարկյալներ, երեկ տեղեկացել ենք, որ Ձեր կողմից կառավարության փակ նիստում քննարկվել է համաներում հայտարարելու մասին հարցը:
Այդ գաղափարը ողջունելի է, քանի որ մինչհեղափոխական Հայաստանում նախկին ռեժիմի իշխանությունը շինծու մեղադրանքներով էր լցրել քրեակատարողական հիմնարկները, և հեղափոխությունից հետո բոլորն էլ պետք է զգան, որ իրոք երկրում իրադրություն է փոխվել, և չպետք է մարդիկ շինծու մեղադրանքներով շարունակեն մնալ անազատության մեջ:

Սույնով դիմում ենք Ձեզ և Ձեր ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել մեր՝ այսպես կոչված խմբի վրա, որ մենք՝ նախկին քաղբանտարկյալներս և ներկայիս քաղհալածյալներս, որոնք դուրս էինք եկել պայքարի, չենք կարող հետապնդվել շինծու քրեական մեղադրանքներով, և համաներում հայտարարելու Ձեր որոշումը պետք է անդրադառնա նաև մեզ վրա, քանի որ մեր պայքարը եղել է նույն հանցավոր ռեժիմի դեմ:

Խնդրում ենք համաներմամբ անդրադառնալ նաև մեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031