«Եթե խորհրդարանը լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Ըստ նրա՝ հեղափոխության հիմնական առանձնահատկությանը հեղափոխությունն է առանց հեղափոխության տրամաբանության, այսինքն հակահեղափոխական տրամաբանությամբ:
Վարուժան Ավետիսյանի խոսքով, ժողովրդի հետ պետք է որոշեն՝ ինչ պետք է անենք. « Հեղափոխությունը պետք է տրամաբանություն ունենա՝ հաշվի առնելով, որ եղավ առանց արյունի փոփոխություն, շարունակությունը պետք է իրականացվեր անցումային տրամաբանությամբ: Պետք է սահմանվի հստակ անցումային շրջան, որի ընթացքում պետք է քաղաքական դաշտը մաքրվի, եւ սեւերը հեռացվեն քաղաքական դաշտից, եւ մնացյալ ուժերը կարողանան դրսեւորվել»:
Ըստ նրա՝ անցումային շրջանը պետք է կառավարվի անցումային ժողովրդավարությամբ, ինչը ենթադրում է կոշտ կառավարում, նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի եւ եթե անհրաժեշտություն լինի հանրաքվեների միջոցով ռազմավարական որոշումներ կայացվեն:
Վարուժան Ավետիսյանը նաեւ անցումային արդարադատության մասին խոսեց՝ ասելով, որ այն անհրաժեշտ է, որ համապատասխան գնահատական տրվի կատարվածին, համարժեք պատասխանատվություն սահմանի, տուժողների իրավունքների վնասների չափը գնահատի ու պայմաններ ստեղծի նրանց հասցված վնասները վերականգնելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ