Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ` Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի վարչապետ Ֆիլիպ Էդուարը, Ֆրանսիայի հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ նախ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, որից հետո վարչապետ Փաշինյանը և Էմանուլ Մակրոնը մոտեցել են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին ու իրենց ցավակցությունները հայտնել նրանց:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Պարոն վարչապետ,
Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք եւ պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Սիրելի Ուլլա Ազնավուր,
Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնյեի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ:
Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին եւ ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»:
Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ոչ, ամենեւին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու եւ նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին:
Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում եւ, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթեւան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր:
Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը, ի վերջո, գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին, բացի իրենից, չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից:
Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն, եւ նա գիտեր իր առաքելությունը, եւ այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներեւակայելի ճանապարհն էր: Եւ նա երգեց ու գրեց, եւ նա գրեց ու երգեց դատարկ եւ կիսադատարկ դահլիճներում, եւ նա երգեց անհոգնել ու աննահանջ եւ մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու եւ գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները:
Եւ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ եւ ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը:
Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետեւ Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով:
Նաեւ այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլեւ Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար:
Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, եւ նա թերեւս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք:
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, եւ այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ:
Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն,
Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը եւ բոլոր ֆրանսիացիներին՝ ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու եւ հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը, եւ Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել:
Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաեւ Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության դեսպան:
Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, եւ մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին:
Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ եւ ինձ ուղղված վերջին նամակում, մասնավորապես, գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը եւ ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։
Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, եւ նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին:
Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն, այնուամենայնիվ, հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։
Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր.
Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձեւակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:
Խոնարհվում եմ ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ:
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»։
Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Հարգելի վարչապետ,
Շառլ Ազնավուրի ընտանիքի հարգելի անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Շառլ Ազնավուրը ցանկանում էր ապրել մեկ դար, նա խոստացել էր իրեն, նա խոստացել էր մեզ, կարծես դա լիներ նրա կյանքի վերջին մարտահրավերը: Տարիքը երբեք նրան չզրկեց անհագ կյանքի ծարավից, ստեղծագործելու, սիրելու, երգելու ցանկությունից, բայց նրա նպատակից մի քանի քայլ առաջ նա հեռացավ:
Այս հանկարծակի դատարկությունը հասկացրեց մեզ ակնհայտ մի բան, որ մեկ ամբողջ դար նա էր մեզ ապրեցում, մեր կյանքի դժվարին, դառնության, հույսի պահերին Շառլ Ազնավուրը մեզ մեկնեց սփոփիչ հայելին` իր ստեղծագործություններով, որով նա երկար տարիներ մեր կյանքն ավելի մեղմացրեց, օգնեց դիմակայել կյանքի մարտահրավերներին: Նրա երգերն ամառային դատարկ երգեր չէին, որոնք մարդկանց մի պահ ուրախացնում էին և մոռացվում, նրա երգերը միլիոնավոր անձանց համար դարձան սփոփանք, մխիթարանք, նա երգում էր մեզ համար որպես կյանքի ուղեկցի, պատմում կյանքի դժվարությունների մասին: Առանձնակի ձևով էր խոսում ժամանակի մասին, նրա ստեղծագործությունները միայն տխրություն չէին պատմում, դրանք ներկայացնում էի նաև նրա` գաղթի և աքսորի փորձը: Ասում են, որ աքսորի տարիները կրկնակի են հաշվում, նրա մոտ ֆրանսիացիները շատ արագ նկատեցին դա:
Տարիների ընթացքում Շառլ Ազնավուրի ձայնի հնչերանգը մեզ միավորել է` անկախ մեր տարիքից և սոցիալական աստիճանից: Ազնավուրը միավորեց մեզ և դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը: Ազնավուրի երգերն առաջին հերթին բանաստեղծություններ են, որոնց բառերը գնում են դեպի մեր սիրտը, այդ բանաստեղծությունների վերնագրերը, և երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգություն:
Հենց այս ձևով է, որ հաստատվում է արվեստագետի հանճարը: Ֆրանսերեն լեզուն է դարձել Ազնավուրի համար այն ակունքը, կապը, որ հյուսել է Ֆրանսիայի հետ: Հայ և հույն գաղթականների որդին, որը կրթություն չստացավ, բնազդաբար հասկացավ, որ Ֆրանսիայում լեզուն պետություն է պետության ներսում: Դերասանի որդին դարձավ փարիզեցի, սկզբում սկսեց հանդես գալ կինոյում, դժվարություններով, երբեմն կարճ երկխոսություններով, սակայն նա երբեք չէր հավակնում դառնալ դերասան: Այնուհանդերձ, նա նկարահանվեց վաթսուն ֆիլմերում, որոնցում շատերը դարձան գլուխգործոցներ: Նա միշտ եղել է երիտասարդների կողքին, եղել բաց նոր երաժշտությունների, ձայների, գաղափարների հանդեպ: Նա երիտասարդ արվեստագետների համար գրեց մինչև վերջ, շարունակում էր օգնել, աջակցել նրանց՝ այդպիսով սերունդների միջև հաստատելով կամուրջներ: Այդպես էր նա պատկերացնում Ֆրանսիան, որովհետև գիտեր, թե որքան է Ֆրանսիան կապված ամբողջ աշխարհի հետ: Նա երգեց ութ լեզուներով, բայց հանրությանն ամենուրեք ֆրանսերեն լեզվով մատուցեց իր երգերը:
Բոլոր առաքելություններից նա նախընտրում էր հավատարմությունը. հավատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին և անծանոթներին, նա հավատարիմ էր նաև Հայաստանին: Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը, նաև այն առատաձեռն զավակը, որ օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից տուժածներին: Նրա այդ հանձնառությունն այսօր շարունակում է «Ազնավուր» հիմնադրամը` ի նպաստ հայերի, Հայաստանի, ֆրանս-հայկական բարեկամության: Չնայած այն ցավին, որ թողեց ցեղասպանությունը` Ազնավուրը շարունակեց իր գործողությունները և ձևավորեց իր պայքարը: Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել: Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը և եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր ի մտքում դուք եք:
Հաջորդ շաբաթ Շառլ Ազնավուրը մեզ հետ պետք է լիներ Երևանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, և նրա տեղը բացակա կմնա: Թո՛ղ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունն արժանի լինի նրա տված դասերին:
Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:
Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ օրը Հայաստանում սուգ է հայտարարված:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ